Խորհրդարանական ընտրություններն արդեն թողնում են իրենց ազդեցությունը տնտեսության վրա: Ըստ պաշտոնական վիճակագրության` փետրվար ամսին ամենացածր գնաճն է արձանագրվել: Մարտին վստահաբար ավելի սրսուռ պատկեր է արձանագրվելու: Պաշտոնական վիճակագրությունը բազում ապրանքների գծով գնանկում է արձանագրելու: Եվ սա իր բացատրությունն ունի: Չնայած Հանրապետական կուսակցության խոստումներին` մեր խոշոր գործարարների մեծ մասն, այնուամենայնիվ, առաջադրվեց: Առաջադրված օլիգարխները` որպես խոշոր ներկրող ու արտադրող, հասկանում են, որ գնաճը զսպելն իրենց անձնական շահերից է բխում: Այլապես` ընտրությունների շեմին կաճի դժգոհությունը: Իսկ դա կհանգեցներ ընտրակաշառքի անկառավարելի գնաճի: Արդեն կան փորձագիտական հաշվարկներ, թե որքան փող է ծախսվելու խորհրդարանական ընտրությունների վրա: Առաջիկա ընտրությունները անհատ պատգամավորների ու կուսակցությունների վրա մոտ 80-100 մլն դոլար է «նստելու»: Բավական մեծ գումար է՝ քարոզարշավի, բուկլետ-ծրագրերի, շտաբների աշխատավարձերի ու ընտրակաշառքների համար: Փորձագետներն այս անգամ ենթադրում են, որ աննախադեպ աճելու է նաեւ ընտրակաշառքի վերին շեմը: «Հին ու բարի հինգհազարանոցի» փոխարեն` այս անգամ կատաղի թվերի մասին է խոսվում՝ քսան ու քսանհինգ հազար դրամի: Նրանց կարծիքով` նախորդ տարիների անխիղճ գնաճն ու արժեզրկումը վերջապես վերաֆինանսավորեց ընտրակաշառքի տոկոսադրույքը: Պարզ է, որ օլիգարխներն ու կուսակցություններն այդ ծախսերի ապահովման համար տարադրամ են մտցնելու շուկա: Հետեւաբար` սպասվում է, որ մարտի երկրորդ կեսից սկսած` դրամի արժեւորման գործընթացը շարունակվելու է: Գոնե առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Հետեւաբար` Կենտրոնական բանկի համար արձակուրդի պես մի ժամանակաշրջան է սկսվում: Մի կողմից` տարադրամի հավելյալ չափաբաժին է հայտնվելու, մյուս կողմից՝ օլիգարխներն իրենց վրա են վերցնելու ԿԲ միակ պարտավորությունը՝ գնաճը զսպելը: Եթե այս ենթադրությունը չափազանցություն եք համարում, հետեւեք գներին ինքներդ: Ներմուծվող շատ ապրանքատեսակների գծով նույնիսկ գնանկում է արձանագրված: Ի տարբերություն, ասենք, բենզինի, որն անցած շաբաթ նորից թանկացավ: Նախկինում վառելիքի թանկացումը սովորաբար ուղեկցվում էր գնաճով: Իսկ այս անգամ հակառակը ստացվեց: Իհարկե, կարելի է սա բացատրել այն փաստով, որ Հայաստանում ավտոմեքենաները հիմնականում գազով են աշխատում: Հետեւաբար` բեռնափոխադրության վրա բենզինի թանկացումն այլեւս էական ազդեցություն չունի: Իսկ բենզինի թանկացումը կարելի է բացատրել նրանով, որ այս ապրանքատեսակի ներկրողները նախընտրական կրքերի հետ կապ չունեն: Նրանցից ոչ ոք պատգամավորության թեկնածու չի առաջադրվել: Հետեւաբար` վառելիք ներկրողներն «արխային» կարողանում են գին բարձրացնել: Հարազատ կառավարությունը հավանաբար հաշվարկել էր այս քայլը: Որովհետեւ գյուղատնտեսական գարնանային աշխատանքների համար դիզվառելիքի փոխհատուցում է տալու գյուղացիներին: Սա էլ յուրօրինակ ընտրակաշառք է: Ինչպես հողի հարկի գծով պարտքերի ներումը: Միջազգային տնտեսական կառույցներն, իհարկե, քննադատեցին մեր իշխանություններին: Բայց հինգ տարին մեկ մեր կառավարությունն ամեն ինչի պատրաստ է` սոցիալական լարումն առժամանակ մեղմելու համար: Հատկապես, որ ընտրություններից հետո մոտ չորս տարի ժամանակ է ստանում: Մանր ու միջին գործարարությունն անխնա հարկելու ժամանակ: Ճիշտ ու ճիշտ մեր օլիգարխների նման: Օլիգարխներն էլ ընտրություններից առաջ երեք-չորս ամիս սպառողական ապրանքների գները կայուն են պահում: Նույնիսկ որոշ ապրանքատեսակներ էժանացնում են: Էժանացնում են` մինչեւ ընտրությունների հաջորդող շաբաթ: Իսկ հետո կրկին սկսվում է գնաճը: Առաջին հերթին, բնականաբար, աճում են առաջին անհրաժեշտության պարենամթերքի ու ապրանքների գները: Հետեւաբար` տնտեսագետները խորհուրդ են տալիս չոգեւորվել պաշտոնական վիճակագրության արձանագրած գնանկման փաստից: Դա տարվա կտրվածքով էական ազդեցություն չի ունենա: Տարեվերջին մեր վիճակագիրներին կրկին ծանր աշխատանք է սպասվում: Իսկ հիմա նրանք գրում են, որ վերջին երկու ամսում աճել է ապրանքաշրջանառությունը: Այսինքն` բնակչությունը սկսել է ավելի շատ ապրանք գնել: Մյուս կողմից, սակայն, պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին: Որովհետեւ, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրանքաշրջանառության աճն էականորեն գերազանցում է բնակչության եկամուտների աճի ցուցանիշին: Փորձագետների մի մասը սա բացատրում է նրանով, որ ընտրակաշառքի բաժանումն արդեն սկսվել է: Ու դա արդեն նկատելի է դառնում երկրի տնտեսությունը բնութագրող ցուցանիշների վրա: Ընտրակաշառքը կանխիկ փողով է բաժանվում: Այն հիմնականում տրվում է բնակչության աղքատ հատվածին: Հետեւաբար` այդ գումարը անմիջապես մտնում է առեւտուր: Մի կողմից` խթանելով ապրանքաշրջանառությունը, մյուս կողմից` լրացուցիչ գլխացավանք դառնալով ԿԲ-ի համար: Այնպես որ, ենթադրված արձակուրդը վայելելու փոխարեն` ԿԲ-ն հիմա ստիպված է ճկուն մեխանիզմներ մշակել կանխիկ փողի զանգվածը կառավարելի պահելու համար: Այնպես որ, ընտրությունները ծանր աշխատանք են նույնիսկ նրանց համար, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում: