ՀՀԿ նախագահն իր աթոռը զիջել է

31/03/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀԿ երկհարկանի շենքը նախընտրական այս օրերին շտաբի վերածելու արդյունքում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները զրկվել են իրենց աշխատասենյակներից: Նրանց աշխատասենյակներում այժմ տարբեր խմբեր նախընտրական վերլուծություններ, մոնիտորինգներ ու այլ աշխատանք են կատարում: Արդյունքում` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտնվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակում: Մեզ հետ հարցազրույցի ժամանակ նա նստած էր Ս.Սարգսյանի բազկաթոռին: Սակայն օրվա մի մասն այդ պատասխանատու վայրը Ռ.Զոհրաբյանը կիսում է ՀՀԿ մեկ այլ փոխնախագահի` Գալուստ Սահակյանի հետ: Այնուամենայնիվ, պարոն Զոհրաբյանը վստահեցնում է, որ ինքը «նախագահի աթոռի վրա աչք չունի»: Պարզապես շենքը փոքր է, եւ նախընտրական շրջանում սենյակները չեն հերիքում: Բացի այդ, ներսում կառուցվածքն այնպիսին է, որ աստիճանների մոտից հարկը բաժանվում է աջ եւ ձախ մասերի: Ձախ հատվածում նստած է ՀՀԿ շտաբի պետը, աջում` Ռ.Զոհրաբյանը: Եվ ՀՀԿ-ում այս մասին կատակում են` ասելով, թե «ձախում Հ.Աբրահամյանի թեւն է, աջում` Ս.Սարգսյանի»:

Իսկ այս օրերին ՀՀԿ գրասենյակի հարեւանությամբ կառուցվում է մեկ այլ մասնաշենք, որը պետք է միանա գործող կառույցին, եւ արդյունքում` ՀՀԿ-ն Հանրապետության հրապարակի եւ Կառավարության շենքի հարեւանությամբ ունենալու է հսկա կուսակցական շենք: Ասում են` նոր շենքը լինելու է նախագահական հարկաբաժինը:

– Պարոն Զոհրաբյան, Ս.Սարգսյանի սենյակում, նրա գրասեղանի մոտ նստած` անհարմարություն չե՞ք զգում:

– Ես նստած եմ Ս.Սարգսյանի տեղում` ոչ թե նրա համար, որ աչք ունեմ դրա վրա, պարզապես մեր կուսակցական գրասենյակը շտաբային կարգավիճակում է արդեն: Ես, Գալուստ Սահակյանը եւ շատ այլ աշխատակիցներ մեր սենյակները հանձնել ենք շտաբին: Անհարմարություն չեմ զգում, որովհետեւ ես Ս.Սարգսյանի տեղակալն եմ:

– Կուսակցության գրասենյակի այս հարկի աջ կողմում Դուք եք, ձախ կողմում` Հովիկ Աբրահամյանը: Ստացվում է, որ, իսկապես, ՀՀԿ-ն թեւերի է բաժանված:

– ՀՀԿ-ում տարբեր թեւեր չկան Ձեր ասած բացասական իմաստով: Իհարկե, թեւեր կան, բայց դրանք լրիվ դրական իմաստով են: Վերջին համագումարից հետո, տեսաք, որ 6 փոխնախագահ ընտրվեցին, որովհետեւ արդեն կուսակցությունն ավելի է հզորացել, անդամների թիվն է ավելացել, խորհրդի ու ԳՄ կազմն ավելացավ: Բնականաբար, դրական թեւերը շատացել են, եւ յուրաքանչյուր տեղակալ որոշակի ոլորտ է կոորդինացնում: Իսկ եթե հակասություններ կան, մենք մեր Գործադիր մարմնում շատ հանգիստ լուծում ենք: Չկան հակասություններ, որ բերեն կազմաքանդման:

– Նախագահը կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտաբ գալի՞ս են, եթե ԳՄ նիստեր չեն լինում:

– Քանի որ շտաբն այստեղ է, վարչապետն էլ հաճախ է լինում գրասենյակում, եթե ազատ ժամանակ է ունենում:

– Վարչապետը ո՞ւմ մոտ է գնում, շտաբի պետի՞ մոտ:

– Մեր սենյակում` այստեղ է լինում, մենք ունենք պատգամավորների սենյակ, կա մեծ գրադարան, որտեղ հավաքվում եւ քննարկումներ ենք ունենում: Հիմա, քանի որ նախընտրական շրջան է, մեր բոլոր սենյակները տվել ենք շտաբին:

– ՀՀԿ ցուցակում հայտնվեցին մարդիկ, ովքեր ոչ միայն ՀՀԿ-ին էին քննադատում, այլեւ վիրավորական արտահայտություններ էին իրենց թույլ տալիս Ս.Սարգսյանի նկատմամբ: Արդյո՞ք քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ համագործակցությունն ու վիրավորանքը համատեղվում են հեշտորեն:

– Ցանկացած երկրում էլ քաղաքական հակադիր ուժերն ընտրությունների ժամանակ քննադատում են իրար: Բայց այդ մարդիկ ի վերջո իրենց երկրի հզորացման համար են պայքարում: Քանի որ մեր ծրագրերը ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ երկրի հզորացման համար են, եւ նրանք էլ են ուզում մեր պետության համար աշխատել, ապա ինչո՞ւ նրանց էլ չընդգրկել դրանց իրականացմանը: Եվ, ի վերջո, մենք գնում ենք քաղաքական կուսակցությունների խոշորացման, եւ եթե ծրագրերը կամ գաղափարները որոշակիորեն համընկնում են` միավորվում են: Տեսեք` ՀՀԿ-ին որքան ուժեր եւ անհատներ են միանում, ԲՀԿ-ին են միանում, եւ, ի վերջո, ՀԱԿ-ին են միացել ավելի քան 10 ուժեր: Կայացած պետությունը պետք է ունենա կայացած, հզոր քաղաքական ուժեր:

– Հնարավո՞ր է, որ ապագայում Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանն իրենց կուսակցություններով մտնեն ՀՀԿ:

– Նրանց առաջ նման խնդիր դրված չէ: ՍԻՄ-ի հետ դեռ 90-ականներին էինք համագործակցում, նույնիսկ միավորվելու պրոցես էինք տանում: Կանոնադրական ինչ-որ խնդիրներ կային, եւ չմիավորվեցինք: ՀՔԴ-ն մեր ընդհանուր գաղափարականի մեջ է մտնում, Գեղամյանն էլ վերջերս հայտարարում է, որ ուզում է իր կուսակցության ներուժով ավելի ուժեղ կուսակցության հետ ծառայել հայրենիքին: Խնդիր չենք տեսնում: Եթե ինչ-որ վիրավորական պահեր են եղել, ներում ենք իրար ու անցնում ենք առաջ: Քաղաքականություն է:

– Ասում են, թե գեներալ Մանվել Գրիգորյանին ընդգրկել եք ՀՀԿ ցուցակ, որպեսզի երկրապահի բազմահազար անդամների ձայները ՀՀԿ-ի օգտին լինեն:

– Երկրապահը ռազմահայրենասիրական կառույց է, բացի այդ` մենք շրջապատված եւ շրջափակված ենք հակառակորդ երկրների կողմից: Այդ ցուցակը նաեւ մեր դիմանկարն է, եւ պետք է ի ցույց դնենք, որ մեզ հետ են ռազմահայրենասիրական ուժերը, ովքեր պատրաստ են ամեն վայրկյան պաշտպանել մեր երկիրը եւ կանգնել մեր երկրի հավասարակշռությունը խախտելու փորձ անողների դեմ:

– Մ.Գրիգորյանը եթե ցուցակ չմտներ, չէ՞ր պաշտպանի մեր երկիրը: Հատկապես` Ս.Սարգսյանը հայտարարել էր, թե չի ուզում քաղաքականացնել ԵԿՄ-ն: Փաստորեն քաղաքականացրեց:

– Բայց չէ՞ որ խորհրդանշական է, որ ռազմահայրենասիրական ուժերը մեզ հետ են: Մենք նաեւ արտաքին աշխարհին ենք ցույց տալիս, որ եթե թշնամին փորձի խախտել մեր սահմանները, մենք ամեն վայրկյան պատրաստ ենք: Դա ազգային հայրենասիրական գիծն է, որ մենք ուզում ենք ի ցույց դնել: Ռազմահայրենասիրական ուժ է նաեւ «Հայոց արծիվները», որն ունի մոտ 25.000 անդամ: Դրա ղեկավար Խաչիկ Ասրյանն էլ մեր ցուցակում է:

– Կարծես թե առերեւույթ ԲՀԿ-ի հետ Ձեր կուսակցության լարվածությունը հանդարտվել է: Նախընտրական շրջանում պայմանավորվել եք հեռո՞ւ մնալ սրացումներից:

– Ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաեւ քաղաքական բոլոր ուժերին կոչ ենք անում, որ շատ հանդարտ գնանք ընտրություններին: Սա հո վերջին ընտրությո՞ւնը չէ, պետք չէ իրար փնովել: Ինչ էլ որ լինի, պետք է հիշենք, որ մենք շրջափակված երկիր ենք, եւ հակառակորդը օգտվելու է նույնիսկ մեր քարոզչական միջոցներից: Չեմ ասում, թե չքննադատենք միմյանց, պարզապես քաղաքակիրթ ձեւով դա անենք:

– Խորհրդարանական ընտրությունները կարծես թե 2013թ. նախագահական ընտրությունների մեկնարկն են: Եվ արդեն կարծիքներ են հնչում, որ եթե ԲՀԿ-ն անցնի 30 տոկոսի շեմը, Ս.Սարգսյանը ստիպված կլինի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշանակել վարչապետ: ՀՀԿ-ում մտավախություն չկա՞, որ վերջինս նախագահական ընտրություններին նորից կառաջադրվի:

– 2007թ. ընտրությունների արդյունքում մեր հավաքած տոկոսները բավարար եղան, որպեսզի 2008-ին ընտրենք հանրապետության նախագահին: Կարծում եմ, որ այս ընտրություններից հետո այնպես չէ, որ մենք կարող է քիչ հավաքենք, գոնե եղածից մի քիչ էլ ավելի կհավաքենք: Եվ հաջորդ նախագահական ընտրություններին մեծ դժվարություններ չենք ունենա, որովհետեւ մեզ աջակցող այլ քաղաքական ուժեր կան եւ կլինեն: Ի վերջո, մենք կոալիցիա ենք, եւ հուշագիրը ուժի մեջ է, որեւէ մեկը դա չի հերքել: Այս պահին վստահ եմ, որ կոալիցիոն հուշագիրը ուժի մեջ կմնա մինչեւ 2013թ.:

– Արդեն հրապարակումներ կան, թե այս ընտրություններին իշխանական կուսակցություններն ու թեկնածուներն ընտրակեղծիքների մեխանիզմներ են մշակում, աննախադեպ չափերի` մեկ անձին 10-30 հազար դրամ ընտրակաշառք են բաժանում:

– Դրանք ասեկոսեների, բամբասանքների ոլորտից են, ես դրանք չեմ ուզում մեկնաբանել: Մենք ընտրակեղծիք չենք պատրաստվում անել, հակառակը` այսօր մենք ինքներս պետք է հսկենք, որպեսզի ընտրությունները լինեն ազատ ու արդար: Մենք եվրոպական որոշակի ուժերի նկատմամբ պարտավորություն ունենք, նրանք շատ դիտորդներ են ուղարկել: Չէ՞ որ ուզում ենք ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր կնքել: Իսկ նրանք պայման են դնում, որ եթե ձեզ մոտ ընտրություններն արդար ու թափանցիկ չլինեն, ապա ԵՄ-ի հետ որոշակի տնտեսական համագործակցություն ունենալու եւ աջակցություն ստանալու հույս չունենաք: Ամեն դեպքում այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, այս անգամ մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ գնում ենք իրավական պետություն կառուցելու, որ հարգում ենք բոլոր ազատությունները եւ մարդու իրավունքները: Եվ եթե մենք խախտում ենք, դա մեզ դրսից` թե՛ Եվրոպայից, թե՛ ՌԴ-ից որեւէ բարիք չի բերի:

– ՀՀԿ-ն քանի՞ անդամ ունի:

– 150 հազարին մոտ անդամ ունի:

– ՕԵԿ-ը վերջերս հայտարարեց, որ ունի մոտ 160.000 անդամ: ԲՀԿ-ն անցած ընտրություններին հայտարարում էր, թե ունի 400.000 անդամ: Կոալիցիոն ամենախոշոր ուժը փաստորեն ավելի քի՞չ անդամ ունի, քան խորհրդարանում ընդամենը 7-8 պատգամավոր ունեցող ՕԵԿ-ը:

– Մենք մեր համագումարն էլ համեստ արեցինք, մեզ պետք է արդյունքը ցույց տալ, ոչ թե քանակը: Սա հո քաղաքական շոու չէ՞: Մեր հասարակությունն այլեւս միամիտ չէ եւ շատ լավ գիտի, թե որ քաղաքական ուժն ինչ հնարավորություն ունի, ինչ է արել անցյալում ու ինչ կարող է անել ապագայում: Հասարակությունն արդեն բազմաթիվ ընտրությունների բոհով է անցել եւ գուցե շատ տեսաբաններից ավելի լավ է հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ մայիսի 6-ին կտեսնենք, թե ում է վստահում: Ի վերջո, ՀՀԿ-ն նախորդ ընտրություններից պակաս չի ունենալու, եթե ոչ ավելին: