Երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «2012թ. ընտրությունների արժանահավատ, պատասխանատու եւ հավասարակշռված լուսաբանում» թեմայով սեմինար-քննարկում, որը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել էին «Իրավունքի Եվրոպա» միավորում հ/կ-ն, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, ԵՄ պատվիրակությունն ու ԱՄՆ դեսպանատունը: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի խոսքով` ԶԼՄ-ների գործունեությունը քարոզարշավի ժամանակ շատ կարեւոր է ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի դիտարկմամբ` ընտրությունների լուսաբանումը կարեւոր է քաղաքական կառույցների, քաղաքացիների, ինչպես նաեւ` միջազգային հանրության համար: Իսկ ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենի խոսքով` ազատ եւ արդար ընտրությունների իրականացումը կարեւոր է Հայաստանի համար, որպեսզի վստահություն կայանա նաեւ երկրի ներսում: «Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընտրություններ` համապատասխան ոչ միայն տառին, այլեւ ոգուն»,- ասել է նա: