«Հայաստանում ընտրությունների նկատմամբ ժողովրդի մոտ տիրում է հիասթափություն, որի պատճառը միմիայն իշխանությունն է»: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Չէ՞ որ իշխանությունը պահանջեց հավատալ: Հակառակ դեպքում ժողովրդի մոտ կարող է առաջանալ հիասթափություն, որը մյուս կողմից վատ չի»,- նշել է նա` դա դիտարկելով որպես ժողովրդին նման վիճակից դուրս բերելու միջոց: Ըստ Վ. Հովհաննիսյանի, այդ հիասթափության պատճառներից մեկը ՀՀԿ-ի համամասնական ցուցակն է: «Ամբողջ ողբերգությունն այն է, որ նրանց ունեցածը դա էր: Այդ ցուցակում կարելի էր որոշ թարմություն ակնկալել, սակայն ի՞նչ եղավ. չինովնիկը չինովնիկի հետեւից, բարձրաստիճանները` վերեւ, ցածրաստիճանները` ներքեւ, ինչն ինքնին հիասթափեցնող է»,- ասել է նա` ավելացնելով, որ դա ձեռնտու է հենց իշխանությանը` «ինչքան մարդ հիասթափվեց, չեկավ, այնքան լավ»: Հովհաննիսյանը ՀՀԿ-ի կարգախոսին նույնպես չի հավատում: Ինչո՞ւ` հարցրել են լրագրողները: «Լավ եմ անում. ես պատճառներ ունեմ չհավատալու: Ես հավատում եմ Աստծուն, ոչ թե պետական գործիչներին»,- պատասխանել է նա: Արձագանքելով Վ. Հովհաննիսյանի հայտարարություններին` ՀՀԿ-ական, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե բնական է համարում, որ Հովհաննիսյանը հավատում է ոչ թե ՀՀԿ-ին, այլ Դաշնակցությանը: «Պարոն Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է, եւ անհասկանալի կլիներ, որ չհավատար ՀՅԴ-ին, այլ փոխարենը` հավատար Հանրապետականին»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ցուցակին, ապա երեկ Վ. Հովհաննիսյանն ասել է, թե այն բավական հաջող է: «Մեր ցուցակը ընդհանուր առմամբ շատ դրական է, եւ եթե դուք ծանոթանաք առաջին քսան տեղերում հայտնված բոլորովին նոր անունների հետ, կամ առնվազն սպասեք քարոզչությանը, կտեսնեք, որ այդպիսի մարդիկ մեզ մոտ իսկապես կան»,- ասել է նա: Անդրադառնալով ընդդիմության համախմբման եւ յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմադիր մեկ թեկնածուի միասնականորեն աջակցելու կոչերին` Վ. Հովհաննիսյանն ասել է. «Չեմ բացառում համագործակցություն, բայց ես կարծում եմ, որ շատ օկրուգներում ՀՅԴ-ի համար հակառակորդ են լինելու ոչ միայն իշխանական ուժերը, այլ նաեւ որոշ քաղաքական այլ ուժեր կամ թեկնածուներ: Մենք չենք կարող, գիտեք, բոլորին մեկ սանրով սանրել ու ասել, որ բացարձակ առումով այս ճշմարտությունն ընդունելի է: Որոշ դեպքերում նման համագործակցություն կհաջողվի եւ ողջունելի կլինի, որոշ դեպքերում` ոչ»,- ասաց նա: Վ. Հովհաննիսյանը քիչ հավանական է համարում, որ ԱԺ ընտրություններից հետո ՀՅԴ-ն կոալիցիա կազմի այլ ուժերի հետ: