«Անցած չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանը: «Քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Ես քննադատել եմ այն խնդիրները, որոնք գտել եմ, որ սխալ են արվում, դրանց լուծում չի տրվում, եւ 4 տարի անց կարելի է ասել, որ իմ բոլոր քննադատություններն էլ արդարացված են եղել` երկրի տնտեսական վիճակը բավական ծանր է, արտաքին քաղաքականությունում հաջողություններ չունենք, այնպես որ` տեսել եմ թերություններ, գտել եմ, որ որոշ հարցերում այլ կերպ պետք է վարվել, եւ դրանց մասին խոսել եմ: Այսօր էլ իմ կարծիքը չի փոխվում: Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, թերեւս, համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք` այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել եւ, փաստորեն, այս 4-5 տարիների ընթացքում արել է այն, ինչ ցանկացել է եւ երբեք իր գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստանի» եւ նույնիսկ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»,- նշել է նա` ավելացնելով, որ շարունակելու է հնչեցնել նույն տեսակետները: Հարցին, թե եթե կոալիցիան ձեւական է եղել, ԲՀԿ-ն ինչո՞ւ է տարիներ շարունակ մնացել կոալիցիայի մեջ, նա պատասխանել է. «Ես չեմ ուզենա մեկնաբանել մի բան, որին մասնակցություն չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ մենք արդեն հասուն պետություն ենք, հավակնում ենք եվրոպական ավելի բարձր ինտեգրացիայի: Կարծում եմ, որ այս խնդիրներին ավելի լուրջ պետք է մոտենանք: Եվ այս ընտրությունները մեզ այդ հնարավորությունը տալիս են: Այսօր քաղաքական ուժերի դասավորումն այնպես է, եւ յուրաքանչյուրի կշիռը, որ եթե հաջորդ խորհրդարանական ընտրությունները կարողացանք ազատ, արդար անցկացնել, մենք իրոք նոր որակի խորհրդարան կունենանք, կլինեն իսկական հակակշիռներ, մենք կստիպվենք իսկական կոալիցիա կազմել»: Իսկ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրեն պատասխանատու զգո՞ւմ է առկա իրավիճակի համար: «Մեզ մոտ ոչ միայն խորհրդարանում հակակշիռ չկա, այսինքն` մի կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, այլեւ քաղաքական համակարգում չկա»,- ասել է նա: