– Ոստիկանության հրապարակած ցուցակներից պարզ դարձավ, որ 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ` այս ընտրություններում ընտրողների թիվն ավելացել է մոտ 165 հազարով եւ հասել է մոտ 2,5 մլն-ի: Դուք հավատո՞ւմ եք այդ տվյալներին այն դեպքում, երբ վերջին տարիներին անընդհատ ավելացել է արտագաղթը:
– Ես Հայաստանի քաղաքագետների միության վարչության կազմակերպած լսումների շրջանակներում քանիցս հայտարարել էի, թե մենք տեղեկություններ ունենք, որ ուռճացվում է ընտրացուցակը, եւ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ցուցակների համեմատ` 170.000-ով ավելացվելու է ընտրողների թիվը: Արդեն Ոստիկանությունը հրապարակել է պաշտոնական տեղեկատվություն, որ այդ թիվն ավելացել է 165.000-ով: Այսինքն` մեր տեղեկությունները հիմնավոր էին: Ոստիկանությունը բացատրություն էր տվել, թե նրանք ռեգիստրում գրանցված չեն եղել եւ հետո հայտնաբերվել են: Չհասկացանք, մարդիկ մինչեւ հիմա գրանցված չե՞ն եղել եւ հիմա ոգեւորված վազել են գրանցվելո՞ւ: Կամ այդքանը հայտնաբերվե՞լ են: Կամ ինչո՞ւ պետք է այդպես լինի. նույն պետական մարմինները պետք է որ նախորդ ընտրություններին նույն աշխատանքը կատարած լինեին եւ այդ ընտրողներին, եթե նրանք գոյություն ունեն, հայտնաբերած լինեին: Մինչդեռ մեծ կասկածներ կան, որ փորձ է արվում ուռճացնել ընտրողների թիվն այն հաշվարկով, որ հետագայում անձնագրերի հետ հայտնի մանիպուլյացիաների միջոցով գոյություն չունեցող ընտրողների անունից կազմակերպեն քվեարկություն:
– Ինչպե՞ս կարելի է այդ կեղծ գրանցումների եւ անձրագրերի գործածության դեմ պայքարել: Արդեն կարծիք կա, որ դրանց հաշվին իշխանությունները մոտ կես միլիոն ձայն են ապահովել:
– Միակ ուղին կուսակցությունների ջանքերի համատեղումն է այդ եւ մի շարք այլ հարցերում: Անհրաժեշտ է ձեւավորել հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբ, որը կկարողանա ի մի բերել կուսակցությունների ներուժը: Անհրաժեշտ է ստեղծել միջկուսակցական խորհրդակցությունների ձեւաչափ, որի շրջանակներում հնարավոր կլինի համատեղ ուժերով ստուգել ընտրացուցակները, այնտեղից հեռացնել մեռյալ հոգիներին եւ գոյություն չունեցող քաղաքացիների անունները: Եթե ընտրացուցակները համատեղ ուժերով ճշտվեն, եւ դրանց իսկությունը վավերացվի ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերի կողմից, ապա միայն այդ դեպքում ընտրությունների արդյունքները հասարակության կողմից կարող են դիտվել որպես արժանահավատ: Միաժամանակ պետք է ապահովվի իրական ընտրողների ակտիվ մասնակցությունը: Ընտրացուցակների հստակեցման եւ քաղաքացիների ակտիվ մասնակցության գործոնները եթե համադրվեն, ապա հնարավոր կլինի անօգտագործելի դարձնել այդ կեղծ անձնագրերը:
– Դուք հստակեցրե՞լ եք, թե ԲՀԿ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչ դերակատարություն եք ունենալու` ելույթներ, ծրագրերի մշակում, այցելություն մարզեր, ընտրողների հետ հանդիպումներ:
– Ես այդ հարցում լիովին առաջնորդվել եմ կուսակցության որոշումներով: Ինքս կուսակցության անդամ չեմ, բայց ներգրավված եմ կուսակցության ցուցակում: Կուսակցության շտաբն ինչ առաջադրանքներ, ինչ խնդիրներ կդնի իմ առջեւ, ես կաշխատեմ դրանք պատվով լուծել եւ արդարացնել այն վստահությունը, որը ցուցաբերել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` հրավիրելով ինձ մասնակցել ընտրություններին: ԲՀԿ շտաբի ղեկավարն ինձ արդեն հարցրել է այդ մասին, թե ինչպես եմ տեսնում իմ ներգրավվածությունը քարոզարշավին: Ես պատասխանել եմ, որ տեսնում եմ այնպես, ինչպես կորոշի ընտրական շտաբը:
– 2007թ. ընտրություններից առաջ ԲՀԿ-ն հայտարարեց, թե ունի 400.000 անդամ, բայց ստացավ ընդամենը 200.000 ձայն: Դուք տեղյա՞կ եք, թե հիմա որքան անդամ ունի այդ կուսակցությունը, չէ՞ որ նաեւ դրանից է կախված Ձեր ընտրվելու հնարավորությունը:
– Դրա մասին ստույգ գիտեն կուսակցության ղեկավարները: Քաղաքագետների միությունն ունի քաղաքական սոցիոլոգիայի բնագավառում հայտնի ծրագրավորող մասնագետներ, եւ նրանց չափումների համաձայն` ԲՀԿ-ն այսօր իր վարկանիշով առաջ է բոլոր մյուս կուսակցություններից:
– Նման չափումներ անում են նաեւ մյուս ուժերը` ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, եւ իրենց օգտին տվյալներ են ներկայացնում:
– Մենք հավատում ենք միայն այն չափումներին, որոնք չեն օգտագործվում քարոզչական նպատակներով: Կան նաեւ միջազգային լուրջ կազմակերպությունների չափումներ, որոնք նույնպես չեն օգտագործվում քարոզչական նպատակներով, եւ այդ իսկ պատճառով` արժանահավատ են: Դրանք չեն հրապարակվում, սակայն տրամադրվում են կուսակցությունների ղեկավարներին: Եթե դրանք քարոզչական նպատակով օգտագործվելու համար արվեին, բնականաբար, չէին համապատասխանի օբյեկտիվության չափանիշներին:
– Կարծիք հնչեց, թե ՌԴ-ում ունեցած կապերի շնորհիվ է Ձեզ հաջողվել ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում:
– Նման մեկնաբանություններն անհիմն են այն առումով, որ ՌԴ-ն չափազանց նրբանկատ է եւ չի միջամտում ՀՀ ներքաղաքական զարգացումներին: Ես որպես հրավիրված մասնագետ` 1994-97թթ. աշխատել եմ ՌԴ Պետդումայում` որպես Անդրկովկասի գծով գլխավոր փորձագետ: Ինձ բախտ է վիճակվել 1995թ. նախապատրաստել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որը առանց որեւէ ստորագրության փոփոխության` միաձայն ընդունվել է: Եվ դա փաստ է, որ իմ, որպես մասնագետի` աշխատանքը բարձր է գնահատվել ՌԴ Պետդումայի ղեկավարության կողմից: Հայտնի է նաեւ, որ մենք երկար տարիներ սերտ համագործակցել ենք այսօր ռազմաարդյունաբերության գծով փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: Սրանք փաստեր են, եւ դրանց հիման վրա մարդիկ ենթադրություն են անում, որ ես այն գործիչն եմ, որին ՌԴ-ն չի կարող չդիտել` որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նախանձախնդիր կողմնակցի:
– Ընտրություններից առաջ կոալիցիոն կուսակցությունները բարեգործություններ են անում, ՕԵԿ-ը` մուրաբաներ ու հյութեր, ԲՀԿ-ն` ալեհավաքներ է բաժանում եւ այլ ծառայություններ մատուցում: Նույն կերպ է վարվում նաեւ ՀՀԿ-ն:
– ԲՀԿ-ն նախընտրական շրջանում չէ որ օգնում է քաղաքացիներին: ԲՀԿ-ն մշտապես օգնել է: Գ.Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը գործում է ոչ միայն ընտրությունների նախաշեմին, այլ մշտապես: Ու փառք Աստծո, որ այդպիսի օգնության աղբյուր ունեն մեր քաղաքացիները: Թող մյուս մեծահարուստներն էլ մտածեն, Գ.Ծառուկյանը միակ մեծահարուստը չէ այս երկրում:
– Թե՛ Գ.Ծառուկյանի, թե՛ մյուս մեծահարուստների դեպքում կարծիք կա, թե նրանք բարեգործություններ են անում իրենց թաքցրած հարկերի մի չնչին մասով միայն:
– Կա անմեղության կանխավարկած, եւ չի կարելի այդպիսի հայտարարություն անել: ԲՀԿ-ն միշտ հանդես է եկել Հարկային քաղաքականության բարելավման ջերմեռանդ ջատագովի դերում: Խոսքն այն մասին է, որ խոշոր բիզնեսը հասկանա, որ միջին եւ մանր ձեռներեցությունն այն միջավայրն է, որի առկայությամբ հնարավոր է զարգացնել խոշոր բիզնեսը: Գագիկ Ծառուկյանը մշտապես այդ մոտեցման հետեւողական կողմնակիցների դիրքերից է հանդես եկել:
– Ոչ միայն գործարարներից Գ.Ծառուկյանը, այլ ԱԺ-ից մյուս գործարար պատգամավորները օրենսդրական աշխատանքով չեն զբաղվում եւ ԱԺ չեն գալիս: Ինչո՞ւ են նրանք նորից ձգտում դառնալ պատգամավոր:
– Շատ պարզ պատճառով, որովհետեւ նա այսօր լուրջ ներդրումներ է կատարում քաղաքական տեխնոլոգիաների զարգացման, քաղաքական մրցակցության խրախուսման գործում: Գիտակցում է, որ մրցակցությունն այն միակ բանալին է, որի միջոցով կարելի է բանալ ՀՀ տնտեսական եւ քաղաքական կյանքի արդիականացման դուռը: Ես համաձայնեցի ԲՀԿ ցուցակով մասնակցել ընտրություններին, որովհետեւ տեսա, որ այս ուժը մրցակցային դաշտ ձեւավորելու պատրաստակամություն է ցուցաբերում: Իսկ դա այն անհրաժեշտությունն է, որի հետեւողական առաջ քաշողը, տեսական մակարդակով հիմնավորողը եղել եմ ես:
– Իսկապես, կարծիք կա, որ ԲՀԿ-ն իշխող ՀՀԿ-ի հիմնական մրցակիցն է, որքան էլ նրանք կոալիցիոն գործընկերներ են: Սակայն այս դեպքում նաեւ կարծիք կա, որ ԲՀԿ-ն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող կուսակցություն է եւ փորձում է ապահովել նրա վերադարձը:
– Ես ինչպես ժամանակին դեմ եմ եղել նրանց, ովքեր ասում էին, թե պետք է արգելափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, այդպես էլ դեմ եմ Ռ.Քոչարյանի վերադարձը չընդունողներին: Այն ժամանակ դեռ չբարեփոխված Սահմանադրության համաձայն` ՀՀ նախագահը գործադիր իշխանության ղեկավարն էր, հիմա վարչապետն է: Եվ նրա իշխանության տարիներին արձանագրվել է անուրանալի մի նվաճում` աղքատության մակարդակի էական նվազում: Այս սոցիալ-տնտեսական աղետալի վիճակում չափազանց կարեւորվում է աղքատության ցուցանիշը: 1998թ. հետո Ռ.Քոչարյանի նախագահության տասնամյակի արդյունքում աղքատության ցուցանիշը 56 տոկոսից նվազեց մինչեւ 27 տոկոս: Այդ թվում` ծայրահեղ աղքատների թիվը 20 տոկոսից նվազեց մինչեւ 4 տոկոս: Բոլոր սոցիոլոգիական չափումների համաձայն` մեր ազգաբնակչությանը մտահոգող ամենացավոտ հարցը աղքատության ցուցանիշն է, որը վերջին 4 տարիներին ավելացել եւ 27 տոկոսից դարձել է 38 տոկոս:
– Բայց Դուք նախորդ տարիներին անընդհատ քննադատում էիք Ռ.Քոչարյանի ղեկավարած իշխանությանը:
– Ես քննադատում էի այն, որ լիբերալ մոտեցումների շրջանակներում տնտեսական աճի արդյունքներն անհավասար էին բաշխվում: Իսկ լիբերալիզմն առանձնանում է նրանով, որ շեշտը դնում է տնտեսական կարկանդակի մեծացման խնդրի վրա` երկրորդ պլան մղելով այդ կարկանդակի ավելի արդար բաշխման հարցը: Դա բխում է այն մոտեցումից, որ առավել արդյունավետ գործողները տնտեսական աճի արդյունքներից պետք է ավելի մեծ բաժին ունենան, իսկ պակաս ակտիվները պետք է բավարարվեն քիչ մասնաբաժնով: Սոցիալական արդարության տեսակետից լիբերալ մոտեցումները խոցելի են, եւ ես առաջարկում էի ավելի մեծ նշանակություն տալ սոցիալական արդարության չափանիշներին: Բայց այսօր մենք տեսնում ենք, որ ոչ միայն սոցիալական արդարության հարցում որեւէ տեղաշարժ չկա, այլ ընդհանուր կարկանդակն է նվազում: Եվ այս իրավիճակում ամենակարեւորը տնտեսական ցուցանիշների բարելավումն է, որի ուղղությամբ չեմ տեսնում որեւէ դրական տեղաշարժ: Վերջին երկու ամիսներին պաշտոնական տվյալներով` արտագաղթի ծավալներն ավելացել են 45 տոկոսով, դա աղետալի ցուցանիշ է: Եթե այդ ցուցանիշները նայում ենք դինամիկայի մեջ, հիշում ենք, որ 2004-2007թթ. երկրից մեկնողների եւ երկիր ժամանողների տարբերությունը դրական էր:
– 2005թ. Սահմանադրական բարեփոխումների դեպքում կարծիք կար, թե Ռ.Քոչարյանն առաջադրեց գործադիր իշխանության ղեկավար սահմանել վարչապետին, քանի որ նախագահությունից հետո ցանկանում էր դառնալ վարչապետ:
– Դա կոնսպիրոլոգիայի ոլորտից է, որովհետեւ այդ սահմանադրական փոփոխություններն այն ժամանակ պաշտպանել են այսօր էլ առանցքային դերերում գործող այս վարչակազմի ներկայացուցիչները: Ինչպիսիք են, օրինակ, նույն Շավարշ Քոչարյանը, ով եվրոպական կառույցներում գործունեություն էր ծավալել` որպես ընդդիմության կողմից ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ: Սահմանադրական փոփոխությունները քննարկվել են խորհրդարանում եւ պաշտպանվել են առաջին հերթին իշխող ՀՀԿ-ի կողմից, որի նախագահն այսօր Սերժ Սարգսյանն է: Ուստի կոնսպիրոլոգիային տուրք տալով` չի կարելի ասել, որ դա Ռ.Քոչարյանի հեռահար նպատակային քայլն էր: Այն ժամանակ իշխող ուժի կողմից պատճառաբանվում էր, թե այդ փոփոխությունները պետք է նպաստեն իշխանության ճյուղերի արդյունավետ տարանջատմանը: Այն ժամանակ նախագահն էր ստորագրում Կառավարության որոշումները, այսօր ստորագրում է վարչապետը, որը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը: