Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 387 մլն դոլար է հատկացնելու Վրաստանին` 2012-2013թթ. ֆինանսատնտեսական նախագծերի իրագործման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Էդուարդ Գարդները: Նրա խոսքով, այդ գումարի հատկացման վերաբերյալ համաձայնագիրն ապրիլի 11-ին կներկայացվի ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի հաստատմանը: Նշվում է, որ նոր ծրագիրը կհանդիսանա նախորդ տարի ավարտված ծրագրի շարունակությունը, որի շրջանակներում Վրաստանը 33 ամսում ԱՄՀ-ից ստացել է 893 մլն դոլար: Հետաքրքիր է, որ դրան զուգահեռ` հայտնի է դարձել, որ ներկայումս ԱՄՆ համապատասխան ծառայությունները ստուգումներ են իրականացնում Վրաստանում գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդներից Լեւան Բերձենիշվիլին: Ըստ նրա` ԱՄՆ իշխանությունները ստուգում են, թե Վրաստանում ինչպես են ծախսվել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար տրված գումարները. «Ամերիկացիները ճիշտ չեն ծախսել իրենց փողերը Վրաստանում: Այս ողջ տարիներին փաստացի հատկացված գումարները հայտնվել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ձեռքում: Վերջինս դրանց հետ վարվել է այնպես, ինչպես ինքն է ցանկացել: Այժմ ամերիկացիները որոշել են հաշվարկ անել: ԱՄՆ-ը չափազանց անհանգստացած է Վրաստանում առկա իրավիճակով: ԱՄՆ-ը մտադիր է լուրջ մոնիտորինգ անցկացնել Վրաստանին հատկացված գումարների նպատակային ծախսման ուղղությամբ»,- ասել է նա` ավելացնելով, որ մի քանի օր առաջ Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ Վրաստանում ԱՄՆ ապագա դեսպան Ռիչարդ Նուլանդը հայտարարել է, թե անհրաժեշտ է խստորեն վերահսկել ժողովրդավարացման զարգացման նպատակով Վրաստանին հատկացվող գումարները: