Արթիկցի կանայք լքում են հարազատ քաղաքը եւ հաստատվում Երեւանում, որտեղ կարողանում են աշխատանք գտնել եւ ապրել: Երիտասարդներն Արթիկը համարում են ձանձրալի ու տխուր քաղաք, որտեղ խեղդվում են միօրինակությունից:
Քաղաքի սպասարկման ոլորտում աշխատող կանայք էլ, հոգնած կյանքից ու հազիվ ձեռք բերած իրենց աշխատանքից, դժվարությամբ են կարողանում պահել իրենց ընտանիքները:
Երեւանից 110 կմ հեռավորության վրա գտնվող Շիրակի մարզի Արթիկ քաղաքում կանայք, անկախ ստացած կրթությունից, հիմնականում աշխատում են սպասարկման ոլորտում: Շատերն էլ, աշխատանքի հույս չունենալով տեղում, ապագան տեսնում են միայն Երեւանում:
Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտած արթիկցի 23-ամյա Նարե Կարապետյանը մագիստրոսի աստիճան ունի, սակայն Արթիկում աշխատանքի անցնելու չնչին հույս էլ չունի: «Բարձրագույն կրթություն ունեմ, տիրապետում եմ ռուսերեն, գերմաներեն եւ անգլերեն լեզուների, սակայն Արթիկում իմ մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունը չունեմ: Լավագույն դեպքում կարող եմ աշխատել դպրոցում` չնչին աշխատավարձով»,- ասում է նա:
Խորհրդային տարիներին 28.000 բնակչություն ունեցող Արթիկում զբաղվածությունն ապահովում էին քաղաքի քարի մշակման արտադրամասն ու թեթեւ արդյունաբերության ֆաբրիկաները, որոնք դադարեցին գործել խորհրդային կարգերի փլուզումից հետո: Այսօր արդեն Արթիկի 18-հազարանոց բնակչությունն աշխատում է հիմնականում առեւտրի եւ սպասարկման ոլորտներում:
Արթիկի 32-ամյա բնակչուհի Գոհարը (անունը փոխված է) ֆիզիկական կուլտուրայի բուհ է ավարտել: Ամուսնու ծնողները նրան արգելել են աշխատել իր մասնագիտությամբ: Փոխարենը` Գոհարը աշխատանք է գտել հագուստի խանութում, որտեղ աշխատում է առանց հանգստյան օրերի, օրական` 12 ժամ, ամսական վարձատրվելով 50.000 դրամ:
«Հիմի ամեն տեղ թանկություն է: Մի շալվարը 7000 դրամ արժե: Մարդիկ գրպաններում փող չունեն, որ իրենց տարրական հոգսերը հոգան: Հազիվ իրենց գոյությունը կպահեն»,- դժգոհում է Գոհարը:
Քաղաքի միակ բարձրագույն կրթական հաստատության` Հյուսիսային համալսարանի շրջանավարտների 16-17 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ: Տնտեսագետի կամ իրավաբանի կրթություն ստացած շրջանավարտները ստիպված աշխատում են սպասարկման ոլորտում` որպես վաճառողուհիներ:
Երեւանում կրթություն ստացած ու հայրենի քաղաք վերադարձած երիտասարդ աղջիկները անհնար են համարում Արթիկում աշխատելը:
«Լավագույն դեպքում ծանոթ-բարեկամիդ միջոցով աշխատանքի կանցնես, ամենաշատը աշխատավարձդ էլ կկազմի 80.000 դրամ»,- ասում է ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի բաժինն ավարտած 23-ամյա Մարինեն (անունը փոխված է):
Ըստ Արթիկի Զբաղվածության տարածքային կենտրոնի տվյալների` 2011 թվականին կենտրոնում աշխատանքի տեղավորվելու համար հաշվառվել է 487 կին, որոնցից միայն 48-ն է տեղավորվել աշխատանքի:
«Խնդիրն այն է, որ բավարար աշխատատեղեր չկան: Եղածներն էլ հիմնականում սպասարկման ոլորտում են. կանանց հիմնականում կամ վարսահարդարի, կամ վաճառողուհու աշխատանք է առաջարկվում»,- ասում է Արթիկի Զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Էլմիրա Մանանձյանը:
Կրթություն ստացած երիտասարդ աղջիկներից շատերն իրենց ապագան տեսնում են մայրաքաղաքում, որտեղ հնարավոր է լուծել աշխատանքի խնդիրները: Նաեւ նշում են, որ հոգնել են Արթիկի միապաղաղ ու ձանձրալի կյանքից:
«Այստեղ ընկերուհուդ հետ սրճարան կամ զբոսայգի չես կարող գնալ, ոչ սրճարան կա, ոչ` այգի: Արթիկի միակ սրճարան տղաներն են գնում. Արթիկում «տղերքի կոմունիզմ» է,- կատակում է Մարինեն,- Եթե ուզում եմ ընկերուհիներիս հանդիպել, իրենց պետք է մեր տուն հրավիրեմ կամ ես գնամ իրենց տուն: Դրսում էլ, եթե 5 րոպեից ավելի զբոսնենք, մարդիկ ուրիշ բան կմտածեն»:
Նարեն էլ ավելացնում է, որ հարազատ քաղաքի փողոցներում ինքն իրեն «խեղդված» է զգում. Արթիկում բացակայում են մարդկային կյանքի տարրական հաճույքները: Նարեի միակ ցանկությունը Երեւան տեղափոխվելն է:
«Եթե Արթիկի երիտասարդները տեղափոխվում են Երեւան, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Կարեւորը` Հայաստանը չլքեն,- ասում է Արթիկի փոխքաղաքապետ Գեւորգ Թթուկյանը,- Իմ աղջիկը շուտով կավարտի Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Կարծում եմ` չի վերադառնա Արթիկ, քանի որ Արթիկում աշխատատեղ չկա»:
Եթե արթիկցի աղջիկներն իրենց ապագան տեսնում են մայրաքաղաքում, ապա Արթիկում հաստատվելու մասին են երազում հարակից գյուղերի բնակիչները: Նրանցից մեկն էլ 26-ամյա Սոնան է (անունը փոխված է), ով, արդեն մի քանի ամիս է, ինչ լքել է հարազատ գյուղը եւ ապրում է Արթիկում: Գյուղում Սոնան գառնապահություն է արել, սակայն ստացած աշխատավարձով չի կարողացել հոգալ իննամյա դստեր եւ ծնողների կարիքները: Սոնան տեղափոխվել է Արթիկ եւ նոր աշխատանք գտել: Քաղաքում նրան ճանաչում են` որպես «կապած երեսով աղջիկ»: Անճանաչելի մնալու համար Սոնան գլխաշորով ծածկում է երեսը ու հավաքում Արթիկի կենտրոնական փողոցների աղբը: Ամսական ստանում է 60.000 դրամ աշխատավարձ:
«Չեմ ուզե, որ մարդիկ տեսնեն, որ ջահել աղջիկ փողոցները կմաքրե: Բայց իմ համար մաքրությունը ըդիկ վեր է ամեն ինչից: Կապած երեսով որ ման կուգամ, հետեւիցս «նինձյա» կգոռան: Ես կուզեմ, որ մարդիկ իմ էրած գործը հարգեն,- պատմում է Սոնան, ով գոհ է իր աշխատանքից,- Իմ էրեխիս դպրոցի բուլկու փողը ես կուդամ, ծնողներիս կօգնեմ»:
Թթուկյանն ասում է, որ Արթիկում մարդիկ լավագույն դեպքում 32.000 դրամ նվազագույն աշխատավարձով են աշխատում:
«Շատերն էլ անգամ այդ քիչ վարձատրվող աշխատանքը չեն կարողանում գտնել. աշխատատեղերը զբաղված են: Մեծահարուստ մեկը առեւտրի կետ պիտի բացի, որ մարդիկ աշխատեն, կամ պետական նախաձեռնություն պիտի լինի: Կամ էլ, տնից-տեղից հեռու, աշխատողներից մեկը պիտի մահանա, որ թափուր տեղ բացվի»,- ասում է փոխքաղաքապետը:
Լուսինե ԱՎԱԳՅԱՆ