Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը, գործելու է արագ արձագանքման խումբ` 20 մեքենաներով եւ 100 իրավաբաններով: Այս մասին երեկ հայտարարել է պաշտպան Կարեն Անդրեասյանը: Խումբը, ըստ նրա` գնալու է բոլոր այն ընտրատեղամասերը, որտեղից ահազանգեր կլինեն` նպաստելով ընտրախախտումների բացահայտմանն ու վերահսկողությանը: «Մենք Ոստիկանություն չենք եւ չենք կարող ահազանգերի հետքերով հետաքննություն սկսել, մենք ընդամենը դիտորդի դերում ենք լինելու»,- հավելել է Անդրեասյանը: Ըստ նրա` բարեփոխումներին խոչընդոտող ամենամեծ ուժը համատարած հասարակական ցինիզմն է: «Հաճախ, երբ ես խոսում եմ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու մնացած բոլոր արժեքների մասին, մարդիկ ինձ նայում են դեմքի ցինիկ արտահայտությամբ` կարծես խոսելիս լինեմ կեղծ կատեգորիաների մասին: Բայց ես ու մեր գրասենյակն ուզում ենք դրդել, որ պետական մարմիններն աշխատեն այս խնդիրների լուծման ուղղությամբ: Դրա համար էլ առաջարկում ենք ռազմավարական դրույթներ»,- դժգոհել է պաշտպան Անդրեասյանը: Նրա խոսքով` ՀՌԱՀ-ը չի միջամտում եթերում բազմակարծության եւ ազատ խոսքի ապահովմանը: Միաժամանակ նա ընդգծել է, որ խոսքի ազատության առումով «ամենավատ վիճակը» հեռուստատեսությունում եւ ռադիոյում է:
Անդրադառնալով ընտրացուցակների հնարավոր ուռճացվածության մասին հարցին, Կ. Անդրեասյանը նշել է, թե ՄԻՊ գրասենյակն ի գիտություն է ընդունել այդ հարցը` գտնելով, որ այդ դժգոհությունը զուրկ չէ տրամաբանությունից: «Միաժամանակ, հուսով եմ, որ Ոստիկանությունը սպառիչ պատասխան եւ լուծում կտա այս հարցին»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ օրեր առաջ իրեն է դիմել մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)` բողոքելով, թե իր հետ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի` վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքը կեղծ է: «Բողոքի հիման վրա մենք հարցում արեցինք համապատասխան բոլոր մարմիններին եւ տեղեկացանք, որ Սարոյանը, ճիշտ է, որոշ ժամանակահատվածով բացակայել է երկրից, սակայն բացակայությունները ոչ մի անգամ չեն գերազանցել 81 օրը: Փաստորեն, Հակոբ Հակոբյանին տեղեկացրինք, որ Սեյրան Սարոյանը ոչ մի ապօրինի գործողության չի դիմել»,- երեկ հայտարարել է Կ. Անդրեասյանը: