Լավրովը գոհ է Մինսկի խմբից

03/04/2012

«Ռուսաստանն անտարբեր չէ իր գործընկերների միջեւ հարաբերությունների նկատմամբ»,- երեկ Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Բաքվից հնչող բացասական գնահատականները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերաբերյալ: «Միջնորդներն ազնվորեն են կատարել եւ կատարում իրենց պարտականությունները` չնահանջելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից` ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականության պահպանում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Համանախագահների դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է նա` հավելելով, որ դա արտացոլված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում, այդ թվում` Դովիլի հայտարարության մեջ: «Թե ինչպես են գնահատում կողքից, ես տարբեր արտահայտություններ եմ լսել` զգացմունքային եւ ոչ պաշտոնական: Բայց պաշտոնական դիրքորոշումը արտացոլվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու համանախագահների` Աստանայում 2010թ. ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունած համատեղ հայտարարությունում»,- նշել է Լավրովը:

Ըստ նրա, ինչպես նշված հայտարարության, այնպես էլ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարություններում արտացոլված են համանախագահների աշխատանքին տրված բարձր գնահատականները: «Դա ամրապնդված է թղթի վրա, արտացոլում է երկու պետությունների պաշտոնական դիրքորոշումը, որը նրանք չեն փոխել»,- հայտարարել է Լավրովը` ավելացնելով, թե բանակցային սեղանին դրված փաստաթուղթը ենթադրում է, որ գործընթացի վերջնական փուլում, անվտանգության գոտու վերադարձից եւ միջանցքի ապահովումից հետո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ճակատագիրը: Երկու արտգործնախարարներն անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածության վերաբերյալ հարցին, մասնավորապես այն համատեքստում, թե ինչպես կազդեն հնարավոր զարգացումները Հայաստանի անվտանգության եւ ԼՂ հարցի կարգավորման վրա: Նալբանդյանն ասել է, թե Հայաստանը բազմիցս նշել է` կողմ է այս հարցի` միջազգային հանրության ներկայացուցիչների եւ Իրանի ղեկավարության միջեւ ընթացող բանակցությունների ճանապարհով լուծմանը: «Այդ դիրքորոշումն ասվել է վաղուց, եւ այն նույնն է նաեւ այժմ: Իրանը մեր հարեւան երկիրն է, եւ մենք հետաքրքրված ենք, որ ուժի կիրառում չլինի, եւ խնդիրները լուծվեն բանակցությունների եւ երկխոսության միջոցով»,- նշել է նա: Լավրովն էլ հայտարարել է, որ եթե Իրանի հարցում տեղի ունենա «վատթարը», եւ ռազմական ուժ կիրառվի, ապա դա կազդի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի անվտանգության վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում երեք անգամ ավելի էթնիկ ադրբեջանցիներ կան, քան հենց նույն Ադրբեջանում: «Ռազմական ուժի կիրառման դեպքում փախստականների հոսք կառաջանա, դրանց մեծ մասը ՌԴ կգնան` հաշվի առնելով, որ Ռուսաստանում մեծ ադրբեջանական համայնք կա: Բացի այս, վտանգի տակ կդրվի նաեւ տարածաշրջանի, արաբական աշխարհի անվտանգությունը»,- ասել է նա: Ըստ նրա, երբ հնչում են հայտարարություններ, թե հարցի լուծման բոլոր տարբերակները մնում են սեղանին, ապա այս հարցում պետք է հստակություն մտցնել, քանզի նման իրավիճակում կիրառվող միջոցները պետք է լինեն միայն օրինական եւ հիմնված միջազգային իրավունքի վրա: «Իսկ միջազգային իրավունքն արգելում է ուժ գործադրել, բացի այն դեպքերից, երբ քեզ վրա է ռազմական հարձակում տեղի ունեցել: Հուսով եմ, որ նրանք, ովքեր խոսում են բոլոր հնարավոր տարբերակների մասին, կհարգեն միջազգային իրավունքը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: