«Իսկ ի՞նչ է, դուք գտնում եք, որ Ռ.Քոչարյանի մասնակցությունը մեր երկրի արդիականացման գործին պահանջված չի՞: Գտնում եք, որ Ռ.Քոչարյանն այն արդյունավետ մենեջերը չի՞, որը եթե վերադառնա ակտիվ դերակատարության, կարող է սրբագրել այն բազմաթիվ սխալները, որոնք տեսնում ենք մեր կառավարության գործունեության մեջ: Ցանկացած մեկը, ով առնչվել է նրա գործունեությանը, չի կարող չարժեւորել տնտեսության կազմակերպչի նրա հատկությունները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն փորձում է ե՞տ վերադարձնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հ.Հովհաննիսյանը նաեւ հիշեցրել է, որ 2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում` գործադիր իշխանության ղեկավարը նախագահի փոխարեն դարձավ վարչապետը: «Այլ հարց է, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը սեփական պատասխանատվությունը ճարպկորեն հասցեագրում է Սերժ Սարգսյանին, ինչը գործող նախագահին չափազանց խոցելի է դարձնում 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին»,- ավելացրել է նա: