5 տարեկան Գոռը կրտսեր եղբոր ձեռքից բռնած` մտնում է ներս: Մեծավարի հանում է եղբոր բաճկոնն ու շնչակտուր, արագ քայլերով մոտենում է դատարկ կաթսաներին: Հերթով բացում է ու դրանց դատարկությունից հիասթափված` շրխացնելով փակում է: Նայում է մորը, նայում է շուրջը, որտեղ հացի փշուր գտնելն անհնար է: Եղբորն ուղեկցում է դեպի բազմոց ու ինքը անհետանում է սենյակից:
Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդաշենի հանրակացարանի այն սենյակը, որտեղ Գոռը մոր, եղբոր եւ քրոջ հետ հանգրվանել է` խորդանոցից չի տարբերվում: Ներսի օդն անդուր է, նողկալի: Գոռը ներս է մտնում, ու դռան բացվելուն պես` նրա հետ մի քիչ մաքուր օդ է ներս սողոսկում: Ձեռքին երկու մեծ կտոր հաց կա: Իրեն լրիվ տղամարդ ու եղբոր պաշտպանը զգալով` մոտենում է խեղճացած Գրիգորին, ում աչքերը սկսում են փայլել եղբոր ձեռքի հացը տեսնելիս: Սկսում են բառիս բուն իմաստով խժռել ցամաք հացի մինչեւ վերջին փշուրը: Ժպտում են իրար: «Ես պիտի ոստիկան դառնամ»,- հայտարարում է Գոռը` հանդիսավոր կանգնելով սենյակի կենտրոնում: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: «Որ պապայիս բռնեմ, տանեմ բանտ»,- պատասխանում է` վախվորած նայելով մորը, ով խիստ հայացքով սաստում է որդուն` հոր մասին արած արտահայտությունների համար: «Ո՞նց, ուզում ես ոստիկան դառնաս, որ հարազատ պապայիդ բանտ գցե՞ս»,- հարցնում եմ։ «Հա, վատն ա ինքը: Պիտի մեծանամ` պատժեմ: Ամենաշատը մամայիս եմ սիրում, բայց ինքը մեղք ա, պապաս նենց ա ծեծում… Ես մեծանամ, մամայիս պաշտպանելու եմ: Պապաս ինձ չի սիրում, դրա համար էլ մամայիս ծեծում ա, ու ես տանջվում եմ»:
Մայրը` Աիդան, 35 տարեկան է, բայց ծեր կնոջ պես հոգնած ու անտարբեր է: Սառած աչքերով նայում է որդուն ու ոչ մի խոսքի այլեւս չի արձագանքում: Կարծես եւ՛ կա, եւ՛ չկա… Վերջին անգամ Աիդայի կյանքը հարեւաններն են փրկել. «Ոռնոց ու ճվոց լսեցինք: Մեզ թվաց` երեխեքից մեկին մի բան պատահեց: Խառնվեցինք իրար ու վազելով գնացինք, որ հասկանանք` ինչ ա եղել: Դուռը մի կերպ բացեցինք, մտանք ներս ու ի՞նչ տեսնենք… Մարդը խեղդամահ ա անում, սա էլ` էն ա, էն ա, շունչը փչում էր: Եթե մի երկու րոպե ուշ հասնեինք…»,- ասում է հարեւանուհին, ով այնպիսի բաներ է պատմում, կարծես սարսափ ֆիլմից «դուրս պրծած» լինի: Աիդայի դեմքի խիստ արտահայտությունը չի փոխվում, անկյանք աչքերը մշտապես սեւեռված են ոչինչ չասող մի կետի: Դրանից առաջ էլ ամուսինն այնպես է ծեծել, որ կորցրել է գիտակցությունը: Երկարատեւ հետազոտությունից հետո մասնագետները հիպերտոնիա հիվանդություն են ախտորոշել, նաեւ խորհուրդ են տվել անմիջապես զբաղվել նյարդային համակարգի հետ ունեցած խնդիրներով: «Չդիմացա էլ… Վերջին ծեծից հետո երեխեքիս հավաքեցի ու եկա եղբորս տուն: Արդեն 10-15 օր ա` ստեղ եմ: Էլ չեմ կարում, հավատա, էլ ուժ չունեմ: Էդ օրը կտար կսպաներ, եթե Ոստիկանություն չահազանգեինք: Խմում, ծխում` գալիս, հասնում ջարդում ա: Եթե ես մնայի` հավատա, որ ողջ չէի լինի»,- պատմում է Աիդան, ով դիմել է մեր թերթի խմբագրություն` ինքն էլ չիմանալով, թե ինչ է ակնկալում մեզնից: Ասում է` Ոստիկանություն դիմելուց հետո իրավապահ մարմնի ներկայացուցիչները խորհուրդ են տվել առանձնանալ` համարելով, որ վտանգավոր է հոգեբանական նման լարված իրավիճակում միասին ապրելը: «Ես Ոստիկանությունում ասեցի, որ նա հարբելուց բացի, ուրիշ բան էլ ա անում, դրա համար էլ դրա ազդեցության տակ ամեն ինչի ընդունակ ա: Հետո, երբ սթափվում ա` չի էլ հիշում` ինչ ա արել, բայց ոչ փորձաքննության ենթարկեցին, ոչ էլ` արյունը ստուգեցին: Ինձ ասեցին` անհնար ա սենց ապրելը, ավելի լավ ա` դու դիմի դատարան»,- պատմում է Աիդան` վստահեցնելով, որ պատասխանատու է իր այս հայտարարության համար: Շուտով Աիդան կդիմի դատարան, բայց նախեւառաջ ուզում է գտնել բռնության ենթարկված կանանց հարցերով զբաղվող որեւէ կազմակերպություն, որպեսզի իրավաբանական խորհրդատվություն ստանա: Ասում է` դատարանով կկիսեն մի քանի քմ կազմող հանրակացարանի այն սենյակը, որն ամուսնու հետ համատեղ են գնել: «Բայց կարող ա կիսելուց հետո էլ ծախի, ու փողերը ձեռքիցս առնի: 7000 դոլարի պարտք ունի: Որտեղ աշխատել ա, էդ հիմնարկի փողերը տարել խմել ա ու պարտքերը գլխիս ա լցրել: Սկզբում ԺԷԿ-ում էր աշխատում, պետական փողերը տվել էր խմիչքի, Սանսեկտորում աշխատեց, գումարներն էր հավաքում` դա էլ էր ծախսել, հետո էլ էդ արտասահման որ խոսում են` էդ քարտերն էր վաճառում` էդ փողերն էլ վերցրել-փախել էր: Հնարավոր չէր, հասկանո՞ւմ ես: Էդքանից հետո էլ, էդ փողերով առած խմիչքով ու եսիմինչ զիբիլով անջատված գալիս, տալիս սպանում էր: Օր ա եղել` երեք անգամ Ոստիկանությունից մարդ ա եկել: Էնքան ա գլուխս պատերին խփել, որ ատամ էլ չի մնացել»,- պատմում է Աիդան` վստահեցնելով, որ թեեւ 10-15 օր է, ինչ հեռացել է ամուսնուց, այդուհանդերձ, նա արդեն ուրիշ կնոջ հետ է ապրում: Աիդան մեծ աղջիկ էլ ունի, որն ի ծնե մտավոր թերզարգացած է ու կակազում է: 18-ամյա Գայանեի հոգեբանական վիճակը լրիվ խեղաթյուրված է, քանի որ ապրել է մի տանը, որտեղ ամեն օր հայհոյանք է լսել ու ծեծ ու ջարդ է տեսել: Այս տան բոլոր անդամներն անսովոր են ու ոչ ադեկվատ վարքագիծ ունեն: Աիդան այնքան չարացած ու նյարդային է, որ պատրաստ է ամեն ինչի: Տղաներից Գոռը միայն մի բանի մասին է երազում` մեծանալ ու հորից վրեժ լուծել, պատժել նրան: Ամենափոքրը` Գրիգորը, միակ բանը, որ ասում է, հետեւյալն է. «Ուզում եմ մանկապարտեզում մնամ»:
Աիդան հիմա կատարել է իր կյանքի ամենավճռական քայլը ու հայտնվել է փակուղու առջեւ: Հիմա աշխատանք է փնտրում, որ կարողանա երեխաների հոգսերը հոգալ: Շուտով պատրաստվում է դատարանում հայց ներկայացնել ու պաշտպանել իր իրավունքները: Գոռն ու Գրիգորը խժռում են ցամաք հացի վերջին փշրանքները: Նրանց հայրը հիմա ուրիշ կնոջ հետ է ապրում: Աիդայից խնդրում եմ ամուսնու հեռախոսահամարը, որ իրեն նույնպես լսեմ։ «Չունի հեռախոս, ինչքան ունեցել ա, ծախել խմել ա: Նա Ձեզ ոչինչ էլ չի ասի, որովհետեւ ասելու բան էլ չունի: Ես պատասխանատու եմ ամեն բառիս համար, ու էն, ինչ Ձեզ ասել եմ` Ոստիկանությունում իմ ցուցմունքների մեջ կա»,- ասում է Աիդան:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք ներկայացնել նաեւ Աիդայի ամուսնու տեսակետը: