Ռուսաստանն էլ է ծախում

02/12/2005

Արդեն երկու շաբաթից հնարավոր է ռուսական «Գազպրոմ» ընկերության բաժնետոմսերի լրիվ ազատականացումը: ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է «Գազամատակարարման մասին» օրենքի ճշգրտումները, որոնք փոփոխություններ են նախատեսում գազ արդյունահանող խոշորագույն ընկերություններից մեկի բաժնետոմսերի շրջանառության կանոններում: Մինչ այժմ գազային «հսկայի» բաժնետոմսերի փաթեթը բաժանվում էր ներքինի եւ արտաքինի, ընդ որում՝ կանոնադրական կապիտալում արտասահմանցիների առավելագույն չափաբաժինը 20% էր: Ազատականացման արդյունքում կվերացվեն «Գազպրոմում» արտասահմանյան կապիտալի մասնակցության նկատմամբ բոլոր սահմանափակումները: Սակայն ֆոնդային շուկայի փորձագետների կարծիքով, օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը 25%-ը չի գերազանցի: Հիշեցնենք, որ «Գազպրոմին» բաժին է ընկնում Ռուսաստանի գազի արդյունահանման մոտ 90%-ը, աշխարհի՝ մոտ 20%-ը:

Իսկ 4 օր առաջ աճուրդում մեկնարկայինից գրեթե երկու անգամ թանկ գնով (275 մլն դոլար) վաճառվեց Մոսկվայի կենտրոնում գտնվող, մշակութային արժեք ներկայացնող եւ մինչ այժմ Մոսկվայի քաղաքապետարանին պատկանող «Ուկրաինա» հյուրանոցը: Հետաքրքիրն այն է, որ հյուրանոցի նոր սեփականատերը բոլորին անծանոթ «Բիսկվիտ» ընկերությունն է: Վերջինիս գլխավոր տնօրենը հայտարարել է, որ «ընկերությունը ներկայացնում է իր սեփական շահերը, եւ դրա հետեւում ոչ ոք կանգնած չէ»: