Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե ԵՄ-ն աշխատանքներ է տանելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրագրման ուղղությամբ եւ նշանակել է իր հատուկ ներկայացուցչին (Ֆիլիպ Լեֆոր), որպեսզի օգնի գոյություն ունեցող միջնորդական գործընթացներին: Նրա խոսքով` շատերը ԼՂ հակամարտությունն անվանում են սառեցված, սակայն այն իսկապես անհանգստացնում է ԵՄ-ին:
Ֆյուլեի դիտարկմամբ` 2011թ. շատ ինտենսիվ տարի է եղել ԵՄ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում: Նա նաեւ նշել է, թե «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը հետագայում նույնպես շարունակելու է զարգանալ: «ԵՄ-ն պետք է աշխատի դրանում ընդգրկված երկրների հասարակական բոլոր շերտերի հետ եւ ոչ թե միայն կառավարությունների ու խորհրդարանների հետ: ԵՄ-ն ձգտում է նոր առեւտրային հարաբերություններ ունենալ այդ երկրների հետ: Ադրբեջանը տարածաշրջանում ունի ամենաուժեղ տնտեսությունը եւ, անկասկած, կշահի այդ իրադարձություններից ապագայում (ազատ առեւտրային գոտու ձեւավորում եւ անցագրային ռեժիմի դյուրացում ու վերացում): ԵՄ-ի հետ Ադրբեջանի ամուր հարաբերությունները սկսվել են 1990-ական թվականներից: 2011թ. Ադրբեջանին հատկացված մեր օգնությունը 65 տոկոսով գերազանցել է 2010թ. ցուցանիշը»,- ասել է Շ. Ֆյուլեն: Նրա խոսքով` իրենք ստեղծել են ապագա «Արեւելյան գործընկերության» երեք ուղղություն: Դրանք են. «Մենք աշխատում ենք «ճանապարհային քարտեզի» վրա` ծրագրի հետագա իրագործման համար: Մենք պետք է արտացոլենք «ավելի շատ ֆինանսավորում` ավելի շատ բարեփոխումների համար» հայեցակարգը եւ այդ երկրների հետ համաձայնեցնենք բարեփոխումների նպատակը: Երկրորդ` մենք շարունակելու ենք զարգացնել մեր երկկողմանի համագործակցությունը, եւ ես ուրախ եմ տվյալ հարցում Ադրբեջանի գրանցած աճի կապակցությամբ: Եվ երրորդ` սա, հավանաբար, ամենաբարդ ասպեկտն է` հակամարտությունների կարգավորման հարցում սեփական դերակատարության ամրագրումը: Մեր արեւելյան 6 գործընկերներից 4-ն ունեն չլուծված հակամարտություններ, որոնք ազդում են ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու վրա: ԵՄ-ն աշխատանքներ է տանելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրագրման ուղղությամբ եւ նշանակել է իր հատուկ ներկայացուցչին (Ֆիլիպ Լեֆոր), որպեսզի օգնի գոյություն ունեցող միջնորդական գործընթացներին: Շատերը ԼՂ հակամարտությունն անվանում են սառեցված, սակայն այն իսկապես անհանգստացնում է մեզ: Մենք ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում ենք որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձեւաչափ: Մինսկի խումբը շատ ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ կարեւոր դեր է խաղացել հակամարտության էսկալացիայից խուսափելու համար: Այժմ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջ շարժվեն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Երկու կողմն էլ պետք է հասկանան, որ իրավիճակի բարդությունը պահանջում է զիջումներ ու փոխզիջումներ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին փոխադարձ վստահության վերականգնման հարցում: Խաղաղությունը բարգավաճում կպարգեւի այդ երկրներին, եւ ընդհանրապես տարածաշրջանին»,- հայտարարել է Շ. Ֆյուլեն: