Մարտի 27-ին հեռուստաեթերում թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), հայտարարել էր, թե ՀՀԿ-ն իր առաջ պայման է դրել, որ «առանց պաշտպանելու` ինքը պետք է գնա ընտրություններին»: Հիշեցնենք, որ թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է անկուսակցական Սեդրակ Սարոյանին: Արդյո՞ք ՀՀԿ-ն այդկերպ է առաջնորդվում` իր թեկնածուների դեմ առաջադրելով կուսակցությունից այլ թեկնածուների` Լուրեր.com-ի հարցին ի պատասխան, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Ես արդեն երեկ ասել եմ, որ բոլոր այն 33 ընտրատարածքներում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել եւ պաշտպանում է թեկնածուներին եւ դրանց վերաբերյալ ունի որոշում, ՀՀԿ-ն պաշտպանելու է միայն նրանց: Իսկ ով ինչ, ոնց է ասում` ես դա չեմ մեկնաբանում, որովհետեւ ես մեկնաբանում եմ փաստը, եւ փաստը այն է, ինչը ես ձեզ փոխանցեցի»: