Կեղծ ու պիղծ գիտություն

29/03/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած շաբաթվա ֆոնին էս մեկը հիասթափությունների շաբաթ էր: Թե տնտեսական առումով, թե քաղաքական, այսինքն` նախընտրական: Պարզ բան է՝ հիմա ամեն ինչ է նախընտրական «տրամաբանությանը» ենթարկվում: Դրամի արժեւորման հույսերը չարդարացան: Ոչ պարսկաստանցիները կանխիկ տարադրամի սպասված ծավալ մսխեցին մեր շուկայում: Ոչ էլ կուսակցական ռեյտինգները ֆինանսավորող օլիգարխներն են շտապում կանխիկ տարադրամը ազգային արժույթի վերածել՝ վասն քվեի: Դրամի անկյալ փոխարժեքը նորից հատեց հոգեբանական 390-ի ցուցանիշը: Բայց հիասթափության գործընթացն իր լրումին հասավ, երբ ՀՀ ոստիկանությունը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակները: Մինչ այդ նախընտրական հերթական ոգեւորության շրջան էր: Քիչ թե շատ հեղինակություն ունեցող բոլոր միջազգային կառույցները, գերտերությունների դեսպանները մեր իշխանություններին հորդորում էին ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել: Մերոնք էլ բաց-բաց հայտարարում էին, որ հորդորները տեղ են հասել: Նույնիսկ իշխանության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր հավատացել: Հավատացել ու հայտարարել էր, թե տեր է կանգնելու իր ստացած ձայներին: Մեր հասարակությունն էլ, ուր որ է, հավատում էր: Բայց նախընտրական ցուցակները չթողեցին: Չնայած, որ 1991թ. հետո արժանահավատ ընտրություն չի տեսել: (1995-ից սկսած մեր բոլոր ընտրություններն ու հանրաքվեները, մեղմ ասած, լեգիտիմության պակաս ունեն): 2012-ի խորհրդարանական ցուցակները ռեկորդային թիվ արձանագրեցին: Բոլոր նախորդ ընտրությունների համաձայն: Չնայած, որ այս տարվա մարդահամարի տվյալներով` մեր երկրի բնակչության թիվը նվազել է: Վերջին՝ 2008թ. նախագահական ընտրությունների ցուցակում 2 մլն 320 հազար ընտրող էր, իսկ հիմա` 2 մլն 486 հազար: Անցած չորս տարում ընտրողների թիվն ավելացել է 166 հազարով: «Որտեղի՞ց այս թիվը» հարցը ժողովրդագիրների շրջանակում պատասխան պիտի որ չգտնի: Մինչ 1991թ. մեր ժողովրդագրական ցուցանիշների վրա ամենամեծ ազդեցությունը թողել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1991-ից հետո՝ տնտեսական ճգնաժամը: Որքան էլ տարօրինակ լինի` 1990-ականներին Հայաստանում տարեկան 30-50 հազար երեխա էր ծնվում: Այս ցուցանիշին երկիրը հասավ 2000-ականների երկրորդ կեսին միայն՝ կոպիտ հաշվարկով տարեկան 40 հազար երեխա: Նախընտրական ցուցակներ հորինողները հավանաբար հենց այս թիվն են հաշվի առել: Հաշվի են առել ու ընտրողների թիվը չորս տարվա 40 հազարը բազմապատկել ու 166 հազար են ստացել: Թվաբանական իմաստով` ճիշտ է: Բայց ժողովրդագրության տեսակետից, մեղմ ասած, թերի: Որովհետեւ հաշվի չի առնվել մահացության ցուցանիշը: Ժողովրդագրության մեջ կա «Բնակչության բնական աճ» հասկացությունը: Այն ձեւավորվում է ծնվածների ու մահացածների թվի տարբերությամբ: Օրինակ` 2005թ. մեր երկրի բնական աճը կազմել է մոտ 11 հազար: Որովհետեւ մահացածների թվից ընդամենը 11 հազար երեխա է ավելի ծնվել: 2006-ին՝ 10.5 հազար: 2008-ին՝ 14 հազար: 2009-ին՝ 17 հազար: 2010-ին՝ 17 հազար: Այս ցուցանիշը 2011-ին կրկին նվազել է՝ 15.4 հազար: Բայց վերադառնանք 1990-ականների ցուցանիշներին: Ի հեճուկս տնտեսական երկնիշ աճի` այդ տարիներին բնակչության բնական աճի ցուցանիշն ավելի բարձր էր: Բայց միեւնույն է, այն խորհրդարանական ցուցակի համար նման աճ չէր կարող ապահովել: 1990-ականների առաջին կեսի բնական աճի միջին ցուցանիշը 25 հազար է: Հետեւաբար` ընտրողների ցուցակը լավագույն դեպքում պիտի աճեր 100 հազարով: Սա` այն դեպքում, եթե պնդենք, որ 1992-94թթ. ծնված բոլոր երեխաները մնացել են հայրենիքում: Այսինքն` պիտի ձեւացնենք, որ վերջին 20 տարում Հայաստանից արտագաղթ չի եղել: Դրա համար մեծ ջանքեր պետք էր գործադրել: Բայց միայն իրականությունը նիհիլ հայտարարելը չի փրկի: Պետք է նաեւ չհավատալ արտագաղթի պաշտոնական թվերին: Այս դեպքում արդեն ամեն ինչ տեղը կընկնի: Իհարկե, լրացուցիչ մի քայլ էլ է պետք կատարել: Ամենեւին չէր խանգարի Ժողովրդագրությունը կեղծ գիտություն հայտարարել: Իսկ տրամաբանությանը զոռ տվող ժողովրդագիրներին արտաքսել երկրից: Դրանց համար պարզ է, թե ում էր անհրաժեշտ երկրի չափահաս բնակչության թիվը 166 հազարով ավելացնելը: Ու հենց նրանց խելոք-խելոք վերլուծությունների արդյունքում է մարում հույսը: Հույսը, թե 2012թ. խորհրդարանական ընտրությունները լինելու են «ազատ, արդար ու թափանցիկ»: Հենց ՀՀ ոստիկանությունն ընտրողների ցուցակները հրապարակեց, «ազատ, արդար ու թափանցիկ»-ի երաշխավորը՝ ԿԸՀ-ն, դրանք իր կայքում տեղադրեց: Ոչ բաց-բաց, իհարկե: Բաց-բաց դրանք միայն ընտրատեղամասերում են տեղադրվում: Մամուլն արդեն քչփորել-գտել է մի փառապանծ (Երեւանի 9-րդ) տեղամաս, ուր 562 Լուսինե անունով ընտրող կա: Ծննդյան տարբեր օրեր, տարբեր ազգանուններ ու հայրանուններ ունեցող: ԿԸՀ-ն, կարծեմ, արդեն ինչ-որ բացատրություն գտել է: Գտել ու տվել: Բայց քանի դեռ ժողովրդագրությունը պիղծ գիտություն չի հայտարարվել, իշխանությունները երկու ճանապարհ ունեն: Կամ պիտի հայտարարեն, որ ՀՀ մահացած քաղաքացիներին շնորհվում է «Պատվավոր ընտրողի» կոչում, եւ նրանց անուններն ընդմիշտ ներառվում են ընտրացուցակ: (Ու իրենք՝ իշխանությունները պարտավորվում են ապագա բոլոր ընտրություններում քվեարկել ննջեցյալների փոխարեն): Կամ էլ տրամաբանությունն են ոչ եւս հայտարարում: Այլ ելք, կարծես, չկա: Գոնե մարդկային տրամաբանության շրջանակում: