Խոշոր ինքնաբացարկ

27/03/2012

ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, երեկ ինքնաբացարկ է ներկայացրել եւ հանել է իր թեկնածությունը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Մեր տեղեկություններով` Ջոնիկ Աբրահամյանի առաջադրումն ու ինքնաբացարկը թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ ներսում եղած տարաձայնությունների արդյունքն է: Այդ տարաձայնությունները վերջին շրջանում կարծես թե լուծվում էին հօգուտ Հ.Աբրահամյանի` նա վերընտրվեց ՀՀԿ ԳՄ անդամ, ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ եւ վերականգնեց ջերմ հարաբերությունները նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նույնիսկ կարծիք կար, թե խորհրդարանական ընտրություններում իրենց ցանկալի մեծամասնությունն ունենալուց հետո նա նորից վերադառնալու է իր նախկին` ԱԺ նախագահի պաշտոնին: Եվ այդ պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածության համաձայն` Ջ.Աբրահամյանը չպետք է առաջադրվեր, ինչպես չի առաջադրվել Ս.Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Եվ ՀՀԿ-ն այդ տարածքում առաջադրեց Կարինե Պողոսյանի թեկնածությունը: Վերջինս, ասում են, Հ.Աբրահամյանի բարեկամուհին է: Բայց մեր տեղեկություններով` վերջին օրերին Հ.Աբրահամյանը հասկացել է, որ իրեն տրված խոստումներն ընտրություններից հետո չեն պահպանվի, ու վերջին պահին եղբորը հորդորել է առաջադրվել: Իսկ արդեն երեկվա ինքնաբացարկն իշխանական մեր աղբյուրները բացատրում են ՀՀԿ վերնախավից Աբրահամյան եղբայրներին ուղղված արդեն ոչ թե նոր խոստումներով, այլ սպառնալիքներով: «Չեմ կարծում, որ այդ կարծիքն իրականության հետ կապ ունի: Իրականությունն այն է, որ թիվ 17-ում ՀՀԿ-ն առաջադրել եւ պաշտպանելու է Կ.Պողոսյանի թեկնածությունը: Կուսակցությունը կարծում է, որ Կ.Պողոսյանի հեղինակության եւ մեր տեղի կառույցների համախմբված աշխատանքի արդյունքում նա հաջողություն կունենա»,- երեկ մեր թղթակցին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: