Սինգապուրում

29/03/2012

Երեքշաբթի երեկոյան Սինգապուր ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարության` նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ: Ս. Սարգսյանը նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից` ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել Սինգապուրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները: Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ-սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը: Սինգապուրի նախագահի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 20 տարի առաջ, հայ – սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, զրուցակիցները երկուստեք ցանկություն են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական այս տարին նշանավորվի նաեւ որպես Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման տարի: Նախագահները խոսել են կրթության, գիտության, քաղաքացիական ծառայության ոլորտներում համագործակցության, սինգապուրյան փորձը Հայաստանում ներդնելու մասին եւս: Սինգապուրի վարչապետի հետ Հայաստանի նախագահի հանդիպմանը անդրադարձ է եղել հատկապես երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը: Այս հանդիպմանը եւս երկուստեք ընդգծվել է Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը: Հատկապես հիշելով հայ գործարարների բարի համբավը եւ Սինգապուրում 19-րդ դարի վերջին առեւտրային հարաբերությունները զարգացնելու գործում նրանց ունեցած յուրահատուկ առաքելությունը` Լի Սյան Լունը ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ-սինգապուրյան տնտեսական սերտ կապերը: Սինգապուրի «Իստանա» նստավայրում պաշտոնական բանակցությունները եզրափակվել են փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնավորապես, Հայաստանի եւ Սինգապուրի կառավարությունների միջեւ ստորագրվել են Փոխըմբռնման հուշագիր մշակույթի ոլորտում համագործակցության մասին եւ Համաձայնագիր դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին: Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի` «Սինգապուրյան խոլորձի» անվանակոչության արարողությունը: Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների եւ երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության եւ քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաեւ հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով: Հայաստանի նախագահի պետական այցի առաջին օրվա ավարտին Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից տրվելու է պետական ընթրիք: