Հայկական դուդուկը՝ մարդկության գլուխգործոց

02/12/2005

Նոյեմբերի 25-ին Փարիզում հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց Մարդկության բանավոր եւ ոչ-նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարեւորագույն մանդատներից մեկը հանդիսանում է աշխարհում գոյություն ունեցող մշակութային եւ բնական այն ժառանգության բացահայտման, պաշտպանման եւ պահպանման խրախուսումը, որը բացառիկ նշանակություն է ներկայացնում ողջ մարդկության համար: Վերջինս փորձում է բացահայտել աշխարհի ոչ միայն նյութական, այլ նաեւ` ոչ-նյութական հարուստ ժառանգությունը: Ոչ-նյութական մշակութային ժառանգության բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող կարեւորագույն ծրագրերից մեկը Մարդկության բանավոր եւ ոչ-նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների հռչակումն է:

Սա 1997 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սկսած միջազգային մեծ հնչողությամբ ծրագիր է: Քանի որ 1972 թ. ընդունված Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման մասին կոնվենցիան բացառապես վերաբերում է միայն նյութական ժառանգությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է ընդլայնել այդ պաշտպանությունն՝ ընդգրկելով նաեւ ոչ-նյութական մշակութային ժառանգությունը:

Հայկական դուդուկի երաժշտության հռչակումը` որպես Մարդկության բանավոր եւ ոչ-նյութական մշակութային գլուխգործոց՝ երրորդն է վերոնշյալ ծրագրի շրջանակներում: Առաջին հռչակումը տեղի է ունեցել 2001թ. մայիսին, որը շեշտադրել է ոչ-նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ պաշտպանման հրատապ անհրաժեշտությունը եւ ընդգրկել է 19 գլուխգործոց, որոնք պատմական, գեղարվեստական, եւ էթնոլոգիական տեսանկյուններից նշանակալի արժեքներ էին ներկայացնում: 2003թ. նոյեմբերին կայացած երկրորդ հռչակումն ընդգրկում էր 28 գլուխգործոցներ: