Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը երեկ դիմում է ներկայացրել այդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովին (ԸԸՀ)` խնդրելով իր հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ: Հիշեցնելով, որ մարտի 17-ին դիմել է հանձնաժողովին` խնդրելով հաշվի չառնել Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության մարտի 15-ի գրությունը եւ սահմանված կարգով գրանցել իրեն որպես պատգամավորի թեկնածու, իսկ ԸԸՀ-ի կողմից առ այսօր որոշում չի կայացվել, Խաչատուր Սուքիասյանը գրել է. «Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից, հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ` բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաեւ ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ»: Հիշեցնենք, որ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին գրություն էր ուղարկել, ըստ որի` վերջին 5 տարում Խաչատուր Սուքիասյանը մշտապես չի բնակվել Հայաստանում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցած շաբաթ հրաժարվեց վարույթ հարուցել այդ կապակցությամբ Սուքիասյանի հղած դիմումի հիման վրա` պատճառաբանելով, որ նրան գրանցելու լիազորությունը պատկանում է թիվ 10 ԸԸՀ-ին: