Ընթերցողի պատասխան

31/03/2012

«168 ժամ» թերթի հարգելի խմբագրություն, Ձեր թերթի մարտի 27-ի համարում տպագրվել էր «Փոխվեցին` մինչեւ հավատալը» վերտառությամբ հոդված, որում խոսվում էր ՀՀ պետական պարտքի ավելացման եւ աղքատության ցուցանիշների վատթարացման մասին: Համաձայն չլինելով հեղինակի որակումներին եւ մեկնաբանությունները համարելով խիստ միակողմանի` խնդրում եմ թերթի առաջիկա համարում հրապարակել այդ ցուցանիշների վատթարացման պատճառների իմ մեկնաբանությունը:

Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանի պետական պարտքի ավելացման եւ բնակչության կենսամակարդակի անկման մասին: Որոշ «վերլուծաբաններ» դրանում մեղադրում են բացառապես իշխանություններին եւ պնդում, որ պատճառը տնտեսական քաղաքականության բացթողումներն են: Սակայն եկեք հասկանանք, իրո՞ք դա է պատճառը, թե՞ իսկապես խորքային այլ խնդիրներ եւս կան: Այո, վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքը էականորեն աճել է, բայց անհրաժեշտ է ընդունել մի պարզ իրողություն. այսօր համաշխարհային տնտեսությունում տոն տվող երկրներն անգամ պարտքային լրջագույն խնդիրներ ունեն: Տնտեսագետներին հայտնի է, որ գոյություն ունի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության կրիտիկական կամ վտանգավոր սահման, որի դեպքում պետական պարտքի հետագա ավելացումը կարող է բացասական երեւույթների հանգեցնել: Որպես վտանգավոր սահման` սովորաբար ընդունվում է ՀՆԱ 60%-ը. եւ պատահական չէ, որ Եվրոգոտու երկրների օրենսդրությամբ ամրագրված է, որ երկրի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60%-ը: Մինչդեռ ֆինանսատնտեսական ճգնաժամը խառնեց բոլորի խաղաքարտերը, եւ անգամ աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրները ստիպված եղան ավելացնել պետական պարտքն ու անցնել այդ կրիտիկական սահմանը: Մասնավորապես, Գերմանիայում 2011թ. վերջին պետական պարտքը կազմում է ՀՆԱ 81.7%-ը, Ֆրանսիայում` 85.3%-ը, իսկ ԱՄՆ-ում պետական պարտքը գրեթե հավասարվեց երկրի ՀՆԱ-ին: Իսկ Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ճապոնիայում պետական պարտքը ռեկորդային բարձր ցուցանիշների հասավ: Անշուշտ, Հայաստանը եւս չկարողացավ խուսափել ճգնաժամի բացասական հետեւանքներից եւ 2008-2011թթ. մեր երկրի պետական պարտքը շեշտակիորեն աճեց` 1577 մլրդ դոլարից հասնելով 3568 մլրդ դոլարի: 2011թ. վերջին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ՀՀ-ում չի գերազանցում 40%-ը, ինչը լիովին կառավարելի է համարվում:

Շատ է շահարկվում նաեւ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող պարտքի ցուցանիշը: ՀՀ-ում դա մոտ 1200 դոլար է կազմում: Սա շա՞տ է, թե՞ քիչ: Բնականաբար, այս հարցի պատասխանը պետք է փնտրել` այլ երկրների համանման ցուցանիշների հետ համեմատելով: ԱՄՆ-ում մեկ շնչի հաշվով պետական պարտքը 49.355 դոլար է, Ֆրանսիայում` 25.969 եվրո կամ 34.539 դոլար: Հետեւությունները թողնում եմ Ձեզ:

Ուրախալի է, որ վերջին շրջանում մեր երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուները խոսում են արտաքին փոխառությունների կախվածությունից ձերբազատվելու եւ տնտեսության զարգացման ներքին հիմքերի ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ պետական պարտքի հետագա ավելացումները կարող են մեր ցուցանիշը մոտեցնել կրիտիկական 60%-ին: Դա նոր մարտահրավեր կլինի Հայաստանի տնտեսության համար, ինչը գիտակցում է նաեւ Կառավարությունը, եւ դրանով, թերեւս, պետք է պայմանավորել վարչապետի վերջին հայտարարությունները: Անդրադառնանք նաեւ աղքատությանը: Ճգնաժամը միշտ առավել մեծ չափով ազդում է ցածր եկամուտներ ունեցողների վրա ու գրեթե միշտ աղքատածին է լինում: Համաձայնեք` ակնհայտ է, որ ճգնաժամի հետեւանքով տնտեսությունում աշխատատեղեր են կրճատվում, նվազում են բնակչության եկամուտները: Իսկ ովքե՞ր են հիմնականում կորցնում աշխատանքը: Ցանկացած ձեռնարկություն, որն աշխատողների կրճատման խնդիր ունի, առաջին հերթին աշխատանքից ազատում է ցածր որակավորում եւ ցածր արտադրողականություն ունեցող աշխատողներին, որոնց եկամուտներն առանց այն էլ ցածր են: Սա օրինաչափ երեւույթ է, եւ հենց այս հանգամանքն է պայմանավորում ճգնաժամի աղքատածին լինելը: Անգամ հզոր տնտեսություն ունեցող ԱՄՆ-ում աղքատների քանակը ճգնաժամի հետեւանքով էապես աճեց: 2008-2010թթ. ԱՄՆ-ում աղքատության ցուցանիշը 13.4%-ից բարձրացավ 15.1%-ի: Բնականաբար, Հայաստանում ճգնաժամի ազդեցությունը աղքատության վրա առավել շոշափելի եղավ, ինչն առավելապես պայմանավորված էր մեր երկրի տնտեսության առանձնահատկություններով: Մասնավորապես` 2008-2010թթ. աղքատության ցուցանիշը Հայաստանում աճեց` 25%-ից հասնելով շուրջ 35%-ի, ինչը, անշուշտ, բավական մեծ ցուցանիշ է: Սակայն պետք է նաեւ ընդգծել, որ ըստ Համաշխարհային բանկի փորձագիտական գնահատականների, եթե իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեին, ապա ՀՀ-ում ճգնաժամի հետեւանքով աղքատ կլիներ բնակչության շուրջ կեսը: Եվ մասամբ աղքատության ցուցանիշի զսպման «գինը» պետական պարտքի շեշտակի ավելացումն է եղել: Չեմ հավակնում դառնալ Կառավարության փաստաբանը, բայց չենք կարող չընդունել, որ եթե չլինեին այն սոցիալական ծրագրերը, որոնք Կառավարությունն իրականացնում է մեծամասամբ արտաքին փոխառությունների հաշվին, ապա երկրի սոցիալ-տնտեսական վիճակը շատ ավելի «տխուր» կլիներ: Առաջիկայում մեր երկիրն այլընտրանք չունի, քան ողջ ուշադրությունը սեւեռել աղքատության կրճատման, սոցիալական բեւեռացվածության մեղմման ու քաղաքացիների համար հնարավորությունների ստեղծման խնդիրներին:

Կառլեն ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու

168 Ժամ – Մեծ ուշադրությամբ կարդացինք Կառլեն Խաչատրյանի արձագանքը։ Միանգամից նշենք՝ ուրախ ենք, որ մեր հրապարակումներին արձագանքում են կիրթ եւ գրագետ մասնագետներ։ Շատ ավելի ուրախալի էր կարդալ, որ չեք հավակնում դառնալ կառավարության փաստաբան։ Շատ լավ էիք արել, որ շեշտել էիք, թե չէ՝ մեր արագ փոփոխվող աշխարհում մարդիկ ինչ ասես կարող են մտածել։ Սակայն այդ դեպքում պարզ չէր միայն մի բան՝ կոնկրետ ինչի՞ն եք դեմ։ Նրան, որ ցուցանիշների վատթարացման համար կառավարությա՞նն ենք մեղադրում։ Բա էլ ո՞ւմ պետք է մեղադրենք՝ ընդդիմությա՞նը, ԶԼՄ-ների՞ն, թե՞ հասարակական կազմակերպություններին։ Տնտեսական վիճակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, եւ եթե ցանկացած (անգամ` իրենց կամքից անկախ արձանագրված) հաջողություն կառավարությունը վերագրում է իրեն, ապա բացասական ցուցանիշների պատասխանատվությունն առավել եւս ընկնում է կառավարության վրա։ Ինչ վերաբերում է ճգնաժամին, դրա ազդեցությանը, ապա հիշեցնենք, որ դրա մասին ժամանակին մտահոգվում էին բոլորը, բացի ներկայիս իշխանություններից։ Ինչ վերաբերում է «եթե»-ներին (եթե այսպես չանեին, ապա այսպես կլիներ եւ այլն), ապա` անկախ նրանից` Համաշխարհային բա՞նկն է ասում, թե՞ մեկ ուրիշը, «եթե»-ներով խոսելը լուրջ չէ։ Դրան ի պատասխան` կարելի է «եթե»-ների անվերջ շարան հրապարակել՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե ժամանակին ավելի լուրջ վերաբերվեին ճգնաժամի սպառնալիքին, ի՞նչ կլիներ, եթե ներգրավված վարկերն ավելի նպատակային ծախսվեին, կամ ընդհանրապես՝ ի՞նչ կլիներ, եթե վերջին 20 տարում Հայաստանում գոնե մեկ անգամ անցկացված լինեին արդար ընտրություններ, իշխանության ղեկին լինեին բոլորովին այլ մարդիկ, Հայաստանն էլ ունենար, իրոք, մրցակցային, շուկայական տնտեսություն ու անկախ դատաիրավական համակարգ։ Թե չէ՝ Հայաստանի նման անորոշ մոդել ունեցող երկրում, որտեղ անգամ վիճակագրությանը չի կարելի հավատալ, ինչպե՞ս կարելի է մասնագիտական բանավեճ ծավալել, այն էլ՝ «եթե»-ների մակարդակով։