ՄԻՊ-ը նաեւ գնահատող է

29/03/2012

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է մի շարք պետական գերատեսչությունների աշխատանքի վերաբերյալ իր գնահատականները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

Օրինակ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումների եւ նախարարության գործունեության ոլորտում առկա թերությունների ու խնդիրների մասին նրա գնահատականում նշված է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության նորաստեղծ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից դեռեւս լիարժեք հսկողություն չի իրականացվել մսամթերքի վաճառքի նկատմամբ, մինչդեռ Գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակն, ի թիվս այլ բնագավառների, ընդգրկում է նաեւ սննդամթերքի անվտանգությունը: Չի ներդրվել գյուղատնտեսական ապահովագրությունը, այնինչ նման ապահովագրությունը կարող է ապահովել բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին հասցված վնասների փոխհատուցումը: Չնայած ապրանքարտադրողների համար տնտեսվարման բարենպաստ միջավայր ստեղծելուն, նախարարության կողմից ձեռնարկված գործնական ու դրական քայլերին, արդյունքները բավարար չեն եղել: Նախարարության անվտանգության պետական ծառայությունը չի իրականացրել պատշաճ հսկողություն հաց արտադրող ընկերությունների գործունեության նկատմամբ: Հանրապետությունում առկա չէ սպանդանոցային բավարար ցանց` անասնագլխաքանակի մորթը պատշաճ ձեւով իրականացնելու համար…»: Դրանից հետո ՄԻՊ-ը շարադրել է Գյուղատնտեսության նախարարության համակարգում արձանագրված դրական զարգացումները, որոնց մասին առանց այդ էլ շատ է խոսվում պաշտոնական քարոզչության կողմից:

Կ. Անդրեասյանը ներկայացրել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության գնահատականը: «Չի ապահովվել ոչ պարենային ապրանքների մակնշման, օգտագործման եւ պահպանման պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը: Նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում` ոչ պարենային ապրանքների որակի եւ անվտանգության պահանջների վերահսկողության իրականացման ուղղությամբ: Չնայած նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների, արդիական է մնացել սպառողների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման խնդիրը: Չնայած որ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Աշխատակազմի շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից 2011 թվականի ընթացքում իրականացվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջների եւ չափագիտական կանոնների եւ նորմերի պահպանման պետական վերահսկողություն 221 տնտեսվարող սուբյեկտներում, այնուամենայնիվ, մասնագետների կողմից այն գնահատվել է ոչ բավարար, եւ անհրաժեշտություն կա այն էլ` առավել ակտիվացնելու:

Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար լիցենզիաներ տրամադրելիս նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության կողմից չի ցուցաբերվել միասնական մոտեցում այլոց իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտմանը հանգեցնող հանգամանքների ուսումնասիրության եւ գնահատման գործընթացում: Բավարար չեն եղել հյուրանոցային ծառայությունների եւ մարզային հանգստի այլ ծառայությունների առաջարկի ավելացմանը, դրանց որակի եւ մրցունակության բարձրացմանը նպաստելուն ուղղված միջոցառումները»: Այս ընդհանրական քննադատությունից հետո, ինչպես Գյուղնախարարության դեպքում, ՄԻՊ-ը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության գործունեության` իր կարծիքով, դրական զարգացումները: Նույն տրամաբանությունն ունեն նաեւ ՄԻՊ-ի ԱԱԾ-ի եւ Ոստիկանության գործունեության գնահատականները: «ՀՀ արդարադատության նախարարության կազմում ընդգրկված «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը քաղաքացիների մեծամասնության կողմից ընկալվում է որպես Ազգային անվտանգության ծառայության կառույց, եւ իր ամենօրյա կազմակերպչական բնույթի լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է ԱԱԾ ներքին կանոնների համաձայն: Չնայած եղել են որոշակի քննարկումներ, այնուամենայնիվ, իրավիճակը մնացել է նույնը, եւ խնդրին հնարավոր կլինի լուծում տալ ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից դուրս բերելով միայն: Առանձին դեպքերում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել քաղաքացիներ եւ հայտնել, որ սահմանային անցակետի տեսուչները` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերին ընդունված թիվ 821 որոշման պահանջները, վերցրել են քաղաքացու անձնագիրն` առանց դրա հիմքերն ունենալու (առկա է եղել ենթադրաբար կեղծ վիզա կամ այլ պատճառ)` հետագայում հրաժարվելով այն վերադարձնել: Հետագա խնդիրներից խուսափելու համար նշված քաղաքացիները չեն ցանկացել իրենց գործերին ընթացք տալ: Չնայած ԱԱԾ պատրաստակամությանը` բողոքի առկայության պայմաններում ուսումնասիրելու նմանատիպ ցանկացած դեպք եւ խստորեն պատժելու կարգազանց տեսուչներին, այնուամենայնիվ գտնում ենք, որ անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել` բացառելու համար նման դեպքերը: Եղել են դեպքեր, երբ ծառայությունը մերժել է քաղաքացիներին տրամադրել իրենց վերաբերյալ տեղեկություններ: Այսպես, քաղաքացին ցանկացել է ԱԱԾ-ից վերցնել տեղեկանք այն մասին, թե վերջին անգամ երբ է հատել պետության օդային կամ ցամաքային սահմանը, սակայն ստացել է պատասխան` պատճառաբանությամբ, թե տվյալները չեն պահպանվում: ԱԱԾ-ն ներկայացրել է հիմնավոր պատճառաբանումներ, որ հարցված տեղեկատվությունը օբյեկտիվ պատճառներով եւ օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան չի պահպանվել: Գտնում ենք, որ պետք է համապատասխան իրավական ակտերով սահմանվի այն բոլոր դեպքերն ու պայմանները, երբ քաղաքացիները կարող են ստանալ վերոնշյալ տեղեկությունը, քանի որ անձին իր վերաբերյալ տեղեկությունների չտրամադրումը հանգեցնում է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի խախտմանը: Պաշտպանին հասցեագրված ԱԱԾ-ի դեմ ուղղված դիմում-բողոքները որոշ դեպքերում վերաբերել են նաեւ ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցների գործողություններին` օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն չիրականացնելուն: Պաշտպանի լիազորությունները նախաքննության ընթացքում խիստ սահմանափակ են, ինչի պատճառով էլ քաղաքացիների դիմումներով հիմնականում կայացվել է կա՛մ դիմողին իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին, կա՛մ դիմումը չքննարկելու մասին որոշումներ»: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության գործունեության գնահատականին, ապա դրանում նշված է. «Որոշ դեպքերում հետաքննության եւ նախաքննության մարմինները, ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային, ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» Ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավիճակ:

Հաճախակի են եղել դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին Ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո 3 ժամից ավելի` (առանց կարգավիճակ տալու) պահել են բաժնում` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջները: Բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործության մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել, եւ այդպիսիք, այսպես կոչված, «կցվել են շարք»: Որոշ դեպքերում Ոստիկանության աշխատակիցների կողմից անձից, առանց օրինական հիմքի, վերցվել է անձնագիրը եւ պահվել իբրեւ երաշխիք: Շատ դեպքերում հանցագործության հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր չի տրամադրվել կամ տրամադրվել է անհարկի ձգձգումներով, երբեմն էլ` ժամանակավրեպ: Բազմաթիվ են դեպքերը, երբ խախտվել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով («Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը») սահմանված ժամկետները: Նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններում առկա հակասությունների պարագայում երբեմն չեն հարուցվել քրեական գործեր, ինչը հնարավորություն կընձեռեր նախաքննություն իրականացնող մարմնին գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացնել առերես հարցաքննություններ: Որոշ դեպքերում խախտվել են ձերբակալվածների պահման վայրերում կալանավորված անձանց պահելու ժամկետները: Հետաքննության եւ նախաքննության ընթացքում երբեմն անձինք հրավիրվել են հարցաքննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի պահանջների խախտումով: Առանձին դեպքերում Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձինք զրկվել են պաշտպան ունենալու իրավունքից: Եղել են բողոքներ, որ հետախուզվող անձին հայտնաբերելու պատրվակով, Ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել անձի բնակարան եւ առանց դատարանի համապատասխան որոշման իրականացրել խուզարկություն:

Հաճախ Անձնագրերի եւ վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժիններում անհիմն մերժվել են ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը` հաշվառված չլինելու պատճառաբանությամբ»: