Պահանջում են բոլորի, բայց ոչ մեկի՛ հրաժարականը

03/04/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայ ազգային կոնգրեսի` ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ծրագրային ելույթում հայտարարեց, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո «ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում» պատրաստվում են այլ պահանջների հետ միասին բարձրացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

«Հիմք ընդունելով այն իրողությունը, որ Ս.Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զավթել է «Ընտրական օրենսգրքի» կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետեւանքով, անմիջապես բարձրացնել նրա պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարց»,- հայտարարել էր ՀԱԿ առաջնորդը:

Գրեթե որեւէ մեկը չի կասկածում, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ը խմբակցություն է գրեթե ունենալու Ազգային ժողովում: Պարզապես առայժմ հարց է, թե ավելի քան տասը կուսակցություններից բաղկացած արտախորհրդարանական ընդդիմադիր այդ դաշինքն ինչ չափով ներկայացված կլինի խորհրդարանում` կունենա՞ «ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն», որպեսզի կարողանա իրականացնել իր այդ ծրագրերը: Բայց, եթե չունենա էլ, ՀԱԿ-ից բացի, ԱԺ-ում հավանաբար կլինեն նույն «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունները, որոնք դասական իմաստով համարվում են խորհրդարանական ընդդիմություն: Այս երկու կուսակցություններն անցած երեք-չորս տարիների ընթացքում իրենց խորհրդարանական ու արտախորհրդարանական գործունեությունը` քվեարկությունները, ելույթները, ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններն ու բողոքի տարբեր ակցիաներն ուղղել են հիմնականում իշխանությունների` մասնավորապես` իշխող Հանրապետական կուսակցության դեմ: ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» այս գործընթացներում երբեմն նաեւ համագործակցել են: Այս երկու կուսակցությունները քննադատել են գործող իշխանությունների տնտեսական, սոցիալական, արտաքին ու այլ ոլորտների քաղաքականությունը: Կարծես թե նույնն է նաեւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում, որը քաղաքական դաշտում համարվում է իշխող ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը: Երբ սրվում են ներկոալիցիոն հարաբերությունները, ԲՀԿ-ն անխնա, բայց առանց կոնկրետ հասցեատիրոջ` քննադատում է իշխանություններին: Երեկ փորձեցինք այս կուսակցություններից պարզել, թե արդյո՞ք հաջորդ խորհրդարանում նրանք Ս.Սարգսյանի հրաժարականի հարց կբարձրացնեն, ու այդ հարցում կհամագործակցե՞ն միմյանց եւ ՀԱԿ-ի հետ, ով արդեն այդ մասին հայտարարել է: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, թե քանի դեռ ընտրությունների արդյունքները հայտնի չեն, եւ պարզ չէ, թե որ ուժն է գալու իշխանության, նման հարցերի շուրջ չի ցանկանում մեկնաբանություններ կատարել: Մեր հարցերին ընդհանրապես չցանկացավ պատասխանել «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նախկինում, երբ ՀԱԿ-ը իշխանափոխության կամ Ս.Սարգսյանի հրաժարականի հարց էր բարձրացնում, այս երկու կուսակցությունները խուսափողական մեկնաբանություններ էին անում: Նրանք երբեմն իշխանափոխության մասին խոսում էին, բայց Ս.Սարգսյանի հրաժարականի պահանջ չէին ներկայացնում: ՀՅԴ-ն, օրինակ, նման դեպքերում հայտարարում էր, թե իրենք ամբողջական իշխանափոխություն են ուզում: Հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման ժամանակ նույնիսկ պահանջեցին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: Նաեւ դաժան քննադատության են ենթարկում վարչապետ Տիգրան Սարգսյանին, ժամանակին բարձրացրեցին նրա անվստահության հարցը: Բայց անձամբ Ս.Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության հարց չեն բարձրացրել: Անցած տարիներին նույնիսկ հրապարակումներ եղան, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ ԲՀԿ-ն խորհրդարանում Ս.Սարգսյանի պաշտոնանկության գաղտնի ծրագիր է մշակել: Կարծիք կար, թե այդ կուսակցությունը ՀՅԴ խմբակցության եւ ՀՀԿ-ի մի շարք պատգամավորների հետ միասին կարող է այդ ծրագիրը իրականություն դարձնել: Իշխանական շրջանակներում անցած տարվա ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունն ինչ-որ տեղ պայմանավորվեց նաեւ նման մտավախություններով: Այսինքն` քաղաքական դաշտում պետք է բոլոր ընդդիմադիր կուսակցություններն էլ ոչ միայն ցանկանան, այլեւ բարձրացնեն Ս.Սարգսյանի հրաժարականի պահանջը` նոր իշխանություն ձեւավորելու համար: Հակառակ դեպքում վարչապետին կամ արտգործնախարարին պաշտոնանկ անելով, մեծ հաշվով, իշխանափոխություն չի լինի: Ավելին, անցած տարիներին առանց ընդդիմության պահանջի Ս.Սարգսյանն ինքը պաշտոնանկ արեց բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների` ընդհուպ` մինչեւ ԱԺ նախագահ, ոստիկանապետ, ֆինանսների եւ արդարադատության նախարար եւ այլն: Սակայն, արդյունքում, այդ ոլորտներում էական առաջընթաց չնկատվեց: Այդ փոփոխություններով նախագահը պարզապես լուծեց իր կադրային խնդիրները եւ իշխանության ապահովության հարցը:

Այնուամենայնիվ, կհամագործակցե՞ն ընդդիմադիր ուժերը ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված հարցում: Ա.Շահբազյանն, առանց հիշատակելու նախագահին, նորից պատասխանեց, թե իրենք ամբողջական իշխանափոխության հարց կբարձրացնեն: Իսկ կհամագործակցե՞ն այն կուսակցությունների հետ, ում ծրագրերը կհամընկնեն իրենց նպատակների հետ: «Ժառանգությունից» արդեն Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, թե իրենք շարունակելու են պայքարել թե իշխանափոխության, թե Ս.Սարգսյանի հրաժարականի եւ թե անցած տարիներին տեղի ունեցած բոլոր հանցագործությունները բացահայտելու համար: Եվ կհամագործակցեն այն ուժերի հետ, ովքեր իրենց գործունեության հիմքում կդնեն այդ նպատակները: Պարզապես դեռ հայտնի չէ, թե Զ.Փոստանջյանի հետ համաձա՞յն են «Ժառանգության» համամասնական ցուցակի հիմնական` առաջին 20 հորիզոնականներում գտնվող բոլոր թեկնածուները:

Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իրենց վերջին համագումարում խիստ, բայց անհասցե քննադատեցին իշխանություններին` գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական եւ այլ անարդարությունների համար: ԲՀԿ-ն համարվում է ՀՀԿ-ի հիմնական մրցակիցն այն առումով, որ այս կուսակցությունն ԱԺ-ում ունի պատգամավորների թվով երկրորդ խոշոր խմբակցությունը, տիրապետում է հզոր ֆինանսական ռեսուրսների եւ համարվում է Ռ.Քոչարյանին սատարող ու նրա վերադարձը ակտիվ քաղաքականություն նախապատրաստող ուժը: Բացի այդ, այդ կուսակցության ղեկավարը բազմիցս է հայտարարել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ձգտելու է ստանալ 50+1 տոկոս: Այս բոլոր հանգամանքների առկայության պարագայում ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից հետո կփորձի՞ Ս.Սարգսյանի պաշտոնանկության հարց բարձրացնել: Հատկապես, որ այս դեպքում դեռ անցած տարեվերջին ԲՀԿ-ին անուղղակի համագործակցության կոչ է հղել Լ.Տեր-Պետրոսյանը: Իսկ ինքը` Գ.Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե 2013թ. կսատարե՞ն Ս.Սարգսյանի թեկնածությունը, ասել էր` «այդ մասին, հաջորդ դասին»: Եվ այսպես, ԲՀԿ-ն ցանկալի 50+1 տոկոսն ունենալու կամ նույնիսկ չունենալու պարագայում կփորձի՞ իշխանափոխության հարց բարձրացնել, թե՞ հավատարիմ կմնա կոալիցիոն հուշագրին: Գ.Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանն այսպես պատասխանեց մեր հարցին. «Ապագային ուղղված ոչ մի ենթադրական հարցի չեմ ցանկանում պատասխանել: Այս պահին ԲՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով: Ընտրողները կորոշեն, թե ինչ դասավորվածություն կունենա ապագա խորհրդարանը»: