Հավատացեք, որ փոխենք

31/03/2012

Երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքով Հայ ազգային կոնգրեսն, ըստ էության` մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների իր քարոզարշավը: Ինչպես եւ կարելի էր սպասել, ՀԱԿ-ը քարոզչության հիմնական շեշտը դրել է ԱԺ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու, «ավազակապետությունից ազատվելու» վրա: Զուտ մարտավարական առումով գուցե դա արդարացված քայլ է, ՀԱԿ-ն այդպիսով, բնականաբար, փորձելու է համախմբել հասարակության ընդդիմադիր հատվածին: Այլ հարց է, թե որքանով այդ մարտավարությունը կարող է արդյունավետ լինել: Օրինակ` երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հեգնելով ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը` շատ դիպուկ գնահատական տվեց` ասելով` դա հավատապղծություն է: Մյուս կողմից, սակայն, հավատի խնդիրն արդիական է նաեւ ՀԱԿ-ի համար` բնականաբար, ոչ այն չափով, ինչ իշխանությունների դեպքում: Արդյո՞ք ՀԱԿ-ն ազնիվ գտնվեց հասարակության հետ, տեր կանգնե՞ց իր խոստումներին եւ այն առաքելությանը, ինչի համար տասնյակ-հազարավոր քաղաքացիներ դուրս էին գալիս փողոց: Երեկ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ հաջորդ գումարման ԱԺ-ում «ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում» ՀԱԿ-ի առաջին քայլերից մեկը լինելու է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությունը: Հիմա հասարակությունն իրավունք ունի չհավատալու այդ խոստմանը. անցած չորս տարիներին` հանրահավաքից հանրահավաք, ելույթից ելույթ, անընդհատ ՀԱԿ-ի կողմից հնչել է այս խոստումը: Մինչ այն պահը, երբ անցած տարի ՀԱԿ-ը երկխոսության նստեց իշխանության հետ: Մյուս կողմից, սակայն, գուցե Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա այս հայտարարությունն ուղղված էր ոչ միայն կամ ոչ այնքան ընտրողներին, որքան մնացած քաղաքական ուժերին, ավելի կոնկրետ` ԲՀԿ-ին: Ուղերձի իմաստը շատ պարզ է` օգնեք ՀԱԿ-ին «ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորել»` նախագահի պաշտոնանկությանը հասնելու համար: Այսինքն` վերաձեւակերպելով ՀՀԿ-ի կարգախոսը, Լ. Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին ասում է` «Հավատացեք, որ փոխենք»: Սա, ըստ էության, հայտնի «քաղաքագիտական վերլուծության» արդեն նախընտրական շարունակությունն է: Գլխավոր հարցը, որ առաջանում է այս դեպքում, հետեւյալն է` եթե ԲՀԿ-ՀԱԿ այդ համագործակցությունը (բնականաբար, ոչ ֆորմալ) կայացավ, ո՞ւմ է ծառայելու հնարավոր այդ իշխանափոխությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին: