Ադիբեկյանը վիրավորված է

05/04/2012

Պարզվում է` «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վիրավորված է ամբողջ հայ ժողովրդի անունից, քանի որ օտարերկրյա ընկերությունները ՀՀ-ում մակերեսային հարցումներ են անցկացնում ու դրանք ներկայացնում` որպես իրողություն: «Ես վիրավորված եմ իմ հայ ժողովրդի համար»,- ասել է Ադիբեկյանը: Նա հատկապես վիրավորված է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից, ով հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրողների միայն 12%-ն է հավատում արդար ընտրություններին` տարակուսելով, թե նման մթնոլորտի պայմաններում ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է գնալ ընտրությունների: «Այնպիսի ազգ ենք, որ չհավատալով արդար ընտրությունների` գնում ենք ընտրության»,- դեսպանին հակադարձել է հայ սոցիոլոգը` հավելելով, թե ԱՄՆ ազգային դեմոգրաֆիական ինստիտուտի այդ գնահատականը արված է կոպիտ ու կոշտ հետազոտության հիման վրա: Նրա խոսքով` իրականությունը չեն արտացոլում նաեւ «Գելափ» եւ աշխարհում հայտնի մյուս սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հարցումները: Ավելին` Ադիբեկյանը երեկ հայտարարել է, որ ԽՍՀՄ տարածքում միակ ճիշտ հարցումներ իրականացնող կազմակերպությունն իր կենտրոնն է: Անդրադառնալով իր կենտրոնի անցկացրած հետազոտություններին, նա ասել է, թե ընտրողների միայն 70%-ն է մտադիր գնալ ընտրությունների, եւ նրանք բաժանվում են 3 խմբի` լուրջ խախտումներով ընտրություններ ակնկալողներ` 40%, թեթեւ խախտումներով ընտրություններ ակնկալողներ` 36.6%, արդար եւ համեմատաբար արդար ընտրություններ ակնկալողներ` 17%: Սոցիոլոգի գնահատականով` հարցվածների կեսից ավելին ընտրությունների անցկացման որակը բավարար է գնահատում: