Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ ասել է, թե իր համար «կոմպլիմենտ» կլինի, եթե ՀՀԿ-ն եւ կոալիցիոն մյուս քաղաքական ուժերը հայտարարեն, որ ինքն իրենց ամենաանհաջող կադրն է: «Ես դա կընդունեմ որպես կոմպլիմենտ իմ ճշմարտախոսության համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի վերաբերյալ ասել էր, թե վերջինս իր «ամենաանհաջող կադրն» է:
Անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի կողմից տարբեր գերատեսչական մարմինների վերաբերյալ հրապարակած զեկույցներին եւ դրան հաջորդած գնահատականներին, Կ. Անդրեասյանն ասել է. «Ինչ էլ որ լինի, ես, միեւնույն է, բոլոր մարմիններից սպասում եմ ավելի կոնկրետ ու ընդգրկուն պատասխաններ, ինչպես նաեւ կոնկրետ քայլեր` լուծելու իմ կողմից բարձրացված խնդիրները: Ես անկլան գործիչ եմ, չունեմ որեւէ կլան, որն ինձ կպաշտպանի: Սա է իմ թուլության պատճառներից մեկը: Եթե ես այս կամ այն թիմի մասին անհաճո գնահատականներ եմ հնչեցնում, մյուս կողմից անմիջապես կասկած է առաջանում` պատվիրվա՞ծ է արդյոք իմ գնահատականը: Երբ ես փորձում էի միջնորդ լինել ՀԱԿ-ի ու կոալիցիայի միջեւ, ապա, երեւի հիշում եք, որ անուժ եղա` շոշափելի արդյունքի հասնելու հարցում: Միաժամանակ, ես ինձ թույլ մարդ չեմ համարում, այլապես նման պայմաններում` կրակահերթերի տակ, աշխատել չէի կարողանա ու հրաժարական կտայի: Ես վստահ եմ, որ կարողանալու եմ առաջիկա հինգ տարում եւս կատարել իմ լիազորությունները»,- ասել է նա: