Հանրակացարանի բնակիչների համար տնակում ապրելը երազանք է դարձել

05/04/2012

Նախկին «Լենտեքստիլ» գործվածքային ֆաբրիկային պատկանող հանրակացարանում բնակվող 20 ընտանիքներն օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ կարծում են, թե երկրաշարժ է լինում:

«Երկրաշարժ» առաջացնում են փոքրիկները, որոնք բնակվում են Գյումրիի Գարեգին Նժդեհ 7 հասցեում գտնվող, 3-րդ աստիճանի վթարային համարվող հանրակացարանի շենքում ու երբեմն վազվզելու, բռնոցի խաղալու ցանկություն են ունենում:

Այստեղ հատակը ճոճվում է, երբ փոքրիկները խաղում են:

Թվում է` այստեղ ապրելն անհնար պետք է լինի. մարդիկ արտաթորանքը, լվացքից, լոգանքից առաջացած ջրերը թափում են շենքի փլված մասում գոյացած փոսում, որտեղ եղել է հենց շենքի կոմունալ հատվածը` կոյուղու գիծը, զուգարաններն ու բաղնիքը:

«Բա սա կյա՞նք է, էնքան որ` գոյատեւում ենք. Աստված հոգիներս չի վերցնում, որ ազատվենք: Գարշոկի մեջ ենք անում, հետո տանում-թափում, ասելն ամոթ է»,- նեղսրտում է 59-ամյա Թամարա Կավալսկայան:

Նա Խորհրդային Հայաստան է տեղափոխվել Ռոստովից` կարի ֆաբրիկայում աշխատելու համար, երբ դեռ 18 տարեկան էր: 31 տարի աշխատել է եւ այն ժամանակ ստացել 400 ռուբլի աշխատավարձ. «Գիտե՞ք ի՜նչ փող էր, աղայի պես էի ապրում»:

«Լենտեքստիլը» Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հսկաներից էր, որտեղ արտադրում էին բամբակե գործվածքեղեն: Այստեղ աշխատելու էին գալիս Խորհրդային Միության տարբեր անկյուններից:

11-ամյա Սեդա Խաչատրյանը, երկու ջրով լի դույլերը ձեռքին, աստիճաններով արագ-արագ վազում է երրորդ հարկ: Նա սովորում է թիվ 1 գիշերօթիկ դպրոցում եւ միայն շաբաթ-կիրակի օրերին է գալիս ծնողների տուն: Ջուր կրելը նրա պարտականությունն է. շենքում ջուր, զուգարան չկա, բայց Սեդան սիրում է տանը լինել, եւ երբ գալիս է երկուշաբթին, տխրում է:

Սեդան հաճախ է երազում տեսնում, որ իրենց շենքը փլվում է: Այդ պահերին Սեդան, քրտինքի մեջ կորած, վեր է թռնում քնից:

Աղջիկը երազում է նոր տան մասին:

«Իմ տարիքի աղջիկներ կան, որ իրենց անձնական սենյակն ունեն, պատկերացնո՞ւմ եք: Հենց սենյակ ունենամ, վրան կգրեմ` ներս չմտնել առանց թակելու,- երազանքից փայլփլող աչքերով ասում է նա, – Իսկ մեր տունն ընդամենը մի սենյակ ա. ես ծնողներիս հետ նույն սենյակում եմ քնում, նույն սենյակում ենք ճաշում, հեռուստացույց նայում»:

Երբ Սեդան տանն է լինում, նա անպայման խաղում է իրենց հարկում բնակվող 1,5 տարեկան Ալվարդիկի հետ: Սենյակում նեղվածք է, բայց Ալվարդիկն ու Սեդան կարողանում են այնպես վազվզել բռնոցի խաղալիս, որ չդիպչեն փայտով վառվող տաք վառարանին:

Ալվարդիկի տատիկը` 49-ամյա Վերա Կորեցկին, հոգում է, որ վառարանի կրակը չհանգչի. «Միջանցքի պատը փլված ա: Հենց կրակը հանգչում է, տանը միանգամից սառնամանիք է սկսվում»:

Դժվարությամբ է քայլում, նաեւ ականջներն են ծանր լսում: Ապրում է աղջկա ու Ալվարդիկի հետ: Անի Կորեցկին ասում է, որ վախենում է մոր համար. «Եթե մի փոքր երկրաշարժ լինի, էս շենքը կփլվի: Մտածում եմ` ոնց եմ մամայիս հանելու էստեղից»:

Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանն ասում է, որ նախկին կոմբինատի հանրակացարանի բնակիչներից շատերը ստացել են բնակարաններ եւ տեղափոխվել:

«Շենքում բնակություն են հաստատել մարդիկ, ովքեր ուղղակի բնակարան չունեն. ասենք` երկու եղբայր կա մի տան մեջ, ամուսնացել են, եւ մի եղբայրը ընտանիքի հետ տեղափոխվել է այդտեղ: Այս մարդիկ անօթեւանի կարգավիճակ չունեն»,- նշում է Գրիգորյանը:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Վահան Թումասյանն ասում է, որ հանրակացարանում շատ են այնպիսիները, ովքեր տարիներ առաջ ստացել են ԲԳՎ-ներ (բնակարան գնելու վկայագիր), սակայն գումարն ըստ նպատակի չեն ծախսել:

Գրիգորյանը բացատրում է, որ ԲԳՎ-ն փորձ է` օգնել անօթեւան քաղաքացուն բնակարան ձեռք բերել, սակայն, եթե քաղաքացին այդ գումարը չի ծախսել ըստ նպատակի, միեւնույն է` նա պետության համար մնում է անօթեւանի կարգավիճակում եւ բնակարան պետք է ստանա: Թումասյանն ասում է, որ այս հանրակացարանի հետ համեմատած` Գյումրիի տնակները շքեղ առանձնատներ են թվում: Մինչդեռ աղետի գոտում քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման համաձայն` բնակարան ստացած քաղաքացիները պարտադիր կերպով պետք է քանդեն ժամանակավոր կացարանները: Ստացվում է այնպես, որ քանդվում են ժամանակավոր կացարաններ, որոնք շատ ավելի բարվոք վիճակում են, քան վթարային հանրակացարանները:

«Շիրակ կենտրոն» հ/կ-ն գրավոր նամակով դիմել է Գյումրիի քաղաքապետարան եւ ՀՀ քաղաքաշինության նախարարություն (հատված նամակից). «Քանի որ պետությունը չունի բոլոր անօթեւաններին բնակարաններով ապահովելու միջոցներ, կարծում ենք` լավագույն լուծում կլինի, եթե բնակարան ստացած ընտանիքների` համեմատաբար բարվոք վիճակում գտնվող ժամանակավոր կացարանները քանդելու փոխարեն, համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց, վերցվեն դրանց փաստացի տնօրինողներից եւ հատկացվեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա այն ընտանիքներին, որոնք բնակվելու որեւէ կացարան չունեն կամ մի կերպ պատսպարված են կիսախարխուլ շենքերում ու նախկին հանրակացարաններում»:

Գյումրիի քաղաքապետարանից «Շիրակ կենտրոնի» առաջարկ-նամակին պատասխանել են, որ բարձրացված հարցերը դուրս են քաղաքապետարանի լիազորության շրջանակներից:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունից տեղեկացրել են, որ քարաշեն կամ կիսաքարաշեն կառույցների հետագա տնօրինման հետ կապված հարցերը ներկայումս գտնվում են քննարկման փուլում: Իսկ կիսախարխուլ շենքերում եւ վթարային հանրակացարաններում բնակվող ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած անձանց բնակարանային ապահովման հարցի քննարկմանը, հնարավոր է, որ անդրադառնան հետագա տարիներին:

«Լենտեքստիլ» հանրակացարանի բնակիչների երազանքն է` տեսնել պետական պաշտոնյաներին իրենց փոխարեն կիսախարխուլ շենքում մեկ օր ապրելիս:

«Երբ փայլուն զուգարանակոնքի փոխարեն` կեղտոտ դույլից օգտվեն, էդ ժամանակ կհասկանան մեզ»,- ասում են նրանք:

Արփի ՄԱՂԱՔՅԱՆ
Ազատ լրագրող