Դատավճիռը՝ ապրիլի 13-ին

31/03/2012

Հինգշաբթի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նախկին տնօրինուհու անչափահաս որդին հայցադիմում էր ներկայացրել իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները» հերքելու պահանջով: Վերջինս զրպարտության մեղադրանքով թերթից պահանջել է նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում: Հիշեցնենք նաեւ, որ նշյալ տնօրինուհու որդին վիրավորվել էր նախորդ տարվա մայիսի 26-ին հրապարակված «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» վերնագրով հոդվածից, որտեղ նշել էինք. «Ի դեպ, ըստ Էջմիածնի բնակիչների, օրեր առաջ դպրոցի նախկին տնօրինուհու որդին հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը»: Հավելենք, որ մեր վերոնշյալ հրապարակման մեջ մենք մեջբերել էինք Էջմիածնի բնակիչներից ստացած տեղեկատվությունը, ինչը հինգշաբթի օրը տեղի ունեցած դատաքննության ժամանակ եւս մեկ անգամ փաստեց հիշյալ գործով վկա, Էջմիածնի բնակիչ Սիրեն Եղիազարյանը: Ի դեպ, նախորդ դատական նիստերին պատասխանող կողմը, այսինքն` «168 Ժամը», ներկայացրել էր Ս. Եղիազարյանի ձայնագրությունը, ավելին` այն տեղադրվել էր նաեւ «Առավոտ» օրաթերթի կայքում: «Տվյալ փաստի մասին իմացել եմ հաջորդ օրը: Կինս, որ աշխատում էր այդ դպրոցում, նույնպես իմացել էր հաջորդ օրը, քանի որ դպրոցում արգելված էր, որ ուրիշները շփվեին նրա հետ: Գործի տեղը զանգ տվեցին, իջա, ասացին` ճի՞շտ է, որ երկրորդ դպրոցի արխիվը վառել են: Ասացին` ո՞վ արած կլինի: Ես փորձեցի 2-3 հեռախոսներով զանգել-ճշտել, ասացին` նման դեպք եղել է դպրոցում, արխիվի սենյակի պատուհանից ծուխ էր դուրս գալիս: 3-4 օր առաջ` ապրիլի 30-ին, որ տվյալ տնօրենի անվան շուրջ այդքան հեռուստաալիք, զանգվածային լրատվության միջոցները ակտիվորեն ներգրավել էին բացահայտելու, վեր հանելու ստեղծված իրավիճակը, թերությունները, բոլորը նույն կարծիքին էին, որ հնարավոր է, որ դա կատարված լինի նրանցից որեւէ մեկի կողմից: Հետագայում խոսակցություններ տարածվեցին, որ տնօրենի տղան է այրել արխիվը»,- դատարանում երեկ ասաց Սիրեն Եղիազարյանը: Այնուհետ վկան իր խոսքերը հավաստելու համար դատարանին ասաց, որ պատրաստ է «հանրահավաք հրավիրել», որտեղ բոլորը միաձայն կարող են հաստատել իր նշյալ խոսքերը: Հայցվոր կողմի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը հարցրեց վկային, թե արդյոք նա որեւէ ապացույց ունի՞ արխիվն այրելու մասին, Ս. Եղիազարյանը պատասխանեց, որ մինչ օրս խոսում են այդ մասին, եւ որ «ոչ մի իրեն հարգող մարդ չէր ասի, թե ինքը կանգնած է եղել այդ վայրում եւ տեսել է, թե ինչպես են այրել արխիվը»: Պատասխանող կողմի փաստաբան Անահիտ Հակոբյանի այն հարցին, թե արդյո՞ք լրագրողին հայտնած տեղեկատվությունը հրապարակային բնույթ էր կրում, Ս. Եղիազարյանը պատասխանեց. «Ամբողջ քաղաքը դժժում էր: Մոտ 3 ամիս քաղաքն «էլեկտրականացված» էր: Քաղաքի համար անսովոր երեւույթ էր, եւ դա ոչ թե կապված էր իմ անձի, իմ ընտանիքի, իմ դիրքի հետ, այլ անսովոր էր դպրոցի նախկին տնօրենի պահվածքը, եւ այլն»: Այնուհետ վկան ավելացրեց, որ իր ասածը կարող են փաստել մոտ 10.000 էջմիածինցիներ: Վկայի հարցաքննությունից հետո «168 Ժամի» փաստաբան Ա. Հակոբյանն ընդգծեց. «Տիգրան Տերտերյանի անունն այդ հոդվածում որեւէ տեղ նշված չէ, պարզապես նշված է` ըստ Էջմիածնի բնակիչների, դպրոցի նախկին տնօրենի որդին այրել է փաստաթղթային արխիվը: Համաձայն համապատասխան իրավական նորմերի` եթե տեղեկատվության աղբյուրին հղում է կատարվում, եւ եթե այդ տեղեկատվության աղբյուրը հրապարակային է հայտարարել, ապա անձն ազատվում է զրպարտության համար պատասխանատվությունից»: Նա նաեւ շեշտեց, որ ներկայացված հայցապահանջն անհիմն է եւ ենթակա է մերժման: Հայցվոր կողմի փաստաբան Գ. Գեւորգյանը բավական «ծավալուն» ճառով հանդես եկավ: Հակափաստարկների հիմնական ուղղվածությունը վերաբերում էր լրագրողի «անբարեխիղճ» աշխատանքին: Գ. Գեւորգյանի խոսքից կարելի էր ենթադրել, որ լրագրողը պետք է Ոստիկանության աշխատակից դառնար, հետաքննություն կազմակերպեր, ապացույցներ գտներ: Ինչեւէ:

Ի դեպ, փաստաթղթային արխիվի` այրված լինելու փաստը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատել էր նաեւ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվարդ Հայրապետյանը: Ըստ վերջինիս` այրվել էին դպրոցի շինարարությանը վերաբերող փաստաթղթեր, իսկ փաստաթղթերն այրողին իրենք չէին տեսել, քանի որ ծուխ էր, եւ, տվյալ անձը, հավանաբար, դուրս էր եկել պատուհանից: Նշենք, որ Էջմիածնի այդ դպրոցի մասին մեր բազմաթիվ հրապարակումներում նշել էինք, որ պետբյուջեից գումար էր տրամադրվել դպրոցի վերանորոգման համար, մինչդեռ դպրոցի շինարարությունը տարիներով ձգձգվել է, իսկ ավելի ստույգ` շենքի դրսից տպավորություն ստեղծելու համար դպրոցի պատուհանները փոխարինվել էին եվրոպատուհաններով, Ինչեւէ, ի պատասխան հայցվոր կողմի փաստաբանի «ելույթի», պատասխանող կողմի փաստաբանը հարց ուղղեց հայցվոր կողմին. «Դուք տեղյա՞կ եք, որ բացի այդ հոդվածից, լրագրող Մ. Մարտիրոսյանն այդ նույն ժամանակահատվածում մի քանի հոդվածներ է տպագրել տնօրենի կողմից հանցանք կատարելու մասին, եւ դրանք հրապարակվել են կրկին ըստ բնակիչների կարծիքների»: Ի պատասխան` Գ. Գեւորգյանն ասաց, թե տեղյակ չէ, եւ, որ ինքը տվյալ դեպքում ներկայացնում է Տիգրան Տերտերյանի շահերը: Դատավոր Ա. Մելքումյանն էլ դիմեց երկու կողմերին հաշտություն կնքելու համար, ինչը, բնականաբար, մերժվեց: Այնուհետ Ա. Մելքումյանը դատաքննությունը համարեց ավարտված` նշելով, որ դատարանը հեռանում է խորհրդակցության սենյակ` դատավճիռ կայացնելու համար: Իսկ դատավճռի հրապարակման օր նշանակվեց ապրիլի 13-ը:

Հետդատական շոու

Այս օրերին մեր խմբագրությունը կրկին ստանում է հեռախոսազանգեր, ըստ որոնց` Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանն իր նախկին քննիչ ամուսնու` Համլետ Տերտերյանի հետ շարունակում է պայքարել տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար: Այդ առիթով, ըստ տեղացիների շրջանում տարածված լուրերի` Ս. Նազարյանը ստորագրահավաք է կազմակերպում քաղաքում` հայտարարելով, որ սեպտեմբերից ինքը կրկին կհայտնվի տնօրենի պաշտոնում, եւ որ որեւէ միջոց չեն խնայել դրա համար: Եվ սա` այն պարագայում, երբ Ս. Նազարյանի դեմ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Իսկ նախկին տնօրենն էլ ազատվել էր աշխատանքից դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծելու պատճառով: Հավելենք, որ դատավարության ամբողջ ընթացքում Էջմիածնում լուրեր են շրջանառվում «միջնորդների կամ միջոցների» ազդեցությամբ դատը «շահելու» ու թերթին «խայտառակելու» մասին: Նման «հոխորտացող» խոսքեր Ս. Նազարյանն ասում էր նաեւ իր տնօրեն լինելու ժամանակգ Սակայն ակնհայտ է, որ նրանց հույսերը, թե որեւէ վկա չի համարձակվի ներկայանալ դատարան եւ հայտարարել, որ ինքն է լրագրողին փոխանցել հոդվածում տեղ գտած խոսքերը` չարդարացան: Այսինքն` այն աղբյուրը, որը թերթին տրամադրել էր վերոնշյալ տեղեկատվությունը, այլեւս հայտնի է, եւ նրանց «մեղադրանքները», թե թերթը «զրպարտել» է իրենց «բարի համբավը», իրականությունից չափազանց հեռու են: