Խառը պատմություն

05/04/2012

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը երեկ հայտարարել է, թե ամիսներ առաջ վարձակալության հիմունքներով Ճարտարապետների միությունը տարածք էր տրամադրել Ավետարանական եկեղեցուն` շաբաթական մեկ անգամ երկու ժամով իրենց հավաքները կազմակերպելու համար: Սակայն պարզվել է, որ տարածքը վարձակալողները աղանդավորներ են: Ըստ Մ. Մինասյանի` իրենք ապօրինի գործարք չեն կնքել, քանի որ այդ կազմակերպությունը գրանցված է եղել պետության կողմից: Պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր վարձակալության համար տրվել է 60.000 դրամ, որը ծախսվել է շենքի ծախսերը հոգալու համար:

«Ինձ դիմեց ավետարանականների առաջնորդ Ռընե Լեւոնյանը, ես չգիտեի, որ տարածքը տալիս եմ աղանդավորների: Ինչպես գիտեք, Ավետարանական եկեղեցուն չի մերժում մեր եկեղեցին, դրա համար էլ տվեցի»,- ասել է նա` հավելելով, որ եթե տարածքը ցանկանային վարձակալել մորմոնները կամ այլ աղանդավորական կառույց, ինքը երբեք չէր համաձայնի, քանի որ գիտի, որ նրանք աղանդավորներ են: Ասուլիսի մասնակից Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, սակայն, համոզված է, որ տարածքը չպետք է տրամադրվեր նաեւ Ավետարանչական եկեղեցուն, քանի որ դա դեմ է քրիստոնեական վարվելակերպին: Սակայն «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 160 եւ 162-րդ հոդվածների, այն մարդիկ, ովքեր խոչընդոտում են խղճի եւ ազատության իրավունքներին, ռասայական եւ կրոնական խտրականություն են քարոզում, ինչը քրեորեն պատժելի է. «Հիմա մեր երկրում ոչ մի օրենք չի գործում, այ, եթե գործեր, Տեր հայր, ձեզ կմեղադրեին, մինչեւ անգամ կձերբակալեին»,- ասել է Ս. Դանիելյանը` հավելելով, թե «մեր երկիրը հիմնականում հոգեւորականներն են հարստահարում, եւ եթե կրոնական կազմակերպությունների հանդեպ բռնություն է կիրառվում, նրանք պիտի բողոքեն, ընդհուպ` մինչեւ հավաքվեն Ազատության հրապարակում»:

Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը` հակադարձելով Ս. Դանիելյանին, ասել է, թե նման մի քանի հայտարարությունները բավական են Առաքելական եկեղեցու հիմքերը թուլացնելու համար. «Քիչ չէ` ունենք 70 կուսակցություն, որոնք պառակտում են երկիրը, հիմա էլ գրանցված են 65 աղանդավորական կազմակերպություններ: Իհարկե, հոգեւորականների մեղքն էլ կա, քանի որ մենք պատրաստ չէինք դիմակայել աղանդավորներին»: