«Այ իշխանություն, այ թեկնածուներ, ես ձեր կաշառքի կարոտը չեմ, ինձ աշխատանք տվեք»,- ասում է թշվառության մեջ ապրող Մելանյա Ավետիսյանը

29/03/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գերազանց գնահատականներով սովորող առաջին դասարանցի Հարությունն աշխարհում ամենաշատը սիրում է իր մորն ու ամենաշատը չի սիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Չնայած սոսկալի աղքատությանն ու կարիքին, այնուամենայնիվ վստահ է, որ չափահաս դառնալուց հետո մեր երկրում ինչ-որ բան փոխելու համար ինքն իր դերակատարումն ունենալու է: Նախ զինվոր կդառնա, իսկ հետո կզբաղվի կրթությամբ: Հունվարի 28-ին ծնված այս փոքրիկը համարում է, որ ինքը պատահական չի ծնվել այդ օրը, մանավանդ, որ իր ծննդյան ու հայոց բանակի օրվա առթիվ պետական մակարդակով շքերթ է կազմակերպվում ու ողջ հանրապետության Զինված ուժերը ոտքի են կանգնում: Հարցնում եմ` «Հասկացանք, որ ամենաշատը մամայիդ ես սիրում. բա նախագահին ինչի՞ էդքան չես սիրում»: Ուսերն է թափ տալիս ու նայելով հեռուստացույցի կողմը` «մուննաթ» է գալիս. «Լավ եմ անում, չեմ ուզում` չեմ սիրում: Հիմա ի՞նչ, գալու ա ինձ ծեծի՞: Մենակ զինվորներին եմ սիրում: Ես էլ եմ այ տենց շարք կանգնելու ու հավասար քայլելու: Գիտե՞ս, չեմ համբերում, հլը քանի տարի կա…»: Զինվորական կյանքին սկսում է վարժվել դեռեւս յոթ տարեկանից: Օրինակ` սովորել է ճիշտ քայլք կատարել ու, անգամ իրենց մի քանի մետրանոց սենյակում ունակություններն ի ցույց դնելու համար զգաստ կանգնում է ու` մեկ-երկու անելով, սկսում է քայլել: Երկրորդ քայլը կատարելիս բախվում է պատին: Շրջվում է հակառակ կողմը, ու կրկին քայլ կատարելիս ոտքը դիպչում է բազմոցին: «Է՜, հիմա ես քեզ ստեղ ո՞նց ցույց տամ, տեղ չկա: Ուզո՞ւմ ես դուրս կգանք միջանցք` կքայլեմ»: Հարությունն ասում է, որ դպրոցից տուն վերադառնալուց եւ դասերը սովորելուց հետո սկսում է մորն օգնել կենցաղային գործերում: Օրինակ` աղբն է թափում, ամաններն է լվանում… «Հա, բա ո՞նց: Սովորում եմ, որ բանակում էլ անեմ»,- հպարտությամբ ասում է` պատռված մարզակոշիկը մի կերպ ոտքից կախ քարշ տալով:

Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանի այն սենյակը, որտեղ Հարությունը բնակվում է ծնողների ու քրոջ հետ` աղբանոցից շատ չի տարբերվում: Պետքական են, թերեւս, ամենուր անփույթ դասավորված գրքերն ու դպրոցական պայուսակները: Սենյակի խոնավությունից պատուհանագոգը բորբոսնել է: Մայրը` Մելանյան, բարեկիրթ կին է, ով անգամ իր ամենադաժան երազում տեսնել կամ պատկերացնել չէր կարող, որ մի օր հայտնվելու է նման թշվառ վիճակում: Ամբողջ ձմեռ սենյակը տաքացրել են էլեկտրական փոքրիկ սալիկով: «Էնպես էի անում, որ գոնե 5000 դրամից ավելի չվառենք, չենք կարողանում վճարել: Երեխեքս քանի անգամ թոքաբորբով հիվանդացան: Աղջկաս բրոնխները շարքից դուրս եկան: Երկու անգամ շտապօգնություն եմ կանչել: Տարան հիվանդանոց` էնքան գումար ուզեցին, որ երեխուս վերցրեցի` փախա»,- ասում է երկու երեխաների մայրը` հավելելով, որ որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան իր եւ իր ընտանիքի «լինելիությունը» հանկարծ կարեւոր է դառնում: Օրինակ` Հարությունի դասընկերների ծնողներն օրեր առաջ նրան հարցրել են, թե արդյոք չի՞ պատրաստվում ձայն տալ «Օրինաց Երկիր» կուսակցությանը` ասելով, թե ՕԵԿ-ն իրենց համար շատ բան է արել: «Ասեցի` դեռ չգիտեմ: Հասկանո՞ւմ եք, շատ վիրավորական ա, որ ընտրությունից ընտրություն հանկարծ հայտնվում են մարդիկ ու մի օրվա ապրելու սնունդ կամ մի ուրիշ բան են բաժանում, ինչ ա թե` ձայն կորզեն: Ո՞ւմ ընտրեմ, երբ բոլորն էլ մարդկանց հիմարի տեղ են դնում: Իշխանություն կամ թեկնածուներ` ես ձեզնից ողորմություն չեմ խնդրում, ոչ էլ ձեր կաշառքի կարոտն եմ: Ես արժանապատիվ, հպարտ մարդ եմ: Ինձ աշխատանք տվեք, ուրիշ ոչ մի բան: Ձայնս կտամ էն մարդուն, ով աշխատատեղեր կստեղծի ու մեզ չի ստորացնի»,- ասում է Մելանյան` հավելելով, որ մշտապես ուշադրություն է դարձնում թեկնածուների ծրագրերին` այնտեղ փնտրելով աշխատատեղերի ստեղծման մասին խոստումները, որոնք մշտապես խոստում էլ մնում են:

Ի դեպ, նշենք, որ Վարդաշենի հանրակացարանում ապրում է մայրաքաքաղաքի ամենաաղքատ խավը, որոնց մասին ՀՀ իշխանությունները հավանաբար տեղյակ էլ չեն: Մինչդեռ ընտրությունից ընտրություն այս տարածք են գալիս կուսակցություններն ու թեկնածուները` «յուղ ու բրինձ» բաժանելու: Առաջիկայում կհրապարակենք, այսպես ասած` թարմ դեպքերը, չնայած շատ ենք գրել նախորդ ընտրություններից առաջ կատարված նման միջադեպերի մասին:

Ընդհուպ` մինչեւ անգամ հոգեբուժարան

Մելանյան ու Հովհաննեսն ամուսնությունից հետո ապրել են վերջինիս հայրական տանը, որը գտնվում է Էրեբունի զանգվածում: Բազմանդամ ընտանիքում, Հովհաննեսի ծնողներից բացի, նույն տանն ապրել են նաեւ Հովհաննեսի եղբայրը` ընտանիքով, ինչպես նաեւ քույրը` երեխաների հետ: Մելանյան ասում է. «Սկզբում նորմալ ապրել ենք, բայց հետագայում արդեն հարաբերությունները լարվեցին: Դե՛, պատկերացրե՛ք, տեգրս` կնոջ, երեխաների հետ, տալս` ամուսնու, երեխաների հետ: Սկսվեցին կենցաղային հողի վրա վիճաբանություններ: Ամուսինս աշխատանք չուներ, իրենք էլ` ստիպում էին, որ կոմունալ ծախսերը մենք էլ վճարենք: Ստիպված լույսի առանձին հաշվիչներ տեղադրեցինք, բայց…»: Ներընտանեկան հարաբերություններն այնքան են լարվել, որ եղբայրների միջեւ սուր վիճաբանություններ են սկսվել: Հովհաննեսն ընտանիքի հետ մի քանի ամիս առանձնացել ու վարձով է ապրել, բայց հասկանալով, որ գործազուրկ լինելով հնարավոր չէ վարձ վճարել` կրկին վերադարձել են հայրական տուն: Մելանյան ասում է, որ ամուսնու մոտ գլխացավեր են սկսվել, բայց կարծել են, թե ընտանեկան լարված հարաբերությունների պատճառով նյարդերը տեղի են տվել: Սակայն` գնալով ցավերը սրվել են, իսկ Հովհաննեսը դարձել է անկառավարելի: «Մենք որ ամուսնացանք, ինքը շատ նորմալ ու լավ մարդ էր: Սկզբում երբեք խնդիրներ չեն եղել, ինքն էլ շատ լավ ամուսին ա եղել: Հետո արդեն ընտանեկան մթնոլորտը, իր գործազուրկ վիճակը, երեխաներիս անպաշտպան վիճակը շատ ծանր էր տանում: Լուռ տառապում էր ու չէր արտահայտվում: Ինքը շնորհքով էր, էլեկտրականության հետ կապված գործեր էր անում, գումար էր աշխատում, բայց դա էլ` հազվադեպ, քանի որ ստաբիլ աշխատանք չկար: Երբ գլուխը սկսում էր ցավել` պիտի աչքին ոչ ոք չերեւար: Հիմա էլ` մեկ-մեկ ցավից ոռնում ա, ձեռքին ընկածը ջարդուփշուր ա անում: Դեռ էն ժամանակ ստուգումներից հետո ասացին, որ նյարդային համակարգի հետ խնդիր ա: Սկեսուրս մի ծանոթ հոգեբույժ ուներ, բերեց, ստուգեց ու պարզվեց…»: Պարզվել է` Հովհաննեսի մոտ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներն այնքան են խորացել, որ հոգեբուժարան ուղեգրվելու կարիք ունի: Երկու երեխաների հայր, 40-ամյա Հովհաննեսը հիմա հոգեբուժարանի դիսպանսեր հիվանդ է, ով հանգիստ է այնքան ժամանակ, քանի դեռ հոգեմետ դեղորայքի ազդեցության տակ է: Մելանյան ասում է, որ նա ամբողջ օրը քայլում է ու ոչինչ չի խոսում: Քայլում է մի գծով ու անընդհատ: Երեխաները դժվարանում են հոր մասին ինչ-որ բան խոսել, միայն կմկմում են: Ժամանակ առ ժամանակ նա դառնում է անկառավարելի, իսկ Հարությունն ու Լիանան փոքր են` հասկանալու համար, որ հայրն իր կամքից անկախ է այլակերպվում: «Երեք տարի առաջ դիմեցինք դատարան, որ իր հայրական տանից մեզ անկյուն տան, որ էդ քաոսից դուրս գանք: Բնակարանը վաճառեցին ու 4000 դոլար գումար տվեցին, որով գնեցինք էս սենյակը»,- ասում է Մելանյան, ում միակ երազանքը ներկայումս երեխաներին լավ կրթություն տալն է: Ապրում են Հովհաննեսի 3-րդ կարգի հաշմանդամության 12.000 դրամ թոշակով եւ աղքատության 27.000 դրամ նպաստով: Մելանյան հիմա աշխատանք է փնտրում, որ հաշմանդամ ամուսնուն ու երեխաներին կարողանա խնամել: Ասում է. «Ուր դիմում եմ` աշխատանքային էնպիսի ժամեր են ասում, որ պիտի երեխեքիս ողջ օրը անտեր թողնեմ, էլ չեմ ասում` հիվանդ ամուսնուս հետ, ու մի քանի հազար դրամի համար շուրջօրյա աշխատեմ: Ճիշտն ասած` Հարությունիս գիշերօթիկ դպրոց տարա, որ կարողանամ հանգիստ խղճով աշխատել: Չկարողացավ մնալ: Երկու օր մնաց ու կարոտից հիվանդացավ, ջերմությունը բարձրանում էր, մանկավարժները չէին կարողանում ոչ մի կերպ պահել: Լացը չէին կարողանում կտրել: Զանգեցին, ասացին` վատ ա երեխան, ավելի լավ ա էլ չբերեք, կարոտին չի դիմանում, ինքը էստեղ չի կարողանա մնալ»: Հիմա Մելանյան ընտանիքին պահում է խանութներից պարտքով վերցրած սննդամթերքով: Ասում է` պարտքերի այնպիսի ցուցակներ ունի, որ սարսափում է մտածել այն մասին, որ այլեւս հրաժարվելու են իրեն պարտքով հաց տալ: «Փակուղի ա, հասկանո՞ւմ եք: Ապրել չի լինում: Ապրել էլ չէ` գոյատեւել: Չի լինում այնպես, որ կարողանաս ընտանիքիդ սովամահ չլինելու վտանգից պաշտպանես: Հիմա բոլորը եթերից մենակ սիրուն խոսում են, բայց ո՞վ ա պատկերացնում, թե ոնց ենք գոյատեւում: Գալու են ասեն` էս ենք անելու, էն ենք անելու, բայց արդեն ո՞վ ա հավատում: Առաջ գոնե հավատում էինք, իսկ հիմա նույնիսկ հավատն ենք կորցրել: Առաջ գոնե հույս ունեինք, հիմա լավ լինելու հույս էլ չկա: Վարչապետն ասում էր` երիտասարդ ընտանիքներին հիպոթեքով, մատչելի պայմաններով բնակարաններ, էսպես, էնպես: Ախր, ա՛յ, վարչապետ, դու նախ ինձ աշխատանք տուր, որ ես կարողանամ հաց գնել, հետո նոր հիպոթեքով բնակարան վերցնել: Եթե դու ինձ թողել ես գործազուրկ, ինչի՞ ես հիպոթեքի անուն տալիս: Անաշխատանք վերցնեմ, մնամ հիպոթեքի տա՞կ»,- բարկացած ասում է Մելանյան` հավելելով, թե մարդկանց ձայներին արժանանալու համար անհրաժեշտ էր անցած տարիների ընթացքում մարդկանց այսքան չնվաստացնել:

Վարդաշենի հանրակացարանների «բնակչությունը» շուտով իրեն մի քիչ «մարդ» կզգա, որովհետեւ թեկնածուներն այս տարածքում «աշխատանք» են տանելու: Ոմանք գերադասում են ստիպել հարգել իրենց արժանապատվությունը, իսկ ոմանք էլ պատրաստ են իրենց ձայնը փոխել մեկ հացի կամ 1 կգ ալյուրի հետ: Ապրելու խնդիր կա: Շուտով զինվոր դառնալու համար անհամբեր Հարությունի դուռը թակելու են էն մարդիկ, ովքեր պարտավոր էին իրենց ապագա զինվորի մոր զբաղվածությունն ապահովել, որովհետեւ բազմիցս խոստացել էին: Քաղցի ու խոնավության մեջ ապրող Հարությունը շտապում է սահման գնալ` նաեւ պաշտպանելու համար այն մարդկանց, ովքեր իրենց դուռը թակելով` նայելու են իր աչքերին, լայն ժպտալու են ու էլի ստելով հեռանալու են: