Հայաստանյան ընտրություններին ուղեկցող հիմնական, եթե ոչ առաջնային գործոններից մեկը դարձել է ընտրակաշառքը: Ընտրությունից ընտրություն փոխվել-կատարելագործվել են ընտրակաշառքի բաժանման մեխանիզմները, կոպիտ մեթոդներին փոխարինելու են եկել ավելի «քաղաքակիրթ» եղանակները, ի վերջո, մի քանի անգամ բարձրացել է «դրուքաչափը»: Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այս թեմայով բանավեճը հանգում է մոտավորապես հետեւյալին. իշխանությունները հայտարարում են, որ խստորեն պատժելու են որեւէ ընտրակաշառք բաժանողի (բնականաբար` հերքելով, որ հիմնականում դա արվում է իրենց կողմից), ընդդիմությունն էլ` բարձրաձայնելով այդ դեպքերի մասին, վերջին հաշվով, հանդիմանական տոնով հասարակությանն ասում է` եթե այս անգամ էլ ընտրակաշառք վերցնեք, «մեղքը ձեր վիզը»: Այս բանավեճի մեջ, բնականաբար, կորչում է քաղաքացին` պոտենցիալ ընտրակաշառք վերցնողը կամ ընտրակաշառքի դեմ պայքարողը: Այն, ինչ ասում է ընդդիմությունը, միանշանակ ճիշտ է եւ հիմնավորված. ընտրակաշառք վերցնելով` քաղաքացին թույլ է տալիս, որ իշխանությունը վերարտադրվի եւ մինչեւ հաջորդ ընտրություն վարվի այնպես, ինչպես ցանկանում է: Այսինքն` մեծ հաշվով, իշխանությունը հասարակությանն առաջարկում է ընտրակաշառք, ընդդիմությունն էլ առաջարկում-պահանջում-հանդիմանում է` ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում: Դժբախտաբար, որպես կանոն, այս հարցում հաղթում է ոչ թե հանրահավաքային կամ հարցազրուցային կոչը, այլ անվանական արժեքով թղթադրամը` ՀՀ ազգային արժույթի տեսքով: Ընդհանրական մակարդակով դատողությունների դեպքում, իհարկե, հանգում ենք այն եզրակացության, որ հասարակությունը բարձր իրավագիտակցություն չունի եւ, ի վերջո, արժանի է իշխանությանը: Սակայն, երբ խնդիրը կեցություն-գիտակցություն փիլիսոփայական հակադրությունից տեղափոխում ենք հասցեական հարթություն, նման եզրահանգումները նույնքան նվաստացուցիչ են դառնում, որքան իշխանության առաջարկած 5, 10 կամ 15 հազար դրամը: Հայաստանում պաշտոնապես աղքատության մակարդակը կազմում է 36 տոկոս, այսինքն` յուրաքանչյուր երրորդ մարդ աղքատ է: Այս մարդկանց համար աղքատությունը ոչ թե վիճակագրական տերմին է, հանհրահավաքային մեջբերում, այլ ամենօրյա կյանք, պայքար գոյության համար` քաղցած ու ցրտահարված երեխաներ… Ասվածն ամենեւին չափազանցություն չէ, եւ նման ճակատագրերի գոնե մեր թերթի ընթերցողները կարող են ծանոթանալ գրեթե յուրաքանչյուր համարում` Լուսինե Ստեփանյանի հոդվածներում: Եվ երբ ընտրակաշառքի խնդիրը դիտարկում ենք այդ մարդկանց տեսանկյունից, ապա մեծ համարձակություն է պետք նրանց մեղադրելու, որ չեն դիմանում գայթակղությանը եւ քաղաքացիական դիրքորոշումը վաճառում են իրենց երեխային երկու օր պակաս քաղցած վիճակում տեսնելու դիմաց: Ասվածն ամենեւին չի արդարացնում ոչ ընտրակաշառք վերցնողներին, ոչ էլ` առավել եւս, դրանք բաժանողներին: Ճիշտ հակառակը` սա տալիս է հատկապես մերձիշխանական շրջանակներից շատ հաճախ հնչող հարցի պատասխանը` մի՞թե իշխանությունները չեն ուզում, որ մարդիկ լավ ապրեն, կենսամակարդակը բարձրանա, աղքատությունը նվազի… Ոչ, չեն ուզում, քանի որ այդ դեպքում մարդիկ, առնվազն մեկ միլիոն մարդիկ` կմտածեն ոչ միայն հանապազօրյա հացի մասին, եւ կարող են հրաժարվել ընտրակաշառքից, առանց որի իշխանությունը գործնականում վերարտադրվել չի կարող: Ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսելով արտագաղթի վերաբերյալ իշխանության դիրքորոշման մասին, թերեւս ենթագիտակցորեն ասել էր ճշմարտությունը («Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի»): Նույն տրամաբանությունը գործում է նաեւ աղքատության դեպքում, եւ, եթե Տ. Սարգսյանի ազնվությունը ներեր, ապա նա կարող էր ասել. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ հարստանան, որ այդ ոչ աղքատ զանգվածն այլեւս ընտրակաշառք չվերցնի, ու հեղափոխությո՞ւն լինի..: