Մեր տեղեկություններով, թեեւ ՀՀԿ-ն Երեւանի թիվ 12 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրել, բայց չի էլ թողնելու, որ հաղթի ԲՀԿ-ի թեկնածու Լյովա Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Ապարանից պատգամավոր ընտրված Լ.Խաչատրյանն այս անգամ նույն ընտրատարածքում չառաջադրվեց, որովհետեւ ՀՀԿ-ն նրա փոխարեն պաշտպանում էր Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Իսկ ՀՀԿ-ն չպաշտպանեց Լ.Խաչատրյանին, քանի որ նա քննադատել էր կառավարության գործունեությունը: Վերջինս անդամագրվեց ԲՀԿ-ին ու այդ ուժի կողմից առաջադրվեց Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների որոշ հատվածներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Իր վերջին քայլերի, ինչպես նաեւ` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում Լ.Խաչատրյանն արժանացել է ՀՀԿ վերնախավի դժգոհությանը եւ կորցրել նրանց աջակցությունը: Նա նաեւ անծանոթ է այդ տարածքի ընտրողների համար: Արդյունքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այդ ընտրատարածքում, որտեղ ՀԱԿ-ի կողմից առաջադրվել է Տիգրան Տեր-Պետրոսյանը, «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանը, ՕԵԿ-ից` Ռոբերտ Մասումյանը, ՀՅԴ-ից` Կառլեն Գեւորգյանը եւ լրագրող Գոհար Վեզիրյանը: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ իշխանություններն այդ ընտրատարածքը «հանձնեն» ընդդիմությանը: