Մեր թերթի նախորդ համարում տպագրել էինք «Սպանություն՝ սպիտակ խալաթներով» հոդվածը, որը 2005թ. ապրիլի 14-ին 28-ամյա Սյուզաննա Բադալյանի՝ երկրորդ զավակի ծննդաբերության ժամանակ մահացության մասին էր:
Դեպքը կատարվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժնի վիրահատարանում: Մահվան պատճառը կեսարյան հատմամբ ծննդաբերության վիրահատությունից անմիջապես հետո նախաձեռնած երիկամի վիրահատությունն էր, որն ինքնագլուխ կերպով կատարել է Էրեբունի բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժամունքի վարիչ Երվանդ Հարությունյանը: Նախ` մեջբերենք Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց համաձայն` վիրահատող բժիշկները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Քրեական օրենսգրքի 127 հոդվածը սահմանում է (3-րդ կետ). «Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»: Նշենք, որ մեր զրուցակիցը՝ հանգուցյալ Սյուզաննա Բադալյանի ամուսին Արման Քրմոյանը, հավաստիացնում է, որ երիկամի վիրահատության համար ոչ Սյուզաննա Բադալյանից, ոչ հարազատներից բժիշկը համաձայնություն չի ունեցել: Իսկ Քրեական օրենսգրքի հոդված 130-ը սահմանում է. «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը (2-րդ կետ)` որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Սեղմիչները սխալ են տեղադրել
Ինչպես նշել էինք, ապրիլի 15-ին Սյուզաննայի ամուսին Արման Քրմոյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազություն՝ հայտնելով, որ նախորդ օրն Էրեբունի բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքում կեսարյան հատմամբ վիրահատվել եւ ծննդաբերել է իր կինը, սակայն մինչեւ վիրահատության ավարտը վերջինս մահացել է: Գործը տեղափոխվել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազություն: Սյուզաննայի ամուսին Ա. Քրմոյանը պարբերաբար գնացել է Դատախազություն, որպեսզի կնոջ մահվան իրական պատճառն իմանա: Նրան պատասխանել են, թե դիահերձումից հետո իրենց մեկ ամիս է հարկավոր, որպեսզի եզրակացությունը տան: Ամիսներ անց դատաբժշկական եզրակացությունը քննիչներին տալիս են, իսկ Արմանին ասում են՝ «Ինչո՞ւ ես ամեն օր գալիս, երբ որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ լինի՝ մենք քեզ տեղյակ կպահենք»: Այն, ինչը ստորեւ կներկայացնենք, Ա. Քրմոյանին մոտ 15 օր առաջ տրամադրել է Դատախազության քննիչ Ա. Վարդանյանը, այն էլ՝ գործը կարճելու պատրվակով: Մինչ այդ գործի մասին որեւէ տեղեկություն Ա. Քրմոյանին չեն հայտնել:
Այսպիսով, քննիչ Ա. Վարդանյանը, քննության ընթացքում պարզած փաստերը ներկայացնելով, քրեական գործի վարույթը կարճելու որոշման մեջ նշում է, որ Սյուզաննա Բադալյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ ասվում է, որ «նրա մահը վրա է հասել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից, թրոմբերով եւ ուռուցքային հյուսվածքներով թոքային անոթների էմբոլիայից, որոնք առաջացել են Սյուզաննայի կեսարյան հատման հետեւանքով»: Նույն եզրակացության համաձայն՝ Ս. Բադալյանը կենդանության օրոք տառապել է աջ երիկամի քայքայման փուլում գտնվող երիկամաբջջային արցինոմայով, ստորին սիներակի ծփացող թրոմբով, որոնք էլ վերջինիս մահվան հետ գտնվում են պատճառական կապի մեջ:
Քննիչը` մեջբերելով քննությամբ պարզած փաստերը, նախ նշում է, որ Սյուզաննայի մահվան հարցում բժիշկների կողմից թույլ տված սխալները պարզելու համար Դատախազությունում նշանակված Դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննության կողմից պարզվել է, որ «Ս. Բադալյանի վիրահատությունից առաջ վիրահատող բժիշկներ՝ գինեկոլոգ Սոնա Խաչատրյանը եւ ուռոլոգ Երվանդ Հարությունյանը պարտավոր էին կատարել մի շարք ստուգումներ եւ հետազոտություններ, ինչը թույլ կտար վիրահատության ժամանակ սիներակի վրա սեղմիչները ճիշտ տեղադրել, սակայն այդ հետազոտությունները չեն արվել: Ըստ հանձնաժողովի եզրակացության՝ սեղմիչների սխալ տեղադրումն է, ամենայն հավանականությամբ, հանգեցրել Սյուզաննայի մոտ թրոմբի մասնահատմանը եւ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի առաջացմանը»:
«Զոռբայության» հետեւանքը
Օգոստոսի 16-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 130 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու, դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով Սյուզաննա Բադալյանին աջ երիկամի հեռացման ընթացքում անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի կապակցությամբ: Սակայն հետաքրքիր է, որ անտեսվել է Քրօր-ի 127 հոդվածը, մասնավորապես այն կարեւոր հանգամանքը, որ բժիշկների մոտ բացակայել է երիկամի վիրահատության համար Սյուզաննայի համաձայնությունը հաստատող ստորագրությամբ փաստաթուղթը: Հարկ է նշել, որ Սյուզաննան եւ նրա հարազատները երկրորդ վիրահատության համար նույնիսկ բանավոր համաձայնության չեն եկել բժիշկների հետ եւ անընդհատ կրկնել են՝ ոչ մի դեպքում երիկամին չդիպչել: Բժիշկների հավաստմամբ՝ ծննդաբերության կեսարյան հատումն ինքնին բարդ վիրահատություն է, եւ բժիշկները բացառում են այդ վիրահատության հետ միաժամանակ եւս մեկ վիրահատություն անելը: Ինչպես հայտնի է, երիկամի վիրահատությունը թանկ վիրահատություն է համարվում:
Անհեթեթ փաստարկներ
Ինչեւէ, պարզվում է, ի տարբերություն Սյուզաննայի ամուսին Արմանի, ուռոլոգ Ե. Հարությունյանն ավելի շուտ է իմանում դեպքի առիթով Դատախազությունում գործ հարուցվելու մասին: Այդ օրերին Ե. Հարությունյանը զանգահարում է Արմանին` հավանաբար բարեխոսելու նպատակով, եւ ցանկություն է հայտնում հանդիպել, սակայն Դատախազություն հասած գործից անտեղյակ` Արմանը մերժում է: Փաստորեն, այդ ժամանակահատվածում Ե. Հարությունյանն արդեն իսկ քրեական գործի մանրամասներին տեղյակ է լինում, ինչն, ի դեպ, օրենքով արգելվում է: Ե. Հարությունյանին քննիչը տրամադրում է դատաբժշկական եզրակացության մանրամասները: Ա. Քրմոյանն, իրավացիորեն, նկատում է. «Բժիշկ Ե. Հարությունյանը՝ գործով վկա հանդիսանալով, նրա նկատմամբ երբեւէ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել, նա չի ձերբակալվել, սակայն Դատախազությունում, խախտելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 247 հոդվածի պահանջները (այն, որ միայն մեղադրյալը, կասկածյալը եւ տուժողը կարող են ծանոթանալ փորձաքննության որոշման եւ եզրակացությունների հետ), լինելով շահագրգիռ անձ, ծանոթացել է փորձաքննության եզրակացություններին եւ միջնորդություն է ներկայացրել նշանակելու լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ ներգրավելով իր իսկ կողմից նշված բժիշկ-մասնագետներին: Զարմանալիորեն նույն Դատախազության կողմից բավարարվել է նրա պահանջը: Մինչդեռ ինձ, որպես տուժողի իրավահաջորդ, ոչ առաջին, ոչ երկրորդ փորձաքննությունների հետ չեն ծանոթացրել, նույնիսկ տեղյակ էլ չեն պահել»: Նշենք, որ դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ «ըստ ամենայնի, սեղմիչների սխալ տեղադրումն է աղջկա մոտ մահ առաջացրել»: Ծանոթանալով գործի քննությանը, հավանաբար, իր օգտին շտկումներ անելու նպատակով` ուռոլոգ Ե. Հարությունյանը՝ ներկայացնելով մի շարք առարկություններ, միջնորդել է (առանց դրա իրավունքի) Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկել տարբեր բնագավառների մի շարք անվանի բժիշկների: Ապա իր իսկ կազմած բժիշկ-մասնագետների ցանկը ներկայացրել է Դատախազություն: Միջնորդությունն ընդունվել է եւ լրացուցիչ փորձաքննության ընթացքում հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ե. Հարությունյանի առաջարկած բժիշկները: Վերջիններիս առարկությունների հիման վրա դեպքի մասին առաջին եզրակացությունը փոխվել է հօգուտ Ե. Հարությունյանի: Արման Քրմոյանը վստահ է՝ «Երվանդի ներկայացրած բժիշկները, վստահաբար կարող եմ ասել, որ ազդել են նախորդ հանձնաժողովի բժիշկների վրա, որովհետեւ իր համախոհներն են եղել: Եզրակացությունը կազմակերպված է եւ իրենց գործընկերոջը պատասխանատվությունից ազատելու միտում ունի, որովհետեւ վաղը-մյուս օրը Սյուզիի պես մեկի հետ էլ մյուս բժիշկները այդպես կվարվեն, եւ կարիք կլինի նորից նույն շղթայի օգնությամբ գործը փակել»: Փորձագիտական երկրորդ հանձնաժողովի անդամների առարկությունները կտրուկ փոխում են գործի ընթացքը: Այդ բժիշկները գրում են. «Հիվանդ Ս. Բադալյանի նկատմամբ բոլոր բժշկական գործողությունները եղել են ցուցված, կատարվել են ճիշտ, ժամանակին եւ պատշաճ: Ս. Բադալյանին առավել հավանական վերջաբանի հասցրել են շուրջ 10 տարի ուռուցքային հիվանդությամբ տառապելը եւ հակացուցված լինելու պարագայում հղիանալը»: Ինչ վերաբերում է նախորդ հանձնաժողովի առաջ քաշած այն փաստարկին, որ անհրաժեշտ հետազոտություններ եւ ստուգումներ չեն կատարվել, ինչի արդյունքում սեղմիչները սիներակի վրա ճիշտ չեն տեղադրվել եւ հանգեցրել են մահվան, ապա Ե. Հարությունյանի գործընկերները` փաստերը խեղաթյուրելով, պնդել են, թե այդ հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ Էրեբունի բժշկական կենտրոնում չկան, եւ Ե. Հարությունյանը պրակտիկորեն դա չէր կարող կազմակերպել, քանի որ նման պրակտիկա միայն գործում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում: Իսկ հիմա հիշեցնենք, որ ուռոլոգ Ե. Հարությունյանը Ա. Քրմոյանին բառացիորեն համոզել էր Սյուզաննային իրենց հիվանդանոցում պառկեցնել, ասելով՝ «Ի՞նչ կարիք կա գնալ Մարգարյան, մենք ամեն տեսակի սարքավորումներով, դեղորայքով ապահովված ենք»:
Նենգափոխված փաստեր
Ամենասարսափելին, սակայն, այն է, որ բժիշկների, Դատախազության քննիչների եւ դատաբժշկական փորձագետների «մաֆիան»` ձեռքի տակ ունենալով Սյուզաննայի ամբողջական բժշկական պատմությունը՝ այն ֆունդամենտալ փոփոխության են ենթարկել՝ աղջկա մահվան մեջ մեղադրելով թե՛ աղջկան, թե՛ նրա հարազատներին: Ամեն ինչ փորձում են բարդել Սյուզաննայի բժշկական փաստաթղթերում նշված՝ տարիներ առաջ հայտնաբերած աջ երիկամին կից գոյացության վրա, եւ աղջկա հարազատներին մեղադրել անտարբերության մեջ: Ըստ այդմ, Կրկնակի դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության ժամանակ, որում ընդգրկված են Ե. Հարությունյանի «մարդիկ», այս հանգամանքը խայծ է հանդիսանում, եւ բժիշկների կատարած հանցանքը կոծկում են: Տուժող Սյուզաննա Բադալյանի իրավահաջորդ Արման Քրմոյանն, այս անհեթեթ եզրակացությունների փոխարեն` իրականությունն ապացուցելու նպատակով, միջնորդել է նշանակել Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ խնդրելով հանձնաժողովի կողմից բացառել Ե. Հարությունյանի կողմից որպես փորձագետ առաջարկված բժիշկ-մասնագետների մասնակցությունը, քանի որ վերջիններս փաստերը փոփոխության են ենթարկել եւ շահագրգիռ կողմ են հանդիսանում: Մինչդեռ ավագ քննիչ Ա. Վարդանյանը՝ Ա. Քրմոյանի միջնորդությունն անհիմն համարելով, մերժել է միջնորդությունը:
Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության ավագ քննիչ Ա. Վարդանյանի վարույթում գտնվող այս գործի փաստերն այնպես են նենգափոխվել, որ գործի քննության տրամաբանական ավարտը թելադրում է գործը կարճել: Այդպես էլ արվել է:
Արման Քրմոյանը գրավոր նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Գտնում եմ, որ քր. գործը կարճվել է անհիմն, նույն քր. գործում առկա է հանձնաժողովային փորձաքննության եզրակացություն, որով ապացուցվում է բժիշկների կողմից կատարած սխալները, խնդրում եմ վերացնել կարճման որոշումը, ցուցում տալ` բավարարել միջնորդությունս՝ նշանակել Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, մեղավոր բժիշկներին դատի տալու ակնկալիքով»,- գլխավոր դատախազին գրում է Արմանը:
Հ.Գ. Մեր թերթի նախորդ հրապարակմանն անմիջապես արձագանքեց հենց ինքը՝ ուռոլոգ Երվանդ Հարությունյանը: «Դուք խաղում եք մարդու հեղինակության հետ»,- ասաց նա: «Իսկ դուք խաղացել եք մարդու կյանքի հետ, կշեռքի վրա դրեք՝ ո՞րն է ավելի ծանր՝ հեղինակությո՞ւնը, թե՞ մարդկային կյանքը, երկու փոքրիկ երեխաներին անմայր թողնելը»,- եղավ մեր պատասխանը: Ե. Հարությունյանը սպառնաց ինքն էլ «սկսել»: Թե ի՞նչը, առայժմ հայտնի չէ: Նա Ս. Բադալյանի մահվան պատճառը բացատրում էր երիկամներով: Հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող էր հիվանդ օրգանիզմում զարգանալ առողջ պտուղ (այն էլ` երկրորդ անգամ), առանց որեւէ բարդությունների, այն դեպքում, երբ հղիության ժամանակ երիկամների դերն ամենակարեւորներից մեկն է:
Ի դեպ, Ե. Հարությունյանն արդեն 2 ամիս է, ինչ Էրեբունի բժշկական կենտրոնում չի աշխատում: Մեր աղբյուրների հավաստմամբ` հեռացրել են՝ «իր դիմումի համաձայն»: Այնուամենայնիվ, ճշտելու համար դիմեցինք Էրեբունի բժշկական կենտրոնին, որի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ուռոլոգիական բաժանմունքի վարիչ Երվանդ Հարությունյանն արդեն մոտ 2 ամիս է իրենց կենտրոնում չի աշխատում եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Պրն Ռոստոմյանը նաեւ նշեց, որ Ե. Հարությունյանը ներկայումս աշխատում է «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնում: Ի դեպ, Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը Սյուզաննա Բադալյանի մահվան հետ կապված որեւէ տեղեկություն չտվեց, բացի նրանից, որ գործը գտնվում է Դատախազությունում, եւ իրենց հիվանդանոցից որոշ բժիշկներ քննության են ենթարկվել: Ս. Բադալյանի ամուսին Ա. Քրմոյանն, ի դեպ, նշում է, որ Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակազմը դեպքից հետո նորածին զավակին մոտ 40 օր մեծ հոգատարությամբ խնամել է: