Շնորհավորել է

27/03/2012

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ըստ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիների ընթացքում համանախագահող երկրների եւ անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկված հետեւողական ջանքերի համար: Ընդգծելով, որ թեեւ Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռեւս մնում է չիրագործված, Ս. Սարգսյանը նշել է, որ, այդուհանդերձ, անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման եւ խաղաղության պահպանման համար: