2012 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ի թիվս բազմաթիվ այլ տարբերությունների, նախկիններից տարբերվում է եւս մեկ հանգամանքով. դրան մասնակցում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա, թերեւս, իշխանության նվերն է հայրենի ազգաբնակչությանը: Մարդիկ, ովքեր չորս տարի շարունակ լսել են Տ. Սարգսյանի դասախոսություններն ու այլ ձեւաչափերի լոլոները, հիմա կարող են միացնել հեռուստացույցը եւ տեսնել, թե ինչպես է այս գրագետ պարոնը մեկը մյուսի հետեւից հերքում նախկինում իր իսկ կողմից արտահայտված մտքերը կամ թեզերը, ինչպես ինքն է սիրում ասել: Օրինակ, նախօրեին Ծաղկաձորում տեղի ունեցած ինչ-որ կոնֆերանսի ժամանակ Տ. Սարգսյանը հայտարարել է, որ ներքին ֆինանսական պահանջարկն արտաքին փոխառությունների հաշվին ապահովելը խիստ վտանգավոր է, դրա համար էլ անհրաժեշտ է ստեղծել տնտեսության զարգացման ներքին հիմքեր, ինչը ժամանակի խնդիր է: Ավելի պարզ ասած` վարչապետն ուղղակիորեն ասել է, որ դրսից պարտք վերցնելը խիստ վտանգավոր է: Առաջին հայացքից միանգամայն նորմալ «թեզ» է: Սակայն, երբ այդ մասին խոսում է մինչեւ վերջերս արտաքին պարտքը խրախուսող վարչապետը, հասարակությունը, մեղմ ասած, կարող է ասել` չեմ հավատում: Հիշեցնենք, որ մինչ փորձագետները, քաղաքական գործիչները, միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը մոտենում է վտանգավոր շեմի, նույն Տ. Սարգսյանը դեմքի անվրդով արտահայտությամբ պատասխանում էր, թե նման բան ասում էին միայն չարակամները: Ծաղկաձորում Տ. Սարգսյանը խոսել է նաեւ եկամուտների հավասարաչափ բաշխման մասին, ասել է, որ «պետությունները պետք է զարգանան հավասարաչափ` «ֆինանսների վերաբաշխումը` հարուստներից դեպի աղքատներ» սկզբունքով»: Հրաշալի միտք է: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ պաշտոնավարման սկզբում Տ. Սարգսյանը հայտարարեց մենաշնորհների ու օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին: Ովքեր չեն հիշում` կարող են թերթել ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցուցակը: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, եւ, եթե Տ. Սարգսյանը շարունակի նույն ոգով քարոզել հարազատ կուսակցության օգտին, ապա ՀՀԿ-ի կարգախոսը կդառնա` Հավատանք, որ փախնե՞նք: