«Ծաղկաձորի կոյուղին մեծամասամբ լցվում է ձորը»,- ասում է տեղի բնապահպանը

29/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հատկապես վերջին շրջանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար հայտարարում է Հայաստանը տուրիզմի կենտրոն դարձնելու գրավչությունների մասին: Մինչդեռ նրա երեւակայած գրավչություններն ուղղակի «չեն տեղավորվում» ՀՀ շարքային քաղաքացու պատկերացումներում: Օրինակ, ուզում են հասկանալ, թե ո՞րն է Տաթեւում տուրիզմը զարգացնելու գրավչությունը վարչապետի համար` Տաթեւի վա՞նքը, աշխարհի ամենաերկար ճոպանուղի՞ն, թե՞ դրանից ամիսներ անց վարչապետի թույլտվությամբ նույն տարածքում կատարվող մետաղական հանքի հետախուզությունը: Նույնքան պատկերացումներից դուրս իրավիճակ է նաեւ Հայաստանի, այսպես ասած` «կուրորտային» օղակներից մեկում` Ծաղկաձորում:

Անտառահատումներից մինչեւ կոյուղաջրեր

Այն, որ Ծաղկաձորում անտառահատումներին զուգահեռ` ծաղկում է հյուրանոցային բիզնեսը, հայտնի է բոլորին: Ընդ որում` դեռեւս տարիներ առաջ այդ գործընթացը ամրապնդվեց օրենքով: Դեռեւս 2007թ. ապրիլի 5-ին Կառավարության 422Ն որոշմամբ` Կոտայքի մարզի հողերի կատեգորիան փոխվեց: «ՀՀ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերից 55.88 հա-ն հանգստի կազմակերպման նպատակով փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա»,- ասված է որոշման մեջ: Նշյալ որոշման համաձայն` բնակավայրերի հողերի կատեգորիայի 36.88 հա-ն տրամադրվեց խառը կառուցապատման համար, իսկ 14 հա-ն` հանգստի կազմակերպման համար: «Վերջին 10 տարվա ընթացքում Կառավարության տարբեր որոշումներով անտառների հողատեսքերը փոխել են` դարձնելով քաղաքաշինության հողեր, եւ, բնականաբար, անտառները վաճառվել են, մարդկանց սեփականությունն են: Հիմա անտառների մեծ մասն այդ կատեգորիան ունի»,- ասաց Ծաղկաձորում գործող «Անտառներ գալիք սերունդներին» հ/կ-ի նախագահ Մովսես Մանուկյանը` նշելով, որ անգամ այդ դեպքում, ըստ օրենքի` սեփականատերն իրավունք չունի անտառ հատել, իսկ շինարարությունն էլ պետք է արվի ազատ տարածքներում: «Ծաղկաձոր բարձրանալու ճանապարհին աջ եւ ձախ թեւերի անտառները սեփականաշնորհվել են»,- նկատեց Մ. Մանուկյանը: Ըստ նրա` իրենք բազմիցս դիմել են «Հայանտառին»` վիճակագրական տվյալներ ստանալու համար, թե 10 տարի առաջ եւ հիմա քանի՞ հա է կազմում Ծաղկաձորի անտառային ֆոնդը, բայց մինչ օրս այդպես էլ պատասխան չեն ստացել: «3 տարի առաջ Ծաղկաձորի հյուսիսային լանջը, որը լավ անտառապատ է, գրչի մի հարվածով այդ անտառի մոտ 60հա հողատեսքը փոխվեց` դարձնելով քաղաքաշինական հողեր: Դրանք վաճառվեցին 5-6 մարդու»,- ասաց «Անտառներ գալիք սերունդներին» հ/կ-ի նախագահը: Վերջինիս փոխանցմամբ` անտառների սեփականատերերը գործարքներն անում են ոչ իրենց անուններով, թեեւ բոլորին էլ հայտնի է, որ այդ մարդկանց թվում նշվում են ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի անունները, եւ այլն: Իսկ այն ժամանակ բարձրացրած աղմուկը մեղմելու համար կառավարության որոշմամբ` նշյալ հողերը դարձան Հրազդանի համայնքային նշանակության հողեր, ինչը բավական ձեռնտու գործարք էր: Մ. Մանուկյանի դիտարկմամբ` Հրազդանում հողի կադաստրային գինը 1000 դրամ է, Ծաղկաձորում` 5000 դրամ: «Տարիներ առաջ իրենք (մարզի իշխանությունները.- Մ.Մ.) այդ հողերը աճուրդի էին դրել, որոնք վաճառել էին 400 դրամով (1քմ-ն), երբ այդ ժամանակ Ծաղկաձորում հողի կադաստրային գինը 40.000 դրամ էր: Եթե մենք անտառները մատաղ ենք անում ինչ-որ մեկին, ապա այդ գումարները գոնե պետք է գնան պետբյուջե, որովհետեւ դրանք հսկայական գումարներ են»,- նշեց Մ. Մանուկյանը, ում խոսքով` տվյալ հողերում այս տարի շինարարություն է սկսվելու:

Հյուրանոցի շինարարություն է ընթանում նաեւ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում, որտեղ կրկին շոշափվում են իշխանության վերին օղակների ներկայացուցիչների անունները: Այստեղ, սակայն, խնդիրը ոչ թե անտառահատումն է, այլ այն, որ հյուրանոցը կառուցվում է այն տարածքում, որտեղ 2 տարի առաջ հնէաբանական պեղումների ժամանակ ուրարտական ժամանակաշրջանի ամրոցի հենքեր են հայտնաբերել: «Ծաղկաձորում բոլոր անտառները, այսինքն` ինչքան մնացել են որպես անտառային հողեր, 10 հա-ից չեն անցնում, մնացածը կա՛մ արդեն սեփականաշնորհված են, կա՛մ համայնքի սեփականությունն են, եւ սպասում են իրենց գնորդներին»,- նշեց Մ. Մանուկյանը, ըստ որի` ոչ պաշտոնական տվյալներով 10 տարի առաջ Ծաղկաձորի անտառները կազմում էին մոտ 500 հա: Զրուցակցիս ասելով` Ծաղկաձորի հիմնախնդիրներից մեկը դարձել է կոյուղու հարցը: «Ծաղկաձորի կոյուղին մեծամասամբ լցվում է ձորը, ինչն անթույլատրելի է կուրորտային քաղաքի համար: Մի փոքրիկ ձորակ ունենք, որտեղից սարերի մաքուր աղբյուրների ջուրն էր գալիս, եւ այն հիմնականում օգտագործվում էր ոռոգման նպատակով»,- ասաց նա: Ի դեպ, ըստ նրա` Ծաղկաձորում անտառների հատմանը զուգահեռ` վերացել են նաեւ աղբյուրները:

Քաղաքապետը բացառում է

«Ծաղկաձորում անտառահատում չկա: Դա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, չկա մեկը, ով կարող է ցույց տալ, որ Ծաղկաձորում մի ծառ հատվել է: Արդեն երեւի մոտ 7 տարուց ավելի նման բան չկա»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը` ասելով, թե նորակառույց հյուրանոցները կառուցվել են նախկին պիոներական ճամբարների տեղերում: Քաղաքապետի փոխանցմամբ` այսօր Ծաղկաձորում փաստացի 500հա անտառ կա: Իսկ ինչ վերաբերում է կոյուղու հարցի լուծմանը, քաղաքապետը նշեց. «Մի քանի տարի առաջ սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ վերակառուցեցինք Ծաղկաձորի գլխավոր կոլեկտորը, որը մնացել է կիսատ: Այս տարվա բյուջեով նախատեսել ենք մոտ 20-25մլն դրամ: Կոլեկտորը պետք է միանա Հրազդանի կոլեկտորին, եւ մոտավորապես մինչեւ ամառվա կեսերը կվերջացնենք»: Մեր այն դիտարկմանը, թե այդպիսով խնդիրը կհարթվի՞, Գ. Միրզոյանը պատասխանեց. «Մրցույթն արված ա, պայմանագիրը շինարարի հետ կա»: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ո՞ր ընկերությունն է մրցույթում հաղթող ճանաչվել, քաղաքապետ Միրզոյանն ասաց. «Ճիշտն ասած, ես հիմա չեմ կարող հիշել: Մրցույթն արել ենք աշնանը»: Ինչ վերաբերում են Հանքավանում եւ Հրազդանում բացվող հանքերին, քաղաքապետը նշեց. «Հրազդանում հանքի բացման մասին խոսակցություն լսել եմ, բայց Հանքավանում չգիտեմ, թե ինչ հանքի մասին է խոսքը»: Իսկ մեր այն հարցին, թե Հրազդանի երկաթի հանքի բացումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա Ծաղկաձորի շրջակա միջավայրի վրա, Գ. Միրզոյանը պատասխանեց. «Դե եթե գործընթացին ծանոթ չեմ, ո՞նց կարամ կարծիք հայտնեմ»:

Հանք` Ծաղկաձորի մո՞տ

Այս օրերին Ծաղկաձորում մետաղական հանք բացելու մասին խոսակցություններ են շրջանառվում: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` նշյալ խոսակցությունները, հավանաբար, վերաբերում են Հանքավանի հանքավայրին, որը գտնվում է Հրազդան-Ծաղկաձոր համալիրում եւ անմիջապես առնչվում է Հանքավանի գյուղի, ինչպես նաեւ` այնտեղ գտնվող բուժիչ ջրերով հարուստ աղբյուրների հետ: «Այնտեղ հիմա պղինձ-մոլիբդենի հանքավայր են բացում, որի հարեւանությամբ գտնվում են 4 արգելավայրեր, որոնցից մեկը մոտ 6700հա տարածքով` ջրաբանական արգելոց է: Այդ հանքի տեղում առաջանալու է մոտ 500մ խորությամբ խոռոչ: Դատարկ ապարները լցվելու են Մարմարիկ գետի հուները, որտեղ կլինի նաեւ պոչմաբարը»,- նշեց Հ. Սանասարյանը, ում փոխանցմամբ` նախորդ տարի աշնանը տրակտորներ էին մտցրել տվյալ տարածք` սկսելով հողային աշխատանքները: Եվ սա` այն պարագայում, երբ մի կողմից Մարմարիկի ջրամբարն են կառուցում, իսկ մյուս կողմից` ավերում են այդ համակարգը: «Փաստորեն, հեռատեսություն, վերլուծություն գոյություն չունի, ու տպավորություն է, թե մարդիկ պատահական ձեւով ինչ ուզում-անում են»,- նկատում է Հ. Սանասարյանը: