«Վարդան Օսկանյանի մոտ հայտարարություններ անելն ու այնուհետ անհաջող բացատրություններ տալը դարձել է անհաջող սովորություն»,- երեկ այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել, եւ «երբեք իր գործընկերոջ` ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»: Իսկ երեկ Վ.Օսկանյանն ասել էր. «Իմ ասածները եկեք ճիշտ մեկնաբանեք… Ես ասել եմ` այն, ինչ Հայաստանում կա այսօր, քաղաքագիտական առումով ֆորմալ է: Բայց նույն հարցազրույցում, երբ ինձ հարցնում են` բա ինչո՞ւ դուրս չի եկել «Բարգավաճ Հայաստանը», ես չեմ պատասխանել` ասելով, որ այն, ինչին ես չեմ մասնակցել, չեմ կարող գնահատական տալ»: «Այս հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում Վարդան Օսկանյանը ոչինչ չի սովորել եւ ոչինչ չի մոռացել: Նաեւ արտգործնախարար եղած ժամանակ Վարդան Օսկանյանը հայտնի էր նրանով, որ անում էր մի հայտարարություն, այնուհետեւ փորձում էր դա պարզաբանել` ավելի վատ վիճակի մեջ դնելով իրեն: Դրա վառ ապացույցը այն է, որ դեռեւս 2007թ. խորհրդարանում հայտարարեց, թե հայ-թուրքական սահմանը պետք է կլինի Կարսի պայմանագրով, ապա սկսեց հակասական բացատրություններ տալ: Երբ ազատագրված տարածքներն անվանեց «օկուպացված»` հետո կրկին անհաջող բացատրություն տվեց: Երբ բացեիբաց հայտարարում էր, թե Ղարաբաղի հարցում բանակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարի հետ, եւ նույնիսկ արտահայտվում էր Թուրքիայի ներգրավման օգտին, ապա կրկին անհաջող բացատրություն էր տալիս: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդու մոտ դա դարձել է անհաջող սովորություն»,- կայքի հետ զրույցում` ի պատասխան Վ. Օսկանյանի երեկվա հայտարարության, ասել է Էդուարդ Շարմազանովը: