2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ չկայացած համագործակցությունից հետո ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խոշոր գործընթացների ժամանակ այլեւս չեն համագործակցել:
Դժվար չէր ավելի վաղ կանխատեսել, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ համագործակցող ուժերն արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին պաշտպանելու հարցում համագործակցության եզրեր չեն գտնի, որքան էլ այդ մասին հայտարարություններ անեն ու հանդիպումներ ունենան: Նրանց գործունեությունից ու հայտարարություններից նույնիսկ կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ անում են իրական համագործակցություն չարձանագրելու համար: Դա նաեւ հասկանալի է այդ ուժերի` միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից ու հայտարարություններից: Համագործակցության ինչ-որ առաջարկ են առաջ քաշում, չեն համաձայնում միմյանց պայմանների հետ, ու հետո մամուլով եւ սոցցանցերով սկսում են իրար քննադատել ու փնովել: Պարզապես այս դեպքում զարմանալի է, թե ինչու են անընդհատ համագործակցության մասին խոսում: Ավելին` նրանք նույնիսկ ամեն ինչ անելու են, որ խանգարեն իրար, բայց համագործակցություն հաստատելու ցանկության տպավորություն թողնեն, իսկ չունենալու դեպքում` նորից միմյանց մեղադրեն:
Երեւանի թիվ 7 ընտրակարգում «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանից րոպեներ հետո «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը նման օրինակներից մեկն է: Վերջինս անցած շաբաթ հայտարարեց, թե ինքը տեղյակ չի եղել, որ Ն.Փաշինյանն էլ է առաջադրվել այդ նույն տարածքում եւ, որ պատրաստ է հանդիպել ու բանակցել ոչ միայն այդ, այլեւ մեծամասնական մյուս բոլոր ընտրատարածքներում ընդդիմության մեկ ընդհանուր թեկնածու ունենալու համար: Ր.Հովհաննիսյանի այս հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ նա գործարք կամ զիջում է առաջարկում Կոնգրեսին: Ն.Փաշինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Ժառանգությունը» թիվ 7 ընտրատարածքի դիմաց ՀԱԿ-ից ակնկալում է թիվ 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներում պաշտպանել իր թեկնածուներին: Այսինքն` ի սկզբանե «Ժառանգությունն» այնպիսի պայման է դնում, որ դա ՀԱԿ-ի համար անընդունելի լինի, եւ հետո նրան մեղադրի չընդունելու համար: «Այս պահին էլ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած տրամաբանական եւ կառուցողական առաջարկի շուրջ, սակայն անտրամաբանական առաջարկների համար չի պատրաստվում զիջումներ անել, հատկապես, որ մի քանի օրից սկսում է ընտրարշավը»,- երեկ հայտարարել է Ն.Փաշինյանը: Իսկ երեկ թեեւ Ր.Հովհաննիսյանն ինքնաբացարկ հայտարարեց, սակայն համագործակցելու համար այդ նույն պայմանները թողեց ուժի մեջ: Նա, հավանաբար, այդ քայլին գնաց` ոչ թե մեծահոգությունից ելնելով, այլ հասկացավ, որ իր առաջադրվելն անհաջող պայման էր եւ դրական ազդեցություն չէր կարող թողնել կուսակցության վարկանիշի վրա: Ավելին` այն միանգամից հակառակ ազդեցությունն ունեցավ, եւ, թերեւս, դրա վատ զարգացումները կանխելու համար նա շուտափույթ ինքնաբացարկ հայտարարեց` դա մատուցելով` որպես մեծահոգություն ուղղված արտախորհրդարանական ընդդիմությանը: Այնուամենայնիվ, իր պայմանով «Ժառանգությունը» ցանկանում է Կոնգրեսին իր համար շահեկան գործարքի մեջ ներքաշել: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ կիրակի օրը հանդիպել են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը: Վերջինս ՀԱԿ-ին առաջարկել է Երեւանում պաշտպանել արդեն իրենց առաջադրած 5 մեծամասնական թեկնածուներին, ինչի փոխարեն` իրենք պատրաստ կլինեն պաշտպանել ՀԱԿ-ի 21 մեծամասնական թեկնածուներին, որոնցից 8-ը Երեւանում են առաջադրվել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե «Ժառանգությունը» զիջումների է գնում, որովհետեւ 5-ի փոխարեն` պաշտպանելու է ՀԱԿ-ի գրեթե 4 անգամ մեծ թվով թեկնածուների: Սակայն ակնհայտ է, որ այդ առաջարկությամբ նրանք փորձում են ընդդիմադիր հիմնական ուժի աջակցությունը ստանալ իրենց թեկնածուների մեծ մասի համար, այն էլ` քաղաքականապես ակտիվ մայրաքաղաքում, որտեղ Կոնգրեսին նույնպես ձեռնտու է ակտիվ լինել իր թեկնածուների նախընտրական քարոզարշավի ժամանակ: Ռ.Հակոբյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե Լ.Զուրաբյանը չի ընդունել իր այդ առաջարկը, եւ ինքն էլ նման առաջարկ չի արել: Փոխարենն` առաջարկել է համագործակցել ազատ եւ արդար ընտրություններ ունենալու համար: Իսկ Ն.Փաշինյանը երեկ հայտնել է, որ ՀԱԿ-ը «Ժառանգությանը» խնդրել է ներկայացնել առաջադրումների իրենց քարտեզը, սակայն վերջիններս չեն ներկայացրել: «Դրանից հետո էլ «Ժառանգության» ներկայացուցիչը նույն ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ, նոր է առաջարկել բանակցել: Ամեն դեպքում, ստեղծված իրավիճակից հետո ՀԱԿ-ը լսել է «Ժառանգության» առաջարկը: Նրանք որոշել են հանել իրենց թեկնածուին թիվ 7 ընտարատարածքից` դրա դիմաց ՀԱԿ-ից պահանջելով իրենց թեկնածուին հանել թիվ 1,6,4,9, 12 ընտրատարածքներից: Սա տրամաբանական չէ, եւ ՀԱԿ-ը չի ընդունել այդ առաջարկը»,- հավելել է Փաշինյանը: Նշենք, որ երեկ հնարավոր բոլոր սոցիալական ցանցերով, կայքերով «Ժառանգության» ներկայացուցիչները քննադատում եւ մեղադրում էին ՀԱԿ-ին: «Այժմ գնդակը ՀԱԿ-ի դաշտում է, ինքը պետք է ասի, թե որն է իր զոռբայության պատճառը: Այս երկիրը պարտավոր չէ անընդհատ զիջել, եւ «Ժառանգությունն», առավել եւս, նման ցանկություն չունի: Իրենք է, որ պետք է բացատրություն տան, թե ինչու մյուս ընտրատարածքներում չեն հանում իրենց թեկնածուին»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Ակնհայտ է, որ այս «ֆուտբոլային դիվանագիտությամբ» «Ժառանգությունը» պայքարում է ոչ թե իշխանության, այլ ՀԱԿ-ի դեմ: Եվ կարծես թե այդ կուսակցությունը փորձում է ոչ թե իշխանությունից, այլ ընդդիմությունից ձայներ տանել: Իսկ երեկ «Ժառանգությունը» առիթը բաց չթողեց եւ վիճարկվող թեմայից դուրս ՀԱԿ-ին մեղադրեց իշխանությունների հետ համագործակցելու մեջ: Ավելացնենք նաեւ, որ «Ժառանգությունը» առաջարկում է մեծամասնական ընտրակարգով պաշտպանել մի այսպիսի մոդել` երեք ուժերով պաշտպանել ՀԱԿ-ի` 21, ՀՅԴ-ի` 13 եւ իրենց 7 թեկնածուներին: ՀԱԿ-ից բացի, կարծես թե, այս առաջարկությանը լուրջ չի վերաբերվել նաեւ ՀՅԴ-ն: ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք մինչեւ ընտրությունները կորոշեն, թե ինչ են անելու այս եւ մնացած այլ խնդիրների հետ կապված: