«Միջուկային անվտանգության հարցերով Սեուլի միջազգային գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած` Հայաստանի ատոմակայանին վերաբերող արձանագրումներն այլ բան չեն, քան հերթական շահարկումներ»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նշենք, որ Ադրբեջանի ղեկավարը մասնավորապես ասել է, թե 1976 թվականին կառուցված Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության ժամանակակից պահանջներին, հետեւաբար սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը:
Սեուլում ունեցած իր ելույթում հակադարձելով Ալիեւին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի նախագահի` հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ»: «Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը», – հայտարարել է Ս. Սարգսյանը: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, Ալիեւի այս շահարկումները հատկապես բնութագրական են այն իմաստով, որ հարկադրաբար միջուկային էներգիայի օգնությանը դիմող Հայաստանը այդ կացության մեջ է հայտնվել հենց Ադրբեջանի բանեցրած շրջափակման քաղաքականության պատճառով:
«Եթե նախագահ Ալիեւն այդչափ անհանգստացած է Մեծամորի ատոմակայանի վիճակով, ապա ես համոզված եմ, որ Եվրամիությունը միայն կողջուներ Ադրբեջանի կողմից Հայաստանում առավել ապահով եւ ժամանակակից ատոմակայան կառուցելուն նպատակամղված դրամական ներդրումը»,- ասել է Կիրակոսյանը: Հարցին` Սեուլում տեղի ունեցած այս բանավեճը կարո՞ղ է ինչ-որ քաղաքական հետեւանք ունենալ, նա պատասխանել է. «Հայաստանը Վաշինգտոնում կայացած` միջուկային անվտանգության նախորդ գագաթաժողովին եւս ակտիվորեն մասնակցում էր, մինչդեռ Ադրբեջանն ընդհանրապես բացակայում էր: Արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանը մասնակից է դառնում այս կարեւոր միջոցառմանը` ցուցադրելով, որ հանձնառու է միջազգային անվտանգության հարցերում եւ շատ լուրջ է վերաբերվում դրանց»: Մինչդեռ, ըստ Կիրակոսյանի, ի հակադրություն Հայաստանի այս հանձնառության` Ադրբեջանն ինքն է սպառնում տարածաշրջանային անվտանգությանը: