«Միջնորդներն ազնվորեն են կատարել եւ կատարում իրենց պարտականությունները` չնահանջելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից` ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականության պահպանում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Համանախագահների դիրքորոշումը չի փոխվել»,- երեկ Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ հիմնականում Ադրբեջանից հնչող դժգոհություններին: «Թե ինչպես են գնահատում կողքից, ես տարբեր արտահայտություններ եմ լսել` զգացմունքային եւ ոչ պաշտոնական: Բայց պաշտոնական դիրքորոշումը արտացոլվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու համանախագահների` Աստանայում 2010թ. ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունած համատեղ հայտարարությունում»,- նշել է Լավրովը: Ըստ նրա, ինչպես նշված հայտարարության, այնպես էլ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարություններում արտացոլված են համանախագահների աշխատանքին տրված բարձր գնահատականները: «Դա ամրապնդված է թղթի վրա, արտացոլում է երկու պետությունների պաշտոնական դիրքորոշումը, որը նրանք չեն փոխել»,- հայտարարել է Լավրովը` ավելացնելով, թե բանակցային սեղանին դրված փաստաթուղթը ենթադրում է, որ գործընթացի վերջնական փուլում, անվտանգության գոտու վերադարձից եւ միջանցքի ապահովումից հետո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ճակատագիրը: