Ադրբեջանցի փախստականներին վտարում են ապօրինի շինություններից

29/03/2012

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում ապրող փախստականները, որոնք տեղահանվել են շուրջ 2 տասնամյակ առաջ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, բնակարանային խնդիրներ ունեն եւ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում ապագայում: 1994-ին կողմերի միջեւ կնքված զինադադարի արդյունքում` Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները մնացին հայկական ուժերի վերահսկողության ներքո, իսկ պաշտոնական խաղաղ համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվել: Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ համաձայնության հեռանկարների բացակայության պայմաններում, ադրբեջանցի փախստականները տարիներ շարունակ կարծես աքսորյալների կարգավիճակում են ապրում սեփական երկրում: Փախստականների հարցերով զբաղվող պաշտոնյաների խոսքերով` Գյանջայում 16.000 փախստականներ են բնակվում, որոնցից 11.000-ը գաղթել են Քելբաջարից (Քարվաճառի ադրբեջանական անվանումը)` Ղարաբաղի հարակից տարածքներից, որը ներկայում գտնվում է հայկական ուժերի վերահսկողության ներքո: Փախստականներից շատերը դեռեւս բնակվում են հանրակացարաններում, իսկ առավել հաջողակները կարողացել են տեղափոխվել իշխանությունների կողմից կառուցված հատուկ կացարաններ: «Հիմնական խնդիրը խիտ բնակեցված հանրակացարաններն են: Մեկ սենյակում 4-5 մարդ է բնակվում, երբեմն` նույնիսկ 7-8: Այս խնդրի հետ միայն մի քանի առանձին ընտանիքներ չեն բախվում, այլ Գյանջայում ապրող փախստականների մեծամասնությունը»,- ասում է Գյանջայում գործող «Tomris» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նուշաբ Մամեդովան: Կացարանների բացակայությունը ստիպել է փախստականների մի մասին ապօրինաբար դատարկ տներ զբաղեցնել եւ սեփական տներ կառուցել: Անցյալ շաբաթ այս ապօրինի «ինքնաշեն» կառույցների վերաբերյալ գործով Գյանջայի դատարանը վճիռ կայացրեց, որի համաձայն` 1993-ին այստեղ տեղափոխված փախստականների կողմից կառուցված շենքը ենթակա է քանդման: Այս ամենն այնքան արագ կատարվեց, որ բնակիչներն անգամ չհասցրեցին իրենց գույքը դուրս բերել: Փախստականների դեմ գործը հարուցվել էր Գյանջայի բնակիչ Սիյասեթ Մամեդովի բողոքի հիման վրա. նա հանդիսանում է այն տարածքի սեփականատերը, որտեղ էլ կառուցված է փախստականների շենքը: Ղարաբաղյան հակամարտության ընթացքում վերջինս համաձայնվել էր թույլ տալ փախստականներին կացարաններ կառուցել իրեն պատկանող տարածքում, սակայն այժմ ցանկանում է այն հետ վերադարձնել: «Այդ ժամանակ ես բանավոր համաձայնություն էի տվել, որպեսզի փախստականներն իրենց համար ժամանակավոր կացարաններ կառուցեն այստեղ: Բայց հետո նրանք հրաժարվեցին հեռանալ, այդ պատճառով որոշեցի դատարանի միջոցով պաշտպանել իրավունքներս»,- ասում է Մամեդովը:

34-ամյա Դուրդանա Գուլիեւան այս շենքում է ապրել 1993-ից ի վեր` այստեղ գաղթելով Քելբաջարից: «Անցյալ տարի ինչ-որ պաշտոնյա պահանջեց, որպեսզի ազատենք տունը: Բայց մենք գնալու տեղ չունեինք»,- ասում է Գուլիեւան:

Այժմ Գուլիեւայի ընտանիքը տեղափոխվել է հանրակացարան եւ ապրում է մեկ սենյակում, առանց հարմարանքների եւ առանց ավելի բարեկարգ տեղում հաստատվելու որեւէ հույսի:

Դատական պաշտոնյա Էլդանիզ Հաջիեւը պնդում է, որ բազմիցս բնակարաններն ազատելու վերաբերյալ ծանուցումներ է ուղարկել բնակիչներին, որոնք, սակայն, վերջիններս անտեսել էին: Տեղացի փաստաբան Զաբիլ Ղահրամանովի խոսքով, շենքը քանդելուց հետո բնակիչներին պետք է փոխհատուցում վճարվի բնակարաններում մնացած նրանց գույքի համար: Բացի այդ, փախստականներն իրավունք ունեն դատական կարգով փոխհատուցում պահանջել, քանի որ իշխանությունները պետք է նրանց թույլ տված լինեին դուրս բերել իրենց գույքը: Ղահրամանովը նաեւ մատնանշում է 2004թ. նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը, որի համաձայն`փախստականներին կարելի է ստիպել ազատել բնակարանը միայն նրանց այլ կացարան առաջարկելու դեպքում: Ադրբեջանի փախստականների հարցերով պետական հանձնաժողովի տեղական ներկայացուցիչ Սուլեյման Աբբասովը նշում է, որ կառավարությունը բոլոր փախստականների համար բնակարաններ է կառուցում, սակայն այս գործընթացը ժամանակ է պահանջում: Ինչ վերաբերում է բնակարաններից վտարված փախստականներին, Աբբասովը նշում է. «Եթե նրանց հանրակացարանում սենյակ չի տրամադրվել, ապա ստիպված պետք է լինեն սպասել մինչեւ փախստականների համար նոր բնակավայր կառուցվի: Հաջորդ բնակավայրը նախատեսված է կառուցել գալիք տարի»:

«Tomris» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մամեդովայի խոսքով` բնակարանների հերթում գրանցված փախստականների ցանկը շատ մեծ է, իսկ հանրակացարաններում սենյակների բացակայությունը ստիպում է նրանց առանց թույլտվության տներ կառուցել կամ ապօրինի կերպով դատարկ բնակարաններ զբաղեցնել: «Իշխանությունները վերջերս առավել ակտիվ են դարձել նման միտումների դեմ պայքարում: Իհարկե, պետք է դադարեցնել ապօրինի բնակարանաշինությունը, սակայն հարկավոր է նաեւ փախստականներին պատշաճ բնակարանային պայմաններով ապահովել: Կառավարությունն է պատասխանատու այս ամենի համար, եթե չի կարող ապահովել այդ մարդկանց վերադարձը իրենց նախկին (իրական) բնակարանները»,- ասում է նա:

Ուլվի ԹԵԼՄԱՆՍՈՅ

ANS հեռուստաընկերության լրագրող

www.iwpr.net