ՀՀ ոստիկանությունը երեկ պարզաբանել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունը, ըստ որի` Ոստիկանությունը համաձայն է ՄԻՊ դիտողությունների հետ, որոնք արվել են ոլորտն ուսումնասիրելու արդյունքում: Ըստ ՄԻՊ-ի` ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին` ընդունում է մյուսները եւ պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ ՀՀ ոստիկանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում նշված բացթողումներն ընդունելու կամ պաշտպանի մեկնաբանություններին համաձայնություն տալու հայտարարությամբ հանդես չի եկել:
Զեկույցում նշված հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է եւ ՀՀ ոստիկանությունը դրանց վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ: Ինչ վերաբերում է պաշտպանի աշխատակազմի պատասխանում նշված` փաստացի բնակության վայրում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման դեպքին, ապա ոստիկանությունը պարզաբանում է հետեւյալը: «Փաստացի հաշվառման հասցեն համարվում է մշտական բնակության վայրի հասցե: Փաստացի հաշվառումների տարբերությունը միայն այն է, որ բնակիչը չունի բնակելի տարածությունում բնակվելու իրավաբանական իրավունք: Բնակչության պետական ռեգիստրում ըստ մշտական բնակության վայրի հաշվառումն իրականացվում է տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթի հիման վրա, իսկ փաստացի բնակության վայրի հասցեով հաշվառումը` քաղաքացու դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգելու վերաբերյալ անձնագրային ծառայությունից ՀՀ ոստիկանության տարածքային բաժին ուղարկված հարցման պատասխանի հիման վրա, որով կամ փաստվում, կամ հերքվում է տվյալ հասցեում քաղաքացու բնակվելու հանգամանքը: Անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում պահանջելն իրավաչափ է, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման եւ անձնագիր տալու գործողությունները քաղաքացու համար առաջացնում են միեւնույն փաստական հետեւանքները: Այսինքն` դրանց միջեւ բովանդակային տարբերություն գոյություն չունի»: