ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, ըստ որոնց` Շենգավիթի թաղամասերից մեկում մեկ բնակարանի վրա գրանցված է 101 բնակիչ: Գլխավոր դատախազությունն այս թեմայով մամուլի հրապարակումները արդեն ուղարկել է Ոստիկանություն` «պատշաճ քննարկում ապահովելու համար»: Հետաքրքիր է, որ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ դա վրիպակ չէ, եւ այդ 100 անձն էլ իրական մարդիկ են: «Իրականությանը համապատասխանում է, որ տվյալ հասցեում գրանցված է 100 մարդ: Դրանք բոլորը մեր հայրենակիցներն են` Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ անձնագրավորման համար հաշվառվել են այս հասցեում: Կարծում ենք` սեփականատերը, ինչ-որ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր իրավունքը, այդ անձանց իր հաշվառման հասցեն տվել է, որպեսզի նրանք կարողանան անձնագրավորվել եւ Ռուսաստանի Դաշնություն գնալ: Գիտեք, Հայաստանի անձնագիրը մեր հայրենակիցների ազատ տեղաշարժվելու հնարավորություններն ավելի է մեծացնում, իսկ Վրաստանի անձնագրով նրանք կարող էին սահմանափակումների ենթարկվել Ռուսաստանի Դաշնության տարածք մտնելուց: Դա է պատճառը, որ նա այդքան քաղաքացու հաշվառել է իր տանը»,- ասել է նա` նշելով, որ որեւէ իրավական հիմք չկա, որ հաշվառում իրականացնող ծառայությունը դրա վրա հիմնվելով` մերժեր այդ մարդկանց հաշվառումը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ մարդիկ մնալու են հաշվառված այդ տան վրա, Հովհաննես Քոչարյանն ասել է, թե նրանց հաշվառումից հանելու միակ եղանակն այդ բնակարանի սեփականատիրոջ հայտարարությունն է: