Արմավիրի մարզի Վանանդ գյուղ մի քանի անգամ այցելելուց հետո հնարավոր չէ, որ նոր կոշիկների կարիք չզգացվի: Փոշոտ ու քարքարոտ փողոցները սովորական են դարձել հեռավոր գյուղի բնակիչների համար: Գյուղում ասֆալտին կարոտ են նույնիսկ ընտրությունների ժամանակ, թեեւ շատերն են հույս փայփայում, որ 5 տարին մեկ իրենցով հետաքրքրվող կլինի, ու գյուղը շատ թե քիչ կբարեկարգվի: Գյուղացիներն ասում են, թե վաղուց իրենք «մարդահաշիվ» չեն, եւ ՀՀ կառավարությունն իրենց գոյության մասին չգիտի էլ: Գյուղացիների դժգոհությունն արդարացված է, քանի որ հեռավոր գյուղացիները զրկված են նույնիսկ փոխադրամիջոցից: Վանանդն ու շրջակա եւս մի քանի գյուղեր ավտոբուս չունեն: Մարդիկ դուրս են գալիս գլխավոր փողոց եւ մարզկենտրոն Արմավիր կամ Երեւան հասնելու համար կանգնում են այնքան, մինչեւ մի ավտոմեքենա իրենց տանի, կամ էլ գյուղացիների բնորոշմամբ` կախվում են Բագարան-Երվանդաշատ գյուղերի միկրոավտոբուսի դռներից, որ մի կերպ հասնեն Արմավիր: Քանի որ փողոցներն անանցանելի են, գյուղում նույնիսկ տաքսի չկա: Միակ տաքսին կիսասարք ու փոշով լեցուն «Նիվա» մակնիշի ավտոմեքենան էր, որն էլ հասցրեց հարեւան գյուղ: Մինչ հարեւան գյուղեր այցելելը մի կես ժամ փորձում էինք մարդ գտնել Վանանդի փողոցներում: 4-5 փողոց անցնելուց հետո այդպես էլ դրսում մարդ չգտանք: Այնպիսի տպավորություն էր, որ արտակարգ իրավիճակ է եղել, եւ մարդիկ լքել են իրենց տները: Համայնքապետարան հիշեցնող կիսախարխուլ շենքում նույնպես մարդ չկար: Թեեւ դուռը բաց էր, սակայն այն էական նշանակություն չուներ, քանի որ պատուհաններին ապակի չկար, եւ համայնքապետարանի շենք հանգիստ կարելի էր ելումուտ անել նաեւ պատուհանից: Փողոցներից մեկի խաչմերուկը դեռ չթեքված` ինչ-որ ձայն լսվեց: Մարդ գտնելու հույսով ոգեւորված` ավելի արագ քայլեցի ու տեսնեմ` պատի անկյունում մի տղամարդ գոմաղբի հետ կռիվ է տալիս: «Եզդիների գոմերից գոմաղբը 500 մետր ձեռքով բերում եմ, չորացնեմ, աթար սարքեմ, որ վառենք, մատղաշ երեխեք ունենք, գազի փող էլ չենք կարում տանք: Պապի եմ, իմ սիրտն ավելի է ցավում, քան ծնողներինը»,- մեզ տեսնելով` ասաց Գրիշա Սմբատյանը: Ըստ նրա` հիմա եղանակները մի քիչ տաք են, մեկ-մեկ գազ են վառում, անկողինը տաքանում է, ու երեխեքը քնում են: Իսկ ամբողջ ձմեռ փայտ ու աթար են վառել, քանի որ տանն աշխատող չունեն եւ չեն կարող գազի համար ամեն ամիս վճարել: Գ. Սմբատյանը նախ ճշտեց` արդյո՞ք իր բոլոր ասածները կհրապարակվեն, թե՞ հեռուստաընկերությունների նման` մենք էլ իր սուր խոսքերը «կկտրտենք»: Հետո սկսեց թվարկել վանանդցիների խնդիրները: Առաջինը սկսեց գյուղի խմելաջրի խնդրից: Գրիշա պապի խոսքերով` գյուղի խմելաջուրը վերցնում են արտեզյան հորից, սակայն 6-7 ամիս է` աղ է ջրի հետ գալիս: Որպես ապացույց` նա եռացրեց ջուրը եւ ցույց տվեց ամանի տակի աղի հետքը: «Խմելու ջուրը լրիվ աղ է, մարդկանց պոչկեքն արդեն շարքից դուրս ա եկել: Սկզբում լավ ջուր էր, բայց հիմա լրիվ հարամվել ա»,- ասաց Գ. Սմբատյանը: Նրա խոսքով` գյուղապետը «լավ տղա է», բայց օգնող չունի, դրա համար էլ խնդիրները գյուղում շատ են: Խոսքը դեռ չավարտած` ցույց տվեց փողոցի «մերկ» սյուները` ասելով, թե գյուղում լուսավորություն էլ չկա: «Ամոթ էլ է, Թուրքիայից մի քանի կիլոմետր ենք հեռու, գոնե լուսավորության հարցը լուծեն»,- ավելացրեց Գրիշա պապը: Նրա տղաներն այժմ ՌԴ-ում են, ու, ինչպես պապն է ասում` գործերը լավ չէ: Նա ցանկանում էր հնարավորինս շատ խոսել խնդիրների մասին ու ոչինչ բաց չթողնել: Գ. Սմբատյանը պատմեց, որ գյուղացիները չեն կարողանում հող մշակել, քանի որ «թանկ հաճույք» է: Վառելանյութը, պարարտանյութը թանկ են, մթերքի իրացման շուկա չկա, իսկ միայն ոռոգման ջրի բարձր սակագինը բավական է, որ գյուղացին հող չմշակի: «Չենք կարում նույնիսկ հող ու ջրի վարձը տանք, շատ թանկ ա: 5 հեկտար հող ունեմ, արդեն 6-7 տարի ա` չեմ կարողանում մշակել: Ստիպված մի կերպ վարձերը վճարում եմ, բայց հողը չեմ մշակում: Ամեն մեկն իրա փորի մասին ա մտածում: Մենք էլի ջհանդամը, կոմունիստների ժամանակ մեր կյանքն արել ենք, բա այս սերունդն ի՞նչ ասի»,- ասաց Գ. Սմբատյանը: Նա դեռ խոսակցությունը չէր ավարտել, երբ մոտեցավ համագյուղացիներից Հմայակ Հարությունյանը: Նա էլ սկզբում ամոթանք տվեց լրագրողներին, որ հեռուստաեթերից կյանքը ներկայացնում են «գունավոր ու հիասքանչ», ապա սկսեց լրացնել Գրիշա պապի դժգոհությունների շարանը: «Մեր կառավարությունից ենք դժգոհ: Ով հոգատար, նվիրյալ մարդ ա, ավելի շատ մարդ ա, ՀՀ-ում տեղ չունի»,- ասում է նա եւ պարզաբանում, որ ՀՀ-ում մարդը գնահատված չէ, հետեւաբար` տեղ չունի: «Երեւի սխալ բան եմ ասում, բայց օտարի լծի տակ երեւի ավելի հաճելի ապրենք: Ինչ անում է ներքին կառավարությունը, հայ մարդը, ամաչում եմ, որ հայ եմ: Զզվում եմ, որ իմ երկիրը դատարկվում ա, ու ձեռքներս ճար չկա»,- ավելացրեց Հ. Հարությունյանը: Նրա խոսքով` գյուղացին, որ այսօր հողատեր պիտի լիներ, կպներ երկրին, «թքում ու գնում է», իսկ ինքն այդ հույսով չի ապրել: «Սովետի ժամանակ, որ համարում են բռնատիրական, մենք երազանք ունեինք, որ Հայաստան պիտի միացնեինք, գետից այն կողմ հողեր ունենք, իմ պապի տունը տեսնում եմ, բայց այսօր այս եղածից եմ զզվել, հույսս էլ կտրել եմ: Մեկն էլ ես էի, որ անկախություն էինք ուզում: Որ իմանայի այսպես պիտի լիներ, բա ես նման բան կանեի՞: Ես ինձնից էլ եմ զզվում արդեն, խաբեբայի, ստորի, փչացածի դար են սարքում: Կառավարությունը բոլորին փչացնում ա»,- հավելեց նա: Ըստ նրա` ինքը հավատում էր, որ Հայաստանն ազատ պիտի լիներ, ինքնուրույն լիներ, բայց հիմա էլ վախենում է, որ մարդիկ կլքեն իրենց տունն ու տեղը եւ կհեռանան երկրից: «Ես վախենում եմ, այդ կանխատեսումները միշտ ունեցել եմ, ու հակառակի պես միշտ կատարվել են դրանք, մինչեւ Սովետի քանդվելը անկախությունը կանխազգացել եմ ու հիմա էլ կանխազգում եմ, որ անկախությունը մեզ չարիք կբերի: Գյուղում երիտասարդները չեն ամուսնանում, թողնում-գնում են, ով էլ ամուսնանում ա, երեխա չի ունենում: Փեթակի նման մարում ենք արդեն»,- ասաց Հ. Հարությունյանը: Քանի որ համայնքապետարանում ոչ ոք չկար, պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք գյուղապետ Ջիվան Մանուկյանին: Նա ասաց, թե արդեն «հեռուստաաստղ» է դարձել եւ չի ցանկանում հանդիպել լրագրողների հետ:
hetq.am