3 տարի առաջ Հանրապետական կուսակցությանն անդամակցած «Մշակույթ» հասարակական կազմակերպության նախագահ Անի Զախարյանն այսօր քննադատաբար է արտահայտվում նույն կուսակցության հասցեին` հայտարարելով ՀՀԿ-ից դուրս գալու մասին: «Ես չէի կարող լինել կամակատար, եւ այդ իսկ պատճառով դուրս եկա ՀՀԿ-ից: Անդամագրվել էի Նժդեհի գաղափարների ջատագովը լինելով, սակայն երեք տարվա մեջ այնտեղ չգտա Նժդեհին: Ես ստիպված կուսակցությունում պետք է լինեի կամակատար, սակայն ում կամքը որ պետք է կատարեի, նրանց շատ ժամանակ ինքս էի խորհուրդներ տալիս»,- երեկ կայացած ասուլիսում ասել է Անի Զախարյանը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Զախարյանը նշել է, որ ինքը որոշել էր առաջադրվել Երեւանի Շենգավիթ hամայնքն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում, սակայն հետո փոխել է որոշումը: «Ես համոզված էի, որ եթե մեծամասնականով դնեի իմ թեկնածությունը, ինձ կսատարեին բոլոր քաղաքական ուժերը, քանի որ ես վերջին ժամանակներս Ազգային ժողովում էի գտնվում եւ լուրջ կապեր եմ հաստատել այնտեղ»,- ասել է «Մշակույթ» հ/կ-ի նախագահը: Արդեն նախկին ՀՀԿ-ականը նաեւ հայտարարել է, որ ինքը հաջորդ խորհրդարանում ցանկանում է խորհրդարանում տեսնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Հայ ազգային կոնգրեսին, «Ժառանգություն» կուսակցությանը ու նաեւ ՀՀԿ-ին, սակայն այլ ձեւաչափով: Թե ինչ ձեւաչափով, Անի Զախարյանը չի նշել: Նա նաեւ քննադատել է ՀՀԿ-ի մի շարք գործիչների: «Արմեն Աշոտյանը լավ քաղաքական գործիչ է, սակայն ոչ լավ Կրթության եւ գիտության նախարար: Էդուարդ Շարմազանովն էլ հեռուն գնացող քաղաքական գործիչ է, սակայն անվայել արտահայտություն արեց վերջին ԱԺ նիստի ժամանակ»,- ասել է նա` ավելացնելով, որ անվայել վարք է դրսեւորել նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: