Հավանաբար այդպես են մտածում նաեւ այդ տարածքն իրացնող «Վիզկոն» ՍՊԸ ներկայացուցիչները: Բնակիչները մտածում են, որ կառուցապատողները եւ հարկադիր կատարողներն իրենց ժամանակավոր հանգիստ են տվել, որպեսզի հանրաքվեի խաղաղ մթնոլորտն ավելորդ դժգոհություններով ու ակցիաներով չպղտորեն: Իսկ «Վիզկոնում» սպասում էին եւ՛ հանրաքվեին, եւ՛ դեպքերի նոր դասավորությանը: Բանն այն է, որ «Վիզկոնը» եւ փոխտնօրեն Պավլիկ Անդերսոնը բնակիչների սպառնալիքներից վախեցել եւ որոշել են իրենց անվտանգությունն ապահովել, նաեւ` Բուզանդում մնացած բնակիչների «գործերը» հավաքել եւ նոր գործունեություն ծավալել: Վերջին մեկ ամսում «Վիզկոնի» անվտանգության հարցերով սկսել է զբաղվել «Տնտեսական անվտանգության ծառայություն» անունով մի կազմակերպություն, որի տնօրենը ՆԳՆ եւ ԱԱՆ նախկին աշխատակից Ալեքսանդր Ամարյանն է: Պարոն Ամարյանն ուսումնասիրել եւ տարբեր տեղերից բազմաթիվ փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք հետագայում պիտի ապացուցեն, որ Բուզանդի բնակիչներն այնքան էլ Բուզանդի բնակիչներ չեն: Պարոն Ամարյանն` օգտագործելով Ոստիկանության եւ Ազգային անվտանգության նախկին ծառայողի իր փորձը՝ հետաքննել եւ պարզել է, որ այդ բնակիչները 1986-87թթ. քաղաքի տարբեր համայնքներում բնակարաններ են ստացել եւ Բուզանդում այլեւս հաշվառված չեն: «Վիզկոնին» դեռեւս չի հաջողվել իրացնել տասներկու ընտանիքներին պատկանող յոթ տները, եւ ընկերության տնտեսության անվտանգությամբ զբաղվող Ա. Ամարյանն այդ ընտանիքների համար առանձին-առանձին թղթապանակներ է բացել ու լիքը փաստաթղթեր հավաքել:
«Պարզեցինք, որ 1986թ. Երեւանի քաղսովետի որոշմամբ` Սվերդլովի (այժմ` Բուզանդ) 13,15, 17 բնակելի տների հատվածում պետք է կառուցվեր Վ. Ի. Լենինի թանգարանի մասնաճյուղը, որի համար այդ տարածքի իրացման պատճառով բնակիչներին պետք է նոր բնակարաններ հատկացվեին,- տեղեկացնում է պարոն Ամարյանը: -Բոլոր բնակիչները ստացել էին բնակարաններ, եւ նրանցից ոմանք որոշ ժամանակ անց վաճառել են իրենց այդ նոր բնակարանները եւ ետ են վերադարձել: Երկրաշարժից հետո այդ տարածքները մնացին նույնությամբ, եւ թանգարանը չկառուցվեց: Քանի որ այս գոտու իրացման խոսակցությունները դեռեւս 90-ական թվականներից էին գնում, նրանք վերադարձել եւ վերագրանցվել են հին տներում: Բնակիչներից շատերը փաստացի են գրանցված, այսինքն` այդ բնակտարածքի վրա ոչ մի իրավունք չունեն: Եվ հիմա նրանք, օրինական թե անօրինական ճանապարհներով, փորձում են կազմակերպություններից գումարներ պոկել»:
Ըստ պրն Ամարյանի` Լենինի թանգարանի ու նրանց ստացած տների մասին իրեն տեղեկացրել է Բուզանդի «դավաճան» բնակիչներից մեկը: Մեր այնտեղ գտնվելու ժամանակ անվտանգության աշխատակիցները (ի դեպ, նրանք բոլորն էլ ՆԳՆ նախկին ծառայողներ են) տեղեկատվություն էին հավաքում Բուզանդ 15/4 բնակարանի սեփականատեր Նունե Վարդունու ամուսնու՝ 1993թ. մահացած Լեւոն Վարդունու մասին: Մինչեւ երեկ նրանք չէին կարողացել պարզել՝ 1986-87թթ. Լեւոնը բնակարան ստացե՞լ է, թե՞ ոչ: «Իմ ամուսինը ոչ մի տեղ բնակարան չի ստացել»,- պատասխանեց Ն. Վարդունին: Դավթաշենում 3 սենյականոց բնակարան ստացել է Բուզանդի 17-ի բնակիչ Հովհաննիսյանների ընտանիքը: «Այո, ես երբեք չեմ թաքցրել,- ասաց տիկին Գոհարը: -Բայց ումի՞ց եմ ստացել, իրենք ի՞նչ գործ ունեն իմ ստացածների հետ: Էս տան վրա հաշվառված են իմ երեխաները, նրանք են սեփականատերը: Հիմա սրանք եկել են, ուզում են չնչին գներով հողը մեզանից խլել, բարձրահարկ շենք կառուցել, հարյուրապատիկ շահույթ ստանալ, իսկ մեզ գոնե մի տան գումար չեն տալիս»:
Պարոն Ամարյանի ասելով` «Վիզկոն» ՍՊԸ-ն այդ տեղում կառուցվող շենքից բոլոր բնակիչներին բնակարաններ է առաջարկել, նույնիսկ փորձագետի գնահատածի կրկնակին ու եռակին է առաջարկել, սակայն նրանք հրաժարվել են՝ պահանջելով ավելի շատ գումար:
«Իմ տունը գնահատել են 15.800, իսկ հողը` 7700 դոլար,- ասում է Ն. Վարդունին: -Միայն հողի արժեքն այստեղ 1 քմ-ի համար մոտ 2000 դոլար է: Իրենք սպառնալիքներով ուզում են մեզ այստեղից հանել: Ես ասում էի՝ ինձ մի տան գումար տվեք, ես դուրս կգամ: Մեզ ասում էին՝ էլիտար մարդկանց համար այստեղ էլիտար շենք պետք է կառուցենք, դուք հերիք է այստեղ ապրեք: Երբ զգացին, որ հեշտ հանձնվողներից չենք, գումարը մի քիչ շատացրին, բայց այս շենքում ոչ մեկիս բնակարան չեն առաջարկել: Բնակարան առաջարկել են «Գափշինի» շենքում: Բայց ես ի՞նչ գործ ունեմ «Գափշինի» հետ, երբ իմ տարածքը «Վիզկոնն» է վերցնում: Եվ հետո՝ առաջարկվող պայմանագրերի մեջ այնքան կասկածելի կետեր կան, որ մենք վստահ չենք, թե մեզ տուն կտան»:
«Գիտե՞ք, նրանք այնքան գռեհիկ ու լկտի են, որ ոչ մի փոխզիջման գնալ հնարավոր չէ,- ասում է տիկին Գոհարը: -Իմ տղային կանչել-տարել են գրասենյակ՝ քիչ է, մի հատ էլ վրան գոռացել են՝ «այ յոթհազարանոց, դո՞ւ ինչ ես ուզում»: Սա իմ էրեխեքի տունն է, ես այնքան գումար եմ պահանջում, որ կենտրոնում կարողանամ տուն առնել: Իմ էրեխեքը ինչի՞ պիտի «Վիզկոնի» համար գնան Բանգլադեշ ապրեն»:
Բուզանդի բնակիչներն ասում են, թե «Վիզկոնի» տերերին «վերեւից» կանչել եւ ասել են՝ բավարարեք նրանց պահանջները: «Իսկ Պ. Անդերսոնը` փոխանակ մեր փոխհատուցումը տա, թողենք-դուրս գանք, գումարներ է ծախսում, ծառայություն է վարձում, որ մեր վրա «կոմպրոմատ» հավաքեն, գործ սարքեն,- ասում են բուզանդցիները: -Էդ Ամարյանը նախկին կագեբեեշնիկ է, կոմպրոմատ ու թուղթ հավաքել լավ գիտի, բայց դեռ չգիտի, թե ում հետ գործ ունի: Նա Անդերսոնից մեծ գումարներ է վերցրել, հիմա էլ պիտի ապացուցի, որ գործ է անում»: Բուզանդցիները հրաժարվել են «Վիզկոնի» հետ բանակցել, նրանք ասում են` «եթե մեր տներն իրոք պետական կարիքների համար են վերցնում, թող մեզ հետ բանակցելու գա «Երեւանի կառուցապատման եւ իրացման» ԾԻԳ-ը»:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրման, երբ Բուզանդի բնակիչները տեղեկացրին, որ «Վիզկոն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Պավլիկ Անդերսոնն իրենցից «հրաժարական է տվել եւ գործերը հանձնել է Սիմոն Աղազարյանին»: Ս. Աղազարյանը «Վիզկոնում» բաժնետեր է: Ալեքսանդր Ամարյանը հերքեց այս լուրը՝ ասելով, որ դեկտեմբերի 1-ին ընկերությունում կքննեն իր հավաքած փաստաթղթերը, հետո նոր ինչ-որ որոշումներ կկայացնեն: Պարոն Ամարյանը, հավանաբար, Պ. Անդերսոնի անվտանգությունից ելնելով՝ մեզ ողջ ճշմարտությունը չասաց: Մինչդեռ Ս. Աղազարյանի իրավաբան Մհեր Շահնազարյանը հաստատեց այս լուրը: Նա նաեւ ավելացրեց, որ ընկերության կառավարման լիազորությունները նոյեմբերի 28-ից անցել են Ս. Աղազարյանին, եւ ինքը գնում է Բուզանդի բնակիչների հետ բանակցելու: