Դեռեւս 2010թ. ԱԺ էր ներկայացվել «Ավտոկայանատեղիների միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» օրինագիծը, ըստ որի` ավտոկայանատեղիի գործունեությունը կազմակերպվում է համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված համայնքային մարմնի կողմից, եւ համայնքի ավագանու որոշմամբ` ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձի: Օրենքն ընդունվեց 2010 թվականին: Չնայած դրան, երեւանյան փողոցներում իրականությունն այլ է, իսկ դրա ամենավառ արտահայտիչները ավտոկայանատեղիներում աշխատող «կանաչ ժիլետավորները» կամ, այսպես ասած` «ստոյանշչիկներն» են: Երեւանյան ավտոկայանատեղիներում «ստոյանշչիկության» ծառայությունը նվազագույնը 200 դրամ արժե: Այդ գինը կարող է հասնել մինչեւ անգամ «պատվի հարցի»: Երեւանի Աբովյան փողոցի «ստոյանշչիկներից» մեկն այդ մասին խոսեց մեծ ոգեւորությամբ` նշելով, որ «ում պատիվն ինչքան թանկ է` թանկ էլ վճարում է»: Հարցին, թե իրենք ինչ-որ ընկերության աշխատակից համարվո՞ւմ են, եւ ո՞ւմ են վճարում գանձվող գումարները, աշխատակիցը պատասխանեց, թե անձամբ ինքն աշխատում է հանդիպակաց փողոցին գտնվող ռեստորանի համար, եւ գանձվող գումարներն էլ նրանց է տալիս: «Նրանք էլ տալիս են թաղապետարաններին, Հարկային տեսչությանը, հետո ասեմ, որ թոշակառուների ֆոնդին էլ ենք փոխանցում»,- նշեց «ստոյանշչիկը»: Ըստ նրա` բոլոր ավտոկայանատեղիները հիմնականում պատկանում են ինչ-որ խանութների, սուպերմարկետների, սննդի օբյեկտների, որոնք «ստոյանշչիկների» փոխանցած գումարից գանձումներ են կատարում վարչական շրջաններին: «Դե նայած, թե ո՞ր թաղամասում է գտնվում էդ ավտոկայանատեղին»,- հավելեց զրուցակիցս: Երեկ Երեւանի մի քանի վարչական շրջաններից փորձեցինք պարզել, արդյո՞ք իրենց վճարում են ավտոկայանատեղիների համար:
Մենք զանգահարեցինք Երեւանի 3 վարչական շրջանների` Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն համայնքների Առեւտրի եւ սպասարկումների բաժիններ: Աջափնյակի վարչական շրջանի նշյալ բաժինը չպատասխանեց հեռախոսազանգերին, իսկ մյուս երկուսի դեպքում պատասխան ստացանք բաժնի գործավարուհիներից: Վերջիններս նշեցին, թե «բաժնի պետերն ու նրանց տեղակալները տեղում չեն»: Ընդ որում` «Կենտրոն» վարչական շրջանի Առեւտրի եւ սպասարկումների բաժնի գործավարուհին, հետաքրքրվելով, թե ի՞նչ հարցով ենք իրենց անհանգստացրել, ասաց, թե «ստոյանշչիկների» հարցով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանը, իրենք չեն առնչվում նրանց հետ, եւ, որ այդ կառույցն էլ վերահսկում է գանձվող գումարները: Այնուհետ գործավարուհին մեզ «խորհուրդ» տվեց քաղաքապետարանից տեղեկատվություն ստանալ: Երեւանի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ նշեց, թե Երեւանի քաղաքապետարանը որեւէ առնչություն չունի այդ հարցի հետ: Մեր այն հարցին, թե ովքե՞ր են իրավասու գանձել այդ գումարները, ո՞ր ընկերություններին է տրվել այդ արտոնագիրը, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Ընկերությունների մասին որեւէ բան չեմ կարող ասել, կարող եք հետաքրքրվել յուրաքանչյուր վարչական շրջանից, այսինքն` եթե դա իրականացնում են Կենտրոն վարչական շրջանում, ուրեմն` պետք է հետաքրքրվեք Կենտրոն վարչական շրջանից, թե ի՞նչ ընկերություններ են ստացել նման գործունեություն իրականացնելու թույլտվություն: Ինչ վերաբերում է հավաքագրվող գումարներին, եթե չեմ սխալվում, դրանք նախեւառաջ վարչական շրջանները տրամադրում են հաստատագրված վճարով, այսինքն` հաստատագրված գումար են վճարում տվյալ տարածքի համար, եւ իրականացնում են այդ գործունեությունը: Իսկ գանձվող գումարները, որոնց համար օրինական գործող կայանատեղիների աշխատակիցները պարտավոր են տրամադրել հաշվիչ-դրամարկղային կտրոններ, եւ որոնց գործունեության հավաքագրումը պետք է երեւա հարկային տարածքային ծառայություններում»: Հարցին, թե Երեւանի քաղաքապետարանն ի՞նչ դերակատարում ունի նշյալ գործում, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, այս պահին նշանակում ենք Երեւան քաղաքի տրանսպորտի հայեցակարգը, որտեղ ներառված է նաեւ ավտոկայանատեղիների խնդիրը, այսինքն` քաղաքում հատկացնել որոշակի տարածքներ, որոնք կօգտագործվեն` որպես ավտոկայանատեղիներ»: Իսկ մեր այն հարցին, թե Երեւանում քանի՞ ավտոկայանատեղի է գործում, Երեւանի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը պատասխանեց. «Օրինական չեմ կարող ասել: Խնդրում եմ գրավոր հարցում ուղարկել դրա համար, որպեսզի մենք դիմենք մեր Տրանսպորտի վարչությանը, որը կներկայացնի նաեւ քաղաքապետարանի կողմից հատկացված անվճար ավտոկայանատեղիները»: Ըստ նրա` մայրաքաղաքում գործում են անվճար ավտոկայանատեղիներ, որոնցից մեկը նախկին «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ առանձնացված ավտոկայանատեղին է: Թե իրականում ի՞նչ է կատարվում այս դաշտում, եւ ո՞վ է տնօրինում վարորդներից գանձվող գումարները` քաղաքապետարա՞նը, վարչական շրջաննե՞րը, թե՞ երրորդ անձինք` դժվար է միանշանակ պատասխան տալ, բայց այն, որ այս դաշտը բավական «խորհրդավոր է»` փաստ է…