3 միլիոն ընկեր

31/03/2012

Գլխավոր դատախազության մամլո ծառայությունն արձագանքել է «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի փորձագետ Վահագն Պետրոսյանի հայտարարությանը: Վերջինս մասնավորապես ասել էր. «Լուրջ մտահոգություն է պատճառում նաեւ այն հանգամանքը, որ գլխավոր դատախազը, որն ի պաշտոնե պետք է անաչառության դիրքերից նպաստեր ընտրությունների օրինական ընթացքին, անձնական շահագրգռվածություն ունի քվեարկության այս կամ այն ելքի վերաբերյալ»: «ՀՀ գլխավոր դատախազը բազմիցս հայտարարել է, որ միայն Հայաստանում 3 միլիոն ընկեր եւ բարեկամ ունի, այդ թվում` տարբեր կուսակցություններում եւ հասարակական կազմակերպություններում: Ոչ մի օրենք չի արգելում գլխավոր դատախազին ունենալ ընկեր, բարեկամ, եղբայր կամ քույր, ովքեր կարող են նաեւ զբաղվել քաղաքական, հասարակական գործունեությամբ կամ զբաղեցնել պետական պաշտոններ: Գուցե կան անձինք, ուժեր, որոնց չի գոհացրել ընտրախախտումների վերաբերյալ, այդ թվում` մամուլի հրապարակումներին օպերատիվ արձագանքելու Դատախազության որդեգրած քաղաքականությունը, սակայն հավաստիացնում ենք հանրությանը, որ Դատախազությունը պատրաստակամ է ցուցաբերել կամք ու վճռականություն` ընտրակեղծիքների դեմ պայքարում: Ինչ վերաբերում է ընտրացուցակներում առկա անճշտություններին, ապա, կարծում ենք, մասնավորապես ընտրական գործընթացին որպես փորձագետ հետեւելու հայտ ներկայացրած կառույցները պետք է որ ծանոթ լինեն օրենսդրությանը, հետեւապես` նաեւ տեղյակ լինեն, որ ընտրողների ցուցակները կազմելու, ճշգրտելու գործառույթը վերապահված է Ոստիկանությանը, եւ Դատախազությունը որեւէ մասնակցություն չունի: ՀՀ քրեական օրենսգիրքը ընտրական գործընթացի հետ կապված նախատեսել է 12 հանցատեսակ, եւ Դատախազությունը հետամուտ է լինելու, որպեսզի Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, հաղորդումները պատշաճ գրանցվեն եւ դառնան քննարկման առարկա»,- ասված է Դատախազության պարզաբանման մեջ: