Վերահսկիչ պալատը մի քանի տասնյակ միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել Աբովյանի քաղաքապետարանի` 2009-2011թթ. գործունեության ուսումնասիրման արդյունքում: Նման տվյալներ են պարունակում Վերահսկիչ պալատի` մի քանի օր առաջ հրապարակած «Կոտայքի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման մասին» անունը կրող փաստաթղթում, որում արձանագրված են քաղաքային համայնքի կողմից իրականացված օբյեկտների շինարարության եւ հիմնանորոգման, փողոցների ասֆալտապատման, գույքահարկի բազաների, տեղական տուրքի վճարման, արտաքին գովազդի տեղադրման հետ կապված բազմաթիվ չարաշահումներ: ՎՊ-ի ուսումնասիրությունների հրապարակումը ոչ թե, ասենք, երկու ամիս առաջ, այլ հենց հիմա` ընտրությունների նախաշեմին, հետաքրքիր է նրանով, որ Կոտայքի մարզը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտին: Բացի այդ, Աբովյանի քաղաքապետը Գ. Ծառուկյանի փեսան է եւ ԲՀԿ անդամ: Ի դեպ, այս ֆոնին ուշագրավ է նաեւ երեկ հրապարակված տեղեկությունը, որ կառավարության այսօրվա նիստը տեղի է ունենալու Կոտայքի մարզում` Հրազդան մարզկենտրոնում: