Մամեդյարովին տեղն է դրել

03/04/2012

Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդից զոմբի են ստեղծում: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով այս օրերին Բաքվում մասնակցում է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին: Նա իր վրդովմունքն է հայտնել ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակվող եւ մամուլում տպագրվող նյութերի կապակցությամբ` ասելով. «Հարկ է մեկ ժամ միացնել հեռուստացույցը, եւ սարսափ է սկսում: Պետական եւ ոչ պետական հեռուստաալիքները գրաֆիկով, ժամ առ ժամ համառորեն հակահայկական քարոզչություն են տանում: Նրանց մոտ հատուկ ժամեր կան, երբ մարդկանց ուղղակի սրսկում են հակահայկական գաղափարներով»: Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը գտնվում է անվտանգության ծառայության լուրջ հսկողության տակ, բացառվում է միջադեպի ցանկացած հնարավորություն: «Նրանք անում են ամեն ինչ, որ անկանխատեսելի ոչ մի բան չլինի: Նրանք հիմքեր ունեն այդպես կարծելու, քանի որ այստեղ մի ողջ ժողովուրդ, սերունդներ աճել եւ կերակվել են հայերի նկատմամբ ատելությամբ: Մեզ ներկայացնում են` որպես ադրբեջանցիների գենետիկ թշնամիներ»,- նշել է Ն. Զոհրաբյանը:

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի հարթակը փոքր-ինչ հալեցնել սառույցը, Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Հայկական կողմը միշտ ասել է, որ կա հարցերի շրջանակ, որ փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես` կրթության, բնապահպանության, հումանիտար ոլորտներում, եւ այլ: Հայկական կողմը պատրաստ է երկխոսության, բայց Բաքվի պաշտոնական դիրքորոշումը միշտ տարբերվել է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների նկատմամբ կտրուկ դժկամությամբ: Ընդգծում եմ` դա մի պատգամավորի, առանձին անհատի կարծիք չէ, այլ պաշտոնական տեսակետ»:

Անդրադառնալով նստաշրջանին, Ն. Զոհրաբյանն ասել է, թե սկզբում հայ պատվիրակները հաճելիորեն զարմացած են եղել ադրբեջանական կողմի վարմունքից, սակայն դա երկար չի տեւել: «Վաղ առավոտից սկսվեցին քննարկումները «Եվրանեսթի» չորս կոմիտեներում, որոնց մասնակցում էին իրենց ոլորտների համար պատասխանատու ադրբեջանցի նախարարները: Ադրբեջանական կողմը, կարծես, որոշել էր նահանջել բոլոր հարցերը ղարաբաղյան խնդրի հարթություն տեղափոխելու սովորությունից»,- Բաքվից փոխանցել է Ն.Զոհրաբյանը` հավելելով, որ քաղաքական կոմիտեի նիստում այդ հաճելի տպավորությունը ստվերել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Քաղաքական նիստի ժամանակ, որին մասնակցել է Ն. Զոհրաբյանը, Մամեդյարովը խոսել է բացառապես ԼՂ հիմնախնդրից. «Նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց կար` «Արեւելյան գործընկերության» եւ ԵՄ երկրներում մամուլի ազատության հարցերն ու ժողովրդավարության զարգացման հեռանկարները»: Մամեդյարովը խոսեց մոտ 15 րոպե, ընդ որում, խոսեց հենց Լեռնային Ղարաբաղից: Նա կրկին միացրեց «օկուպացված» տարածքների մասին հին երգը` աղավաղելով պատմական փաստերը, իրողությունները` ամեն ինչ գլխիվայր շրջելով»,- նշել է Զոհրաբյանը: Մամեդյարովի ելույթից հետո Ն. Զոհրաբյանը Մամեդյարովին մեղադրել է պատմական փաստերի միտումնավոր խեղաթյուրման մեջ: «Այն, ինչ դուք անվանում եք «օկուպացիա», միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է: Դուք, պարոն նախարար, հերթական անգամ աղավաղեցիք հակամարտության, փաստի, պատմության ողջ էությունը: Մեզ հայտնի օկուպացիայի միակ դեպքը Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների օկուպացիան է Ադրբեջանի կողմից»,- նիստի ժամանակ հայտարարել է Ն. Զոհրաբյանը: Նշենք, որ «Եվրանեսթի» նստաշրջանին մասնակցում է 11 հոգանոց հայկական պատվիրակությունը: